Sevak

ՆՈՐԻՑ ՔԵԶ ՀԵՏ

Ո՞Վ ԳԻՏԻ

Դու այնքան չքնաղ, այնքան սիրուն ես,
Այնպես գերում ես, այնպես կախարդում.
Դու խայտանք բերող մատաղ գարուն ես,
Որ ամեն ինչ է իր ճամփին հարթում:
 
Չգիտեմ՝ իրոք դո՞ւ ես գեղեցիկ,
Թե սիրո համար լավ է և վատը,
Ինչպես որ սուրբ էր հին եկեղեցի՞ն:
Թե՞ սուրբ է եղել միայն հավատը... 
 
Երևան
15.IV.1948թ.

ԻՆՉՔԱՆ ԷԼ ԹԱՆԿ ԼԻՆԻ

Ես գիտեմ. կհանդիպենք դեռ,
Եվ դու էլ ինձ կանես հարցում.
«Էլ մի՞թե քո սրտում չկա
Իմ հանդեպ ոչ մի զգացում»: 
Չեմ դիմել ատամնաբույժի,
Բայց հարցիդ պատասխանն ունեմ.
«Ինչքան էլ թանկ բան է ատամը,
Ցավելիս հանում են - գցում»... 
Մոսկվա
22.IV.1956թ.

ԶՈՒՐ ԵՍ ՀԱՄԲԵՐՈՒՄ

Նույն աշնան օրն է պղտոր ու խոնավ,
Նույն մառախուղն է հողը համբուրում,
Միայն չկա քո պատկերը խոնարհ,
Եվ օրը այսօր շատ է համբերում:
 
Տխուր է օրը բոլորի՞ համար,
Թե՞ ես եմ այսպես դժվար կարոտել.
Տերևաթափ է ամենո՞ւր հիմա,
Թե՞ միայն ես եմ թևաթափ քո դեմ:
 
Եվ ո՞ւր ես հիմա, տխո՞ւր ես, տրտո՞ւմ,
Դո՞ւ էլ ես հիշում այն օրը խոնավ,
Երբ աշնան ցրտին վառվեց իմ սրտում
Մի տաքուկ արև՝ քո տեսքով խոնարհ.
 
Երբ բախտը թվաց այնքա՜ն ձեռնասուն,
Երջանկությունը՝ այնքա՜ն ընտանի,
Լռությունն անգամ երբ դարձավ խոսուն,
Պահանջե՛ց, խնդրե՛ց, հայցե՛ց ընտանիք...
 
...Նույն աշնան օրն է պղտոր ու խոնավ,
Նույն մառախուղն է հողը համբուրում,
Բայց չկա՛, չկա՜ պատկերըդ խոնարհ,
Եվ չի՛ էլ լինի,- զուր եմ համբերում...
Չանախչի
13.VIII.1956թ.

ԶԱՐՄԱՆԱԼԻ ԲԱԽՏ

Զարմանալի բախտ էր մեր բախտն այս աշխարհում.
Կո՞ւյր ասեմ, թե աչքերն ամուր քողով ծածկած...
Մենք բաց աչքով նայում էինք դեպի հեռուն
Եվ փակ աչքով հեռու վանում ամեն կասկած:
 
Խնդության պես մի բան կար միշտ այն խաղերում,
Որ՝ տանջվելով՝ խաղում էինք ամեն անգամ,
Երբ բաց աչքով մեզ էր նայում անսիրտ հեռուն
Եվ սպառնում մեր հրդեհը տեսնել հանգած...
 
Հիմա արդեն բաժանված ենք: Էլ ո՛չ մի հարց,
Էլ ո՛չ մի խաղ, ո՛չ մի կասկած մեզ չի տանջում,
Բաց աչքերով մեզ նայելիս՝ ի՜նչ վերադարձ,
Բայց աչքը փակ մենք իրար ենք դեռ անրջում...
Երևան Չանախչի
17.IV.1946թ. 13.VIII.1956թ.

ԵՐՋԱՆԿՈՒԹՅՈՒՆ

Երջանկությո՛ւն, թող որ նայեմ ջինջ աչքերիդ,
Ու թարթիչներըդ թող բնավ չթարթըվեն:
Շա՜տ անգամ եմ ես կամեցել դառնալ գերիդ,
Իսկ դրա տեղ քո կռնակն ես ինձ ցույց տվել:
 
Հազիվ հիմա դու մոտեցել ես քո կամքով,
Դու եկել ես և, փոխարկված զույգ ձեռքերի,
Վզովս ընկել, փաթաթվել ես ծով քնքշանքով
Ու ժպտում ես թովի՜չ այնքան, այնքան գերի՜չ:
 
Եթե սիրում ես երևալ հանկարծակի,
Ինչպե՞ս քեզ հետ ժամադըրվել և ի՞նչ ճամփով:
Երևալըդ թե նման է հուր-կայծակի,
Ինչպե՞ս խնդրել, որ չլինի երկինքն ամպոտ:
 
Եթե թողնում, մեզ լքում ես նրա համար,
Որ երազված լինի նաև քո այցը նոր,
Էլ ի՞նչ իմաստ, ինչի՞ համար խնդրել հիմա,
Որ մի քիչ էլ մնաս ու տաս սեր ու ցնորք:
 
Գնա-արի, եկ ու գնա, հիշիր սակայն,
Որ քեզ կարոտ, իրար կարոտ սիրող մի զույգ
Տառապանքի ու ցավի մեջ ամեն վայրկյան
Կրկին դարձիդ են սպասում անարտասուք... 
Մոսկվա
20.X.1955թ.

Lilas