Sevak

ՈՒԹՆՅԱԿՆԵՐ

Իսկ ինչո՞ւ, ինչի՞ համար

Իսկ ինչո՞ւ, ինչի՞ համար
Այս մեկին ուշք չեք դարձնում.
Մի ասեղ պիտի առնի`
Պողպատի փութն է հարցնում,
Իսկ կողքին թե մարդ չկա`
Էլ ի՜նչ հարց - ի՜նչ պատասխան,-
Թե հավը ձեռքից թռավ`
Անփետուր ճուտն է վերցնում:

Սա տուն չի շինել

Սա տուն չի շինել`
Գիտի, թե սյունը տան մեջ է բուսել:
Նա, որ չի վազել`
Անցնե՜լ է ուզում, ոչ միայն հասնել:
-Խոսելը հեշտ է, հոսե՜լն է դժվար-
Հո՛ւն է հարկավոր,
Սյունը չի բուսնի,
Ինչքան էլ գոռաս.
         «Տո՜ւն է հարկավոր»:

Սա, թե տեղն եկավ

Սա, թե տեղն եկավ`
Աջով գրածը ձախով կջնջի,
Սա, թե նեղն ընկավ`
Մոր սիրողին էլ «հայրիկ» կկանչի,
Սա, թե բեղը կա`
Միրուք կսարքի մազից էլ ձկան...
Ճիշտ է, դեղը կա,
Սակայն այս ցեղը բուժելու բան չի:

Ականջովը մեկ

Ականջովը մեկ
Թթու թան չարժե,
Կարծում է` պիտի
Եվ լեռներ շարժե,
Իսկ լեռներն, ինչ խոսք,
Չեն շարժվում տեղից,-
Նա կարող է լոկ
Աթոռներ շարժել:

Այս տի՞պը: Քո տանը լակում

Այս տի՞պը: Քո տանը լակում՝
Ուրիշի դռանն է հաչում,
Ուտում է իր կուտն ա՛յս բակում՝
Ձուն ածում է մեկ ուրիշ քուչում:
Դու, ի՞նչ է, չգիտես ինչո՞ւ:
Զգայուն առագաստ ունի.
Հասկանում, զգում է իսկույն,
Թե քամին ո՛ր կողմն է փչում:

Lilas