Sevak

ՈՒԹՆՅԱԿՆԵՐ

Ինչ էլ որ անես - հարյուրը` հարյուր

Ինչ էլ որ անես - հարյուրը` հարյուր,
Հազարն էլ հազար է մնում:
Հա՜ զույգ փռշտա - մրսելը` մրսել,
Հազալն էլ հազալ է մնում:
Ինչքան սիրտըդ տա` սաղարթից խոսիր
Ու վարդից խոսիր մայիսյան,-
Ախար ի՜նչ օգուտ - աշունը` աշուն,
Խազալն էլ խազալ է մնում:

Ուրիշ ես դառնում ամեն օր

Ուրիշ ես դառնում ամեն օր-
Իրենն է անում տարիքըդ.
Առնելիքդ ուրիշ է թվում,
Ուրիշ է թվում տալիքըդ:
Խստադեմ գալիքն է նայում.
Քեզանից ի՞նչ պիտի մնա,
Երբ անցնի օրվա հետ մեկտեղ
Օրերի փրփուր ալիքը:

Նորից երգում, մորմոքում է

Նորից երգում, մորմոքում է
Աստվածային Կոմիտասը:
Կախարդում է ու մոգում է
Աստվածային Կոմիտասը...
Ամենասուրբ դու նահատակ,
Ամենահա՜յր, ամենահա՜յ,
Գինու կարասն` ուրիշներին,
Մեզ հերիք է քո մի թասը...

Հեշտ բան չէ, ջա՛նըս, ճիշտ ժամանակին

Հեշտ բան չէ, ջա՛նըս, ճիշտ ժամանակին
Զարկել տագնապի սուր ահազանգը:
Չէ՞ որ երբ չկա դեռ ժողովածուն,
Չես կարող կազմել դու նրա ցանկը:
Հանկարծակի է պայթում վտանգը,
Բայց նա ուռչում է դանդա՛ղ, աննկա՛տ,
Դանդա՜ղ, աննկա՜տ` մետաղից ծնվում
Ու նույն մետաղն է կրծոտում ժանգը:

Անհարմար է բոբիկ քայլել

Անհարմար է բոբիկ քայլել,
Այս կոշիկն էլ շատ է նեղում:
Ինչպե՞ս քայլել առանց ուղու,
Այս ճամփան էլ շատ է շեղում:
Դոփել տեղո՞ւմ: Բայց դրանից
Ո՛չ կոշիկըդ կլայնանա,
Ո՛չ էլ ցավը կմեղմանա...
Ցա՜վն է հաճախ առաջ մղում:

Lilas