Sevak

ՆՈՐԻՑ ՔԵԶ ՀԵՏ

ԲՆԱՆԿԱՐ

Կինոկադր է կարծես. հրդեհվել է բարդին,
Արծաթին է տալիս շաղակրատող առուն,
Կալսիչն է կտկըտում, և մղեղը հարդի
Կանանց, աղջիկների թարթիչներին թառում:
 
Կարմիր փոխանցիկը ծածանվում է կալում,
Հսկա դեզի շուքը երկարում է այնպես,
Այդ ստվերն է կարծես շուտով սկիզբ տալու
Իրիկնային մթին: Մինչդեռ հեռվում կարծես
 
Զարդարվելով հազար ծփուն դրոշներով՝
Հորիզոնն է զուգում մայրամուտը շռայլ,
Իր լուսավոր ձեռքը հերթով դրոշմելով
Բարդիների, դեզի, բլուրների վրա:
 
Հետզհետե օրը հանդարտվում է, լռում:
Իլյիչի լամպերն են թարթում գորովանքով:
Պարզ լսվում է, թե ոնց ծիծաղում են առուն
Եվ սիրահար զույգը՝ փշատենու ներքո... 
 
Մոսկվա
17.I.1952թ.

ԼԵՌՆԱՅԻՆ ԳԻՇԵՐ

Դաշույնաձև լեռներ, որ չեն խոցում սակայն,
Եվ անդունդներ, վիհեր՝ նման խորունկ վերքի,
Ու սլացիկ բարդի, ասես կանաչ մի կայմ,
Որ նավում է դեպի ծովածավալ երկինք:
 
Հետո՝ դեղին արտեր, հետո՝ արտեր թառած
Մեկ այս, մեկ այն սարի կարկատանված լանջին.
Հետո՝ լույս ու օջախ, կանանց ձեռքով վառած,
Որ տնովին նստեն իրիկնային հացի:
 
Հետո՝ մի պաղ լուսին, որ կախվում է ձորից՝
Վայր ընկնելու վախից ամբողջովին ճերմակ.
Եվ աստղազարդ գիշեր, և մի քամի, որից
Կտրին խշխշում է մի ծաղկաչիթ վերմակ...
 
Ու քնում է գյուղը վաստակաշատ քնով:
Միայն տակտ են տալիս կալսիչները կալի,
Եվ մի ջահել սիրո՞ւց, թե խմիչքից գինով,
Երգով երազում է «բարակ բոյով յարին»:
 
«Բարակ բոյով յարին», որ չի քնել գուցե
Եվ ծաղկաչիթ - նախշուն վերմակի տակ, կտրին,
Նվաղկոտ աչքերը երազանքով գոցել,
Վախենում է շարժվել - հանկարծ երգը կտրի... 
Երևան Մոսկվա
16.VI.1951թ. 29.II.1952թ.

ԼԵՌՆԱՇԽԱՐՀՈՒՄ

Այնտեղ սողում է բիլ շամանդաղը
Ու կիսով ծածկում ցից Յամանդաղը:
 
Արաքսը անցած վայրի հովազը
Թաթնահարում է խաղողի վազը:
 
Քամին անտառի մազերն է գզում,
Կիրճերում ոռնում, փչակում հազում:
 
Լեռնային գետը թռչում է տեղից՝
Կարծես իր անտես որսի ետևից:
 
Իսկ մարդը... Մարդը քար ու քարափում
Բովանդակ տարին քրտինք է թափում,
 
Որ զուր չկորչի և ոչ մի պուտ ջուր,-
Պուտ-պուտ շոր հագնի աղջիկն իր պուճուր.
 
Եվ ոչ մի հատիկ չմնա դաշտում,
Որ հաց ունենա իր տղան տաշտում.
 
Եվ ոչ մի ողկույզ չմնա այգում,
Որ մայրն ունենա տաքուկ վերարկու:
 
Որ ընդունիչը ձմեռվա ցրտում
Դրվատի վաստակն ու ջանքը մարդու
 
Եվ, բացի խինդից ու առատ բերքից,
Մեմ-մեկ էլ մարդու... հոգսերից երգի... 
Չանախչի
15.VIII.1956թ.

ԱՐՏԵՐՆ ԵՆ ԾՓՈՒՄ

Առավոտն այնտեղ կանուխ է այնքան
Իր աչքը բանում
Եվ այնքա՜ն հանկարծ, որ միտք ես անում,
Բայց չես հասկանում:
 
Մութը քաշվում է ծմակ ու քերծեր,
Իսկ հետո՝ շոգին
Սարատափի տակ, քար ու թփի տակ
Փոխարկվում շուքի:
 
Իսկ լո՜ւյսը... Լույսը հեղեղի նման
Վարարո՛ւմ, հորդո՛ւմ,
Սարերն է բռնում, երկինք է հառնում,
Լճանում սրտում:
 
Իրիկվա քամին զարթնում է հանկարծ
Եվ միանգամից,
Ինչպես բուրավետ իր օրորոցում՝
Երեխան քնից:
 
Արտերն են ծփում, ալիքվում այնպես
Գժորե՜ն, կարծես
Երբեք չե՛ն զսպվի, երբեք չե՛ն դառնա
Կաշկանդված խրձեր... 
 
Չանախչի
15.VIII.1956թ.

ԻՆՔՆ ԻՐԵՆ ՀԵՏ

Քրտնքից խաշված իր հին գլխարկը թեքած աչքերին,
Ինքն իրեն հետ է առնում ու տալիս Մարտիրոս քեռին.
 
«Ախար, ա՛յ հոգիս, էս ո՞նց կլինի աշխարքի բանը»,-
Ու ջրաղացում տրված օրդերն է կոխում գրպանը:-
 
Խոսքի օրինակ, ա՛յ, հենց մեր զալում պահեստապետը:
Մինչև որ ձեռքիդ զոմբախ չունենաս՝ չես խոսի հետը:
 
Շներին կապել ու բաց են թողել էդ տնավերին,
Ինչ է թե երեկ շրջկոմ է ընկել իր քեռու քեռին:
 
Բայց դե աշխարքըս ո՞ւմն է մնացել, որ դրանց մնա,
Անարդար բանը անոթի շանն էլ, չէ՜, կուլ չի գնա:
 
Ա՛յ, էսքանն էլ ճիշտ (զույգ փռշտում է Մարտիրոս քեռին,
Եվ դրանից էլ գլխարկն է իջնում, կախվում աչքերին):
 
Նա - և կոմունի՞ստ: Գիտի-չգիտի մի «ուռռա», «կեցցե»:
Տո՛, ի՜նչ կոմունիստ... Թե դրան վերցնես ու թոնիր գցես,
 
Վրայից անգամ կոմունիստ մարդու մշահոտ չի գա...
Ա՜յ, ինչ եմ ասել, թողնես՝ ամենքին կպցնի «հակա»:
 
Դեհ, էլ ո՞ւմ ասեմ, որ քսան տարի էդ մարդու տղան
Ձեռքը չի բռնել ո՛չ մանգաղ, ո՛չ բահ, ո՛չ փոցխ ու եղան.
 
Կա՛մ հանդապահ է, կա՛մ կալի հսկիչ,- ման գալիս էշխով,
Ուշունց է տալիս - և դրա համար ստանում աշխօր:
 
Բենզին է տանում տրակտորիստին - ինչ խոսք որ ԳԱԶ-ով,
Մսի մթերման տավարն է հանձնում - էն էլ ի՜նչ նազով:
 
Բա լսվա՞ծ բան է. չորս - հինգ փութ ցորեն ջաղաց ես տանում,
Նա՝ օրդեր գրում, դրա համար էլ... աշխօր ստանում:
 
Թե իրեն ասես՝ մի բան չես արել էս քսան տարում,
Կասի՝ ժողովո՜ւրդ, սա մեր կարգերի հիմքերն է փորում:
 
Թե մեկ էլ ասես, կգոռա՝ բա ո՞նց, պարտիական եմ:
Է՛հ, ի՜նչ դուրս եկավ. նա՝ պարտիական, ես պարտակա՞ն եմ...
 
Քրտնքից խաշված իր հին գլխարկը թեքած աչքերին,
Ինքն իրեն հետ է առնում ու տալիս Մարտիրոս քեռին:
 
Չգիտի քեռին, որ այդ նույն պահին իրենց շրջկոմում
Պահեստապետին ու նրա քեռուն պատին են գամում... 
Մոսկվա
15.V.1954թ.

Lilas