Sevak

ՈՒԹՆՅԱԿՆԵՐ

Աչք մտնելու համար նա մի հատ է

Աչք մտնելու համար նա մի հատ է,
Բիբ փորելու համար` արդեն երկու:
Բայց գիտե՞ք, թե ինչն է,
Որ ամենից վատ է.
Մաթեմատիկական այս անհայտը
Հայտնի՜ քննադատ է,
Եվ ինչո՞վ է հայտնի-
Ինքն իրեն է հերքել + ինքն իրեն է հերքում...

Ինքը հոպոպն է հոտած

Ինքը հոպոպն է հոտած,
Կարծում է` բույնն է հոտած:
Սևջուր առուն ճահճացել,
Կարծում է` հունն է հոտած:
Եվ հակառակն է լինում.
Ի՞նչ ես ուզում խեղճ թխսից`
Առողջ ճտեր ո՞նց հանի,
Թե տակի ձուն է հոտած:

Ձյունը ի՞նչ է իմանում

Ձյունը ի՞նչ է իմանում,
Թե աղքատը փայտ չունի.
Ճամփան ի՞նչ է իմանում,
Թե ձին ոտքին պայտ չունի:
Բայց ես գիտեմ. ով երեկ
Շեն տներ է ավիրել,
Ինչքան զղջման խոսք ասի`
Մե՜կ է , խղճի խայթ չունի՜:

Ա՜խ, արդեն ականջ է ծակում

Ա՜խ, արդեն ականջ է ծակում
Այս անվերջ զնգոցն ու զանգը,-
Լավ երգը կրկնել տուր անվերջ`
Կցնդի նախկին հուզանքը:
Թե ջուրը նույն ափն է ծեծում`
Լճակ է և կամ ճահիճ է,-
Մաքո՛ւր ջուր, հոտա՛ծ ջուր չկա,
Գործում է միայն հոսա՜նքը:

Սարն ի՞նչ գիտե

Սարն ի՞նչ գիտե`
Տուժն ինչ է,
Չշտապողը`
Ուշն ինչ է:
Թե դատարկ է
Անցյալըդ,
Ի՞նչ իմանաս`
Հուշն ինչ է:

Lilas