Sevak

ՆՈՐԻՑ ՔԵԶ ՀԵՏ

ԻՍԿ Ի՞ՆՉ ԱՆԵՆՔ

Ես տեսնում եմ՝ չես հավատում ո՛չ իմ, ո՛չ քո անցյալին. 
Մեր հարուստը՝ աչքիդ աղքատ, կեղծ է թվում պանծալին։ 
 
Դու կարծում ես, որ ամե՜ն ինչ, ո՜ղջը սուտ էր մեր միջև, 
Ճիշտ էր միայն երկար ճամփան՝ լիքը փշեր ու խճեր։ 
 
Ճիշտ էր միայն սպասումը, որ և անցավ ապարդյուն - 
Իզո՜ւր էին մեր սրտերը սպասումից թպրտում։ 
 
Ճիշտ էր միայն արբեցումը այն սին բախտով, որ եկավ,- 
Նա ոսկի չէր, այլ ոսկեզօծ, հետո՝ պղինձ, վերջը՝ կավ... 
 
Ես տեսնում եմ՝ չես հավատում դու անցյալին իմ ու քո, 
Չես հավատում ու չես տարվում նաև դու մեր գալիքով։ 
 
Չես հավատում, թե նա կգա, թե կլինենք բախտավոր,- 
Քեզ ամե՜ն ինչ փուչ է թվում և ամեն ինչ՝ ախտավոր։ 
 
Քեզ թվում է, որ մենք իզո՜ւր հանդիպեցինք մեկմեկու,- 
Ո՛չ մեր սրտում՝ երջանկություն, ո՛չ մեր կյանքում՝ մեծ բեկում... 
 
Իսկ ի՞նչ անենք, ո՞նց բաժանվենք, երբ սրտերը իմ ու քո 
Թե սիրով էլ չեն շղթայված, գեթ կապված են տանջանքով...
Մոսկվա
26.X.1955թ.

ՍԻՐՏՍ ԿՈՏՐՎԵՑ

Սիրտս կոտրվեց սափորի նման, 
Սիրտս կոտրվե՜ց։ 
Այդ ո՞վ է կտցում փայտփորի նման,-
Ծառս կտրվե՜ց։ 
Օրերս անցնում են թափորի նման,-
Քո մահվան ծեսը, անխի՜ղճ, այս ինչքան 
Երկա՜ր կատարվեց...
 
Մոսկվա
20.II.1955թ.

ԱՆԿԵՂԾ ԱՍԱԾ

Անկեղծ ասած՝ այս ամենից ես հոգնել եմ, 
Ես, սիրելի՛ս, որ քեզ սիրել և օգնել եմ. 
Ձեռք եմ պարզել, հույս եմ տվել, 
Վատըդ թողած՝ լավըդ թվել, 
Հավատացրել, հավատացել, 
Թե իմ առաջ դուռ ես բացել՝ 
Չտեսնըված, չեղած մի դուռ։ 
Սակայն ի՞նչ եմ ես ստացել 
Այդ ամենին ի տրիտուր։ 
 
Անկեղծ ասած՝ ոչինչ չկա, և ոչ էլ կար։ 
 
Անկեղծ ասած՝ դու բնավ էլ ա՛յն չես եղել, 
Ա՛յն չես եղել, ինչ որ ես եմ կարծել երկար։ 
Ո՞ւր ես, ասա՛, դու ինձ մղել։ 
Ճիշտ ճամփից ես միայն շեղել։ 
Սուտ խոստումով կապել ես ինձ, 
Մանկան նման խաբել ես ինձ, 
Ու չես տվել ոչի՜նչ, ոչի՜նչ։ 
Իսկ այն, ինչ որ ինձ ես տվել, 
Արժանի չէր ո՛չ քեզ, ո՛չ ինձ։ 
 
Անկեղծ ասած՝ քո տվածից ես հոգնել եմ։ 
 
Ինքդ գիտես՝ որքան ձգտել ու տքնել եմ, 
Որ դու ... որ դու նման լինես իմ երազին։ 
Իսկ դու գիտե՞ս՝ ի՛նչ դուրս եկավ. 
«Տղան հասավ իր մուրազին,
Դուք էլ հասնեք ձեր մուրազին»։ 
Հեքիաթն, այո, միտքըս ընկավ... 
Դու՝ հեքիաթում հրաշք աղջիկ, 
Այնինչ կյանքում՝ ինչ-որ... չղջիկ, 
Որ ոչ թռչուն, ոչ էլ մուկ է... 
 
Անկեղծ ասած՝ զուր էր ամբողջ այս աղմուկը։ 
 
Անկեղծ ասած՝ նեղանում ես, թե լրջանում, 
Մե՜կ է հիմա։ Էլ չեմ գցի ինձ սար ու ձոր, 
Անկեղծ կասեմ՝ հեքիաթն ինչով է վերջանում. 
Ցած է ընկնում երեք խնձոր - 
Մեկ՝ ասողին, 
Մեկ՝ լսողին, 
Մեկ էլ... ինձ պես գիշեր ու զօր 
Հիմարաբար սպասողին... 
 
Անկեղծ ասած՝ հեքիաթներից ես հոգնել եմ...
Մոսկվա
31.X.1955թ.

ԲԱՑ ՓԱԿՈՒՂԻ

Միգուցե մեզ էլ այս էր վիճակված.
Դու՝ քո զղջումի զնդանում փակված,
Ես՝ իմ զղջումի արջի ճանկերում, 
Բանտարկվածի պես ետ-առաջ քայլել
Քո ծանոթ անվան երկու վանկերում...
 
Քո ծանոթ անվան երկու վանկերում
Բանտարկվածի պես քայլել ետ-առաջ,
Կրակը կողքիս՝ միշտ մնալ սառած,
Բաց դուռը դեմըս՝ բանտարկված մնալ,
Ոչ մի փորձ չանել ու դուրս չգնալ... 
Մոսկվա
20.II.1955թ.

ՉԵՍ ՀԱՐՑՆՈՒՄ

            Աչքըս բաց՝ 
Բայց էլի խաբեցիր - 
Ոտքերըս-ձեռքերըս 
            Կապեցիր։ 
            Հիմա էլ 
Կտրում ես յոթ անգամ, 
            Բայց գոնե 
Մեկ անգամ չափեցի՞ր։
Մոսկվա
19.III.1956թ.

Lilas