Sevak

ՆՈՐԻՑ ՔԵԶ ՀԵՏ

ԳԱԼԻՍ ԵՍ, ԳԱԼԻՍ...

Գալի՜ս ես, գալի՜ս...
                         գաս հազա՛ր բարով,
Իմ գլխի՛ վրա և իմ աչքերի՛։
Ա՛խ, եթե պիտի բաժանվենք էլի՝ 
Բաժանվենք մի՛ օր, տեսնըվենք տարո՛վ։ 
Թե որ գժտըվենք՝ մի՛ օր գժտըվենք, 
Մի ամի՛ս զղջանք, տարո՛վ հաշտըվենք։ 
Ու թե սիրում ենք՝ 
Մեր սրտի բոլոր լարերո՜վ սիրենք, 
Ու թե սիրում ենք՝ 
Յոթ տարիս ո՞րն է -
                         դարերո՜վ սիրենք...
Մոսկվա
05.II.1956թ.

ԹՈՂ ԼԻՆԻ ԱՅՆՊԵՍ

Թող լինի այնպես, 
Ինչպես հուշում ես.
Էլ չե՛նք հանդիպի՝ 
Ինչպես ուզում ես։ 
Ինչ էլ որ լինի՝
Հիշելու բան կա. 
Քե՛զ մոտ ավարտվեց 
Սիրո ուսումըս։
Մոսկվա
22.IV.1956թ.

ՎԵՐՀՈՒՇ

Կրկին անձրևն է տեղում գիշերային մայթերին, 
Քնա՜ծ, խաղա՜ղ քաղաքի տանիքներին երազկոտ։ 
Եվ արթնանում է կրկին մի հին երազ մտերիմ,- 
Ու ես մեր գյուղն եմ ընկնում սովորական հրաշքով։ 
 
Այնտեղ ննջում է հիմա տարափի տակ այս վարար 
Մի կավաշեն, հողհատակ ու հարդածածկ լուռ խրճիթ։ 
Հանգել է լույսը լամպի, իջել գիշերը խավար, 
Քնել է մայրն իմ պառավ՝ կրողը մեր տան խղճի։ 
 
...Ես մի երազ ունեի պատանության օրերում,
Երբ արթնացել էր հոգիս սիրո նորեկ հովերից. 
Այդ հողաշեն ծածկի տակ, հարսանեկան շորերում 
Տեսնել նրա՛ն, ում համար ես կանցնեի ծովերի՜ց, 
 
Տեսնել նրա՛ն, ում համար շուռ կտայի ես սարե՜ր... 
Ա՛խ, ի՞նչ ծովեր, ի՞նչ սարեր,- միայն ասում են այդպես... 
Տեսնել նրա՛ն, ում համար, փեշըս լցրած խիճքարեր՝ 
Ես մեր այգու ծառերին տանջում էի պարզապես. 
 
Ամեն նետված քարիս հետ թե մի խնձոր չընկներ ցած, 
Ուրեմն իզո՜ւր,- վա՛տ նշան,- ես չեմ հասնի մուրազիս... 
Խնձորն ընկներ թե չընկներ՝ ցնծագին կամ դառնացած,
Քարերն էի ես թողնում ու հետևում երազիս. 
 
-Կապրենք մեկտեղ, բախտավոր։ Դաշտից ես տուն կդառնամ 
Արդեն հոգնած ու դադրած, բայց վաստակած, ինքնագոհ։ 
Մայրս, կովկիթը ձեռքին, տուն կմտնի, մինչդեռ Նա 
Սուփրեն գետնին բացելիս ինձ կժպտա գողեգող 
 
Մինչ հավաքի Նա սուփրեն՝ սարին, ձորին ու հանդին 
Իրիկունը կիջնի ցած, ու ես մի կողմ կնետեմ 
Իմ մանգաղը հեսանվող կամ իմ սրվող գերանդին,- 
Հո չպիտի մթան մեջ իմ մատները կտրատեմ... 
 
Խոտի դեզը տանիքից, բակից այգին կբուրի, 
Ու ծղրիդի երգի տակ, նվագի տակ այդ վարպետ, 
Ծածկված նախշուն վերմակով՝ քուն կմտնենք կտուրին, 
Իսկ կողքներիս՝ մի ջեջիմ կամ հնամաշ մի կարպետ, 
 
Որ թե, ինչպես այս պահին, տեղա անձրև անհատնում, 
Ծածկվենք նաև շերտավոր մեր կարպետով այդ բրդե։ 
...Եվ անձրևի թակոցից խոր քնից ենք մենք զարթնում 
Եվ, մինչ երկինքը պարզվի, (այդ պատճառով իբր թե), 
 
Էլ չենք քնում՝ զրուցում, երազում ենք շշուկով, 
Առատ հնձից ենք խոսում, մրգահասից մեր այգու, 
Եվ ա՛յն մասին, թե արդյոք պիտի գնել ե՞զ, թե կով, 
Եվ ա՛յն մասին, որ պիտի մորըս առնել վերարկու... 
 
Ձիգ տարիներ են անցել... 
Կրկին անձրևն է երգում, 
Սակայն արդեն քաղաքի գիշերային մայթերին։ 
Երգո՞ւմ է նա, ո՛չ, կարծես հին երազն է մորմոքում,
Հին երազը՝ նորացած, բայց և նույնքան մտերիմ։ 
 
Փոխվել է ո՜ղջը հիմա - և՛ դեմքերը գյուղակի, 
Ե՛վ դեպքերը, որոնք ինձ օրերի խենթ վազքի հետ 
Գյուղից քաղաք նետեցին ու քաղաքներ՝ քաղաքից,-
Ողջը փոխվել է հիմա, փոխվել ընդմի՛շտ, առհավե՜տ։ 
 
Նույնն է երա՜զը միայն, որ մնացել է հրկեզ. 
 
-Լոկ ունենալ կավաշեն ու հարդածածկ մի խրճիթ 
Եվ այդ համեստ ծածկի տակ ունենալ քե՜զ, միայն քե՛զ՝ 
Իբրև բերքի խոստումի,
                                           մրգահասի
                                                               ու խղճի...

 

Երևան Մոսկվա
25.VIII.1948թ. 19-20.X.1955թ.

ԱՌԱՋՎԱ ՊԵՍ

Ո՞ւր ես՝ չկաս,
Չէ՞ որ կայիր...
Ա՜խ, թե մեկ էլ 
Մի օր գայիր
Ու ժպտայի՜ր
Առաջվա պես,
Առաջվա պես,
Հավատայի՜ր... 
Մոսկվա
11.III.1956թ.

ԱՆԾԱՆՈԹՈՒՀՈՒՆ

Անծանոթ եմ քեզ, բայց գիտեմ վաղո՜ւց... 
 
Այդ քե՛զ համար են ազգերը կռվել՝ 
Այդ քե՛զ համար է Տրոյան վառվել։ 
Այդ դո՛ւ լույս տվիր կույր Հոմերոսին, 
Սֆինքսի գաղտնիքը ժպտալով առար, 
Ու մարաթոնյան վազքի հերոսին 
Այդ դո՛ւ, թերևըս, թևերիդ տարար։ 
Քե՛զ համար ընկավ մեր չքնաղ Արան։ 
Նորից քե՛զ համար 
Մի այրող ամառ 
Մեր Արտավազդին գերության տարան... 
 
Հին ծանոթներ ենք - քեզ գիտեմ վաղո՜ւց։ 
 
Դրախտը կորցըրած՝ այդ քեզ է գտել 
Մեր նախահայրը՝ ինձ նման մանուկ... 
Երկար դարերի ճամփեքով բանուկ 
Դու եկել ահա և ինձ ես հասել 
Եվ ստիպում ես ինձ գոռալ՝ ասե՛լ, 
Որ դու այրում ես՝ Տրոյայի՛ պես, 
Ուզում ես գերել՝ մեր Արայի՛ պես, 
Ինչպես Հոմերին՝ դու լույս ես տալիս, 
Բայց շլացուցիչ քո լույս ու փայլից 
Ես կուրանում եմ 
Ու մոռանում եմ, 
Որ դու աչքերով ինձ հույս ես տալիս, 
Ժպտում ես, սակայն և խույս ես տալիս, 
Բայց ինչո՞ւ, ինչո՞ւ,- ես չեմ հասկանում։ 
Թե դու ուզում ես, որ, ինչպես մանուկ,
Մեր նախահոր պես միտքըս սքողած, 
Իմ հանգստության դրախտը թողած՝ 
Ես քո հետքերով ու քո ետևից,
Ամե՜ն ինչ լքած՝ բռնեմ քո թևից 
Ու գնա՛մ, գնա՛մ, ուր դու կգնաս, 
Մտնեմ ա՛յն դռնով, որ դու կբանաս, 
Խմեմ հարբենամ՝ ինչով դու հարբես, 
Տանջվեմ ու տոկամ իմ նախահոր պես,- 
 
Ես համաձայն եմ։
                        Ի՜նձ ինչ դրախտը,
Երևի նույնն է և թոռան բախտը...
Մոսկվա
20.X.1955թ.

Lilas