Sevak

ՆՈՐԻՑ ՔԵԶ ՀԵՏ

ՆԱԽԵՐԳԱՆՔ

Ես լեռներից իջնում եմ ցած՝
Պղտորությունըս պարզելով,
Ինչ-որ չափով հարստացած,
Ինչ-որ չափով նվազելով:
 
Ելման գետն իմ ջահելության
Սահանքները իր փոթորկուն
Փոխարկում է մի մեղմության,
Որ խռովքն է պահում խորքում:
 
Դեմըս դաշտն է, հովիտն արձակ,
Կանաչապատ և ծառալի:
Զուր վատնումն է արդեն հանցանք,
Աղմըկելը՝ ծիծաղելի: 
Մոսկվա
20.II.1952թ.

ՀԱՅԱՍՏԱՆ

Իմ քաղցրանո՜ւն,
Իմ բարձրանո՜ւն,
Իմ տառապա՛ծ,
Իմ փառապա՛նծ:
Հների մեջ՝ դու ալեհեր,
Նորերի մեջ՝ նոր ու ջահել.
Դու՝ խաղողի խչմարված վազ,
Վշտերըդ՝ ջուր, ինքըդ ավազ.
Դու՝ բարդենի սաղարթաշատ,
Առուն ի վար փռված փշատ.
Դու՝ կիսավեր ամրոց ու բերդ,
Մագաղաթյա մատյանի թերթ.
Դու՝ Զվարթնոց - ավեր տաճար,
Կոմիտասյան Ծիրանի ծառ.
Դու՝ ջրաղաց խորունկ ձորում,
Դու՝ հորովել անուշ ծորուն,
Փայլ գութանի արծաթ խոփի.
Դու՝ նե՛տ, նիզա՛կ, մկո՛ւնդ կոպիտ,
Դու՝ հայրենի ծխանի ծուխ,
Դու՝ անգի՛ր վեպ, դու՝ Սասնա ծո՜ւռ...
 
Իմ փառապա՛նծ
Իմ տառապա՛ծ,
Իմ բարձրանո՜ւն,
Իմ քաղցրանո՜ւն:
Դու՝ մրգերի շտեմարան,
Ոսկեվազյան գինու մառան.
Դու՝ թավշե դեղձ, դու՝ փրփուր հաց,
Արտաշատյան խաղող սևաչ.
Դու՝ Սևանի վառվող կոհակ,
Երևանի սյուն ու խոյակ.
Դու՝ հանգրվան, կանչող փարոս,
Դու՝ հայկական գերբ ու դրոշ.
Խոսուն վկա կոտորածի 
Ու վճիտ աչք ցամքած լացի,
Արդարության ահեղ ատյան,
Սրի պատյան,
Սիրո մատյան -
Միշտ հի՛ն ու նո՛ր իմ Հայաստան: 
Երևան
11.XI.1950թ.

ԻՄ ԺՈՂՈՎՐԴԻՆ

Զարմանքով եմ ես միշտ նայում քո անցյալին,
Քո անցյալին և՛ տանջալից, և՛ պանծալի:
 
Ինչպե՞ս ես դու կտրել այդքան երկար ճամփա,
Երբ նա՝ խճոտ, ու երկինքդ է եղել ամպած:
 
Ինչպե՞ս ես դու, մեղվի նման, անգամ թույնից
Նեկտար քաղել, մեղըր քամել դառնությունից՝
 
Պանդխտության քո կսկիծը դարձրել «Կռունկ»
Եվ «Հորովել» դարձրել վերքդ, ցավըդ խորունկ:
 
Երբ հեղեղներն անց են կացել հոխորտալով,
Ինչպե՞ս ես դու քո աղբյուրի մի բահ ջրով
 
Միշտ շեն պահել ջրաղացը ձորի խորքում,
Նոր կյանք տվել ծեծված արտին, ջարդված այգուն:
 
Հազար անգամ դու ընկնելով՝ ինչպե՞ս ելար,
Ո՞նց ապրեցիր՝ հազար անգամ երբ դու մեռար:
 
Ի՞նչ հրաշքով չմարեցիր, ինչպես նրանք,
Որ մե՜ծ էին, հրդե՜հ էին, իսկ դու՝ կրա՛կ:
 
Բայց գիշերվա մթության մեջ ահազարհուր
Դու այնպիսի կրակ էիր, այնպիսի հուր,
 
Որ վառվում էր պաղած քարին գրակալի,
Շինականի ցուրտ հյուղակին կրակ տալիս.
 
Որ վառվում էր քո դուստրերի մութ աչքերում,
Արյուն դառնում որդիներիդ երակներում.
 
Որ օջախ էր, խաղաղ կյանքում խաղաղ օջախ՝
Թոնրի կրակ, ծխանի ծուխ, կերոն ու ջահ,
 
Բայց վրեժի ահեղ բոց էր ահեղ մարտում
Եվ հրախաղ, որ հաղթանակ էր ավետում...
 
Եվ չի մարել նա դարերում մահամնա,
Մնացել է, որովհետև մի հուր էր նա,
 
Որ չի մարում օտար հողմից, այլ արծարծվում,
Եվ ավերիչ հրդեհի պես չի տարածվում... 
Երևան
14.XI.1950թ.

ԴՈՒ ԱՅՍՊԵՍ ԵՍ ԵՂԵԼ

Քո արյան և քո շինարար մուրճի
Հետքերն է կրում այստեղ ամեն քար:
Զուլալ ջրերըդ նման են խղճիդ.
Քեզ քաջ են կոչել, կոչել են տկար,
Բայց ոչ... տիրակալ:
 
Դու մերթ զարկվել ես, մերթ զարկել չարին,
Քեզ մերթ գերել են, նվիրել իրար:
Դու մերթ եղել ես անհաղթ ու արի,
Մերթ դաժան եղել, մերթ մեղմ ու բարի,
Բայց ոչ... անիրավ:
 
Քեզ այսպե´ս գիտի թշնամիդ անգամ.
Մի ձեռքիդ՝ սուսեր, մի ձեռքիդ՝ մանգաղ,
Մերթ ճարտար գրիչ, մերթ՝ փորագրիչ,
Մերթ՝ օրինապահ, մերթ՝ աղանդավոր,
Միշտ՝ տաղանդավոր... 
Երևան
14.XI.1950թ.

ՀՊԱՐՏ ԵՄ ԵՍ

Հպարտ եմ ես նրա համար, 
Որ փառահեղ՝ պատմությունըդ, 
Եվ անունըդ այնքան հին է: 
Հպարտ եմ ես նրա համար, 
Որ փլվել է թեպետ տունըդ, 
Բայց չի խախտվել նրա հիմը: 
 
Հպարտ եմ ես, որ քեզ համար 
Որդիներըդ դարեր ընկան, 
Որ սուրբ պահեն քո անունը: 
Հպարտ եմ ես, որ քեզ համար 
Թանկ է եղել թանաքն այնքան, 
Որքան կարմիր քո արյունը: 
 
Հպարտ եմ ես քո մատների 
Ճարտարությամբ անհատնելի, 
Քեզ թարգմանող քո գրքերով: 
Հպարտ եմ ես անվամբ քո սուրբ, 
Լեզվով, որով երբ չես խոսում՝ 
Նույնն ես ասում քո երգերով: 
 
Հպարտ եմ ես քո անցյալի 
Մաքառումով ու պայքարով, 
Տոկունությամբ, կամքով համառ: 
Հպարտ եմ ես քո պանծալի, 
Քո լուսավոր այս ներկայով, 
Որ… գալիք է այլոց համար: 
Երևան
03.VI.1951թ.

Lilas