Sevak

ԱԿԱՆՋԴ ԲԵՐ ԱՍԵՄ

ԳԱՂՏՆԱԲԱՑՈՒԹՅՈՒՆ

Մտերմուհիս է նաև... գիշերը:
 
Երբ նա` լանջաբաց նեգրուհու նման,
Ինձ է հանձնըվում
Ու տիրում է ինձ`
Անվերջանալի գրկախառնումից
Ծնվում է ինքը` մեր արշալույսը,
Որ թուխ ու շեկ է`
Որպես խառնածին:
 
Եվ օրը գրկած, որպես մանուկի,
Երբ քայլում եմ ես հոր հպարտությամբ,
Ասես լեռները, դաշտերն ու մարդիկ
Լուռ նայում են ինձ
Ու միտք են անում,
Թե այսքա՜ն տգեղ-այլանդակ հորից
Ինչպե՞ս է ծնվել մանուկն այս հրաշք...
Չանախչի Թիֆլիս
18.XI.1959թ. 18.XII.1959թ.

ԹԱՔՈՒՆ ԵՐԱԶԱՆՔ

Արտառո՞ց եմ ես,
Անհասկանալի՞:
Ոչի՜նչ,
Քեզ կօգնեն,
Եվ կհասկանաս:
 
Հավատա՛, կօգնե՜ն:
 
Չ՞է որ ամեն ծառ
Իմ արմատաշատ բացատըրումն է
Եվ իմ ճյուղառատ լուսաբանումը:
 
Ամե՛ն արարած,
Նույնիսկ բզեզը,
Իմ բնագըրի մեկնությունն է հենց:
 
Ամե՛ն մի կացին,
Ամե՛ն բահ ու մուրճ,
Սարից թավալվող ամե՛ն քարաժայռ,
Ափերը թակող ու ետ ընկըրկող 
Ամե՛ն մի ալիք
Իմ իսկ խոսքերի արձագանքումն են,
Ո՛չ,
Իմ խորքերն են արձագանքումը
Նրանց բոլորի...
 
Այնպես որ` կօգնե՜ն,
Ու կհասկանաս: 
Թիֆլիս
20.XII.1959թ.

ՀԻԱՍԹԱՓՎԵԼՍ

Հիասթափվե՞ըլս...
Ի՜նչ ասեմ, ինչպե՞ս:
Չէ՞ որ այդ մասին խոսելու համար 
Ստիպված պիտի ես վերապատմեմ 
Իմ ամբողջ կյանքը`
Այն պահից, երբ ես 
Ձեռքըս մեկնեցի կրակի բոցին`
Կարծելով, թե դա լաչակն է իմ մոր,
Կարմի՜ր լաչակը,- 
Այդ պահից մինչև երեկ իրիկուն,
Երբ...
Սակայն արժե՞ 
Աղ ցանել վերքին...
Թիֆլիս
18.XII.1959թ.

ՎԱՐԴԵՐԻ ԿԱՐՄԻՐ ՃԻՉՆ ԵՄ ԵՍ ԼՍՈՒՄ

Վարդերի կարմիր ճիչն եմ ես լսում 
Իմ ծխամորճի դառն ծխի միջից 
Ու ձմռան ճերմակ սառն ծխի միջից։ 
 
Փոքրիկ մի թռչուն, 
Որի անունը չգիտեմ ցայսօր, 
Որ ուշ է չվում - ետ գալիս շատ շուտ, 
Ընկըճվածության ծանըր ժամերիս 
Համակըրանքի խոսք է ինձ ասում 
Իմ ծխամորճի դառն ծխի միջից 
Ու ձմռան ճերմակ սառն ծխի միջից։ 
Ու թվում է ինձ, 
Թե փոստատարը երջանկացըրեց 
Երկու սպասված ու թանկ նամակով, 
Մինչդեռ բերել էր լոկ... լրագըրեր... 
Թիֆլիս
18.XII.1959թ.

ԻՄ ԿԱԹՆԵՂԲԱՅՐԸ

Ես եղբա՜յր չունեմ, 
Մայրս էլ մեղք չունի. 
Ծնել է, 
Սակայն ծնելը քիչ է, 
Սնելն է դժվար, 
Քանի որ հաճախ 
Ե՛վ սով է լինում 
Ե՛վ գաղթ, 
Ե՛վ ավեր։ 
 
Ես եղբայր չունեմ։ 
Ու եղբայրացար, 
Ինձ եղբայր դարձար, 
Ո՛վ համբերություն։ 
 
Ես շատ եմ քայլել քեզ հետ միասին, 
Դու իմ մանկության միա՜կ խաղընկեր, 
Իմ պատանության միա՜կ գաղտնարան, 
Իմ ջահելության լո՜ւռ խորհըրդակից։ 
 
Փոքր էիր այնքան՝ 
Երբ փոքր էի ես, 
Ինչքան մեծացա՝ 
Դու էլ մեծացար, 
Երկվորյակի պես 
Ետ չմնացիր 
Ու չթողեցիր երբեք ինձ մենակ. 
Երբ տատանվեցի՝ 
Դարձար ինձ նեցուկ, 
Խեղանդամվեցի՝ 
Դարձար դու հենակ... 
Ու դեռ քայլում ենք։ 
Իմ Համբի՛կ... Համբե՛ր... իմ Համբերությո՜ւն, 
Դու էլ ես հոգնել, 
Հոգնել ես, սակայն ծպտո՛ւն չես հանում, 
Թե տրտընջում ես՝ 
Միայն ականջիս, 
Որ շատ է լեցուն քո շշուկներով, 
Ինչպես փչակը՝ շնչով հովերի, 
Եվ ա՛յն լռությամբ, 
Որ քիչ է լինում, 
Եվ ա՛յն լռությամբ, 
Որ հասավ թե չէ՝ 
Ես վեր եմ թռչում, 
Ասես խոցեցին, 
Ինչպես այն քնած ջրաղացպանը, 
Որ իր աղացի խուլ աղմուկի մեջ 
Կարող է քնել մեռածի նման 
Եվ խայթվածի պես իսկույն արթնանալ, 
Երբ որ իջնում է մի պահ լռություն՝ 
Երբ չի աղմըկում իր ջրաղացը... 
 
Իմ Համբի՛կ... Համբե՛ր... իմ Համբերությո՜ւն...
Թիֆլիս
18.XII.1959թ.

Lilas