Sevak

ՆՈՐԻՑ ՔԵԶ ՀԵՏ

ՍԻՐՏՍ ՆՄԱՆ Է

Ա՜խ, սիրտս նաև նման է կարծես... 
 
Նման է կարծես նա մի թութակի, 
Որ ո՜ղջ ժամանակ նույն բանն է ասում. 
-Ես քեզ եմ ուզում... 
 
Նման է կարծես նա մի ջութակի, 
Որ միա՜կ լարով յոթ լարից շատ է 
Ազդում ու հուզում... 
 
Նման է կարծես մի ջինջ վտակի, 
Որ տարբե՜ր հունով, բայց դեպի քեզ է 
Շարունակ վազում... 
 
Նման է կարծես մի պատատուկի, 
Որ գոտու նման փաթաթվում է քեզ
Եվ շա՜տ է սազում... 
 
Նման է կարծես մի խոր հատակի, 
Որ ուրիշներին փետուրի նման պահում է վերև 
Եվ միայն քե՜զ է իր խորքը սուզում...
 
Մոսկվա
04.II.1954թ.

ԻՆՉ ՄՆԱՑ

Աչքերըս միշտ լույսի սովոր՝ 
Ես հիմա տանջվում եմ խավարից. 
Ես՝ վարժված ոստանիկ կյանքի՝ 
Զրկված եմ և մոտիկ գավառից։ 
Երեկվա իմ վարդավառից 
Ի՞նչ մնաց - այս շապի՜կըս թաց, 
Կախվելու մի պարա՜ն մնաց 
Իմ սիրո հարուստ ավարից։
[1956թ.]

ՄԻ ՄՈՌԱՑԻՐ

Մի՛ մոռացիր, որ շատ հաճախ, ցանկալի՛ս, 
Երբ հույս ցանում ու հավատ են շաղ տալիս, 
Չի՜ կանաչում։ 
 
Հիշի՛ր, որ միշտ ուշանում է ցանկալին, 
Իսկ երբեմն էլ, իր ոտքով է երբ գալիս, 
Չե՜ն ճանաչում...
 
Մոսկվա
03.XI.1955թ.

ԵՐԱԶԱՆՔԻ ԳԻՆԸ

Մենք ամեն ինչ արեցինք 
Շտապելով ու փութով, 
Բան չտեսանք, սիրելի՛ս, 
Բայց հուսացինք, թե շուտով 
Սերն ամեն ինչ կհաղթի, 
Լավ կընթանա ամեն ինչ... 
Չէ՜, սնեցինք մեզ սուտով... 
 
Դու տեսնում ես, իմ անգի՜ն, 
Երազանքը մեր փարթամ 
Հիմա դարձել է անշուք, 
Հիմա դարձել է տարտամ, 
Նա մի ստվեր է թվում, 
Բայց մի ստվեր՝ ետևում, 
Որից պրծո՜ւմ էլ չկա - 
Մեզ է անվերջ հետևում...
Մոսկվա
05.XI.1955թ.

ԵՍ ԱՅՆՊԵՍ ՀԵՇՏ ԷԻ ՏԱՐՎՈՒՄ

Ես այնպես հեշտ էի տարվում, 
Ես այնպես հեշտ էի վառվում,- 
Իմ թելած ասեղի վրա 
Հուլունքի պես էին շարվում։ 
Եվ հանկարծ... ես՝ վաղո՜ւց հանգած,
Վառվեցի և ի՜նչ - քո սառցից... 
Հե՜յ գիտի. ծովերից անցա 
Ու հանկարծ... խեղդվեցի առվում։
Մոսկվա
17.III.1956թ.

Lilas