Sevak

ՈՒԹՆՅԱԿՆԵՐ

Նույն հին վանքն է

         Նույն հին վանքն է,
Բայց այլևս սուրբ չի թվում այս վանքը:
         Նույն լեզվակն է,
Բայց մի տեսակ կեղծ է հնչում այս զանգը:
         Հանգը տեղը, վանկը տեղը`
Ոտանավոր է կարծես,
         Նույնիսկ վաղուց անգիր գիտես,
Բայց... կորել է հուզանքը:

Հիմար ժպիտով

Հիմար ժպիտով
Ծածկում եմ վերքըս -
Ներսից սև՜-սև՜ է,
Դրսից է ներկըս...
Ինքս ո՞նց դառնամ
Հեքիաթի տղան
Եվ ինձ ո՞նց ասեմ.
-Արքա՛, դու մե՜րկ ես...

Եթե ասեմ

Եթե ասեմ`
Բոց կլինի,
Եթե չասեմ`
Խոց կլինի...
Ինքդ ասա.
Ես ի՞նչ անեմ,
Բա իմ բանը
Ո՞նց կլինի:

Տանը լինեմ, լինեմ մայթում

Տանը լինեմ, լինեմ մայթում`
Քո ծիծաղն է դեմքիս ցայտում,
Քո ժպիտն է ամեն կողմից
Արևի պես ճառագայթում:
Ազատ զգամ, զգամ գերված,-
Միևնույնն է, սիրտըս իրեն
Միշտ զգում է ինչ-որ անտես
Որոգայթո՜ւմ, որոգայթո՜ւմ:

Իմ սրտի սյունը

Իմ սրտի սյունը
Տեղից խախտել են...
Իմ տան սրբերը 
Ո՞ւր են - գաղթել են...
Փառք ու հաղթանակ
Իզո՜ւր մաղթեցին,-
Չգիտեմ` ովքեր,
Բայց ինձ հաղթել են...

Lilas