Sevak

ԱԿԱՆՋԴ ԲԵՐ ԱՍԵՄ

ՀԱՅՏՆՈՒԹՅՈՒՆ

(Նախերգանքի փոխարեն) 
 
Բոլոր օրերից գուցե առավել անգույն-տարտամը
Այս օրն էր, որ կար,
Իսկակա՛ն միջակ ու տափակ մի օր,
Բայց նա ինձ համար 
Մի արքիմեդյան օր դարձավ հանկարծ.
Ոչ այն է կարծես նորից ծնվեցի,
Ոչ այն է հանկարծ
(Առաջի՜ն անգամ)
Գտա ինքս ինձ.-
Խորամուխ եղա
Ստվերի բազում երանգների մեջ,
Ե՛վ լույսի բոլոր զգայարաններն ինքս զգացի,
Ե՛վ ծաղիկների ներկերի հյութը ինձ հայտնի դարձավ.
Դարձա ընդերքի մրափող ապար,
Ժայռի քարաքոս,
Որ արթուն է միշտ,
Դարձա երազկոտ՝
Ջրհորի նման,
Եվ մտամոլոր՝
Որպես արահետ.
Ես ըմբռնեցի, 
Որ եթե ունես թռցնող թևեր՝
Չես զգա երբեք ծանրությունը քո.
Եվ ա՛յն հասկացա,
Որ դրամի պես
Մաշվել են արդեն բառերը բոլոր.
Հասկացա նաև,
Որ մինչև անգամ լավ է ավելի
Բառերն իրար հետ կապ իսկ չունենան,
Քան թե չունենան կշիռ ու արժեք...
 
Հիշեցի նաև այն խոսքը հայտնի,
Որ եթե մեկից կոչվես մեծամիտ
Եվ կամ անհեթեթ,
Եվ կամ խելագար,
Դու հակառակը չե՜ս ապացուցի՝
Որքա՛ն էլ ջանաս...
Չանախչի
14.X.1959թ.

ՀԱՆԴԳՆԵՄ ԱՍԵԼ

Կարող եմ կյանքում ես շա՜տ բան անել,
Բայց անկարող եմ ինձանից վանել
Իմ երկվորյակին՝
Անկեղծությո՛ւնը:
 
Ուրեմըն ասեմ ամենից առաջ,
Հանդըգնե՛մ ասել, որ ես աշխարհում
Անխտրական եմ՝ նվագի նման,
Անձրևի նման ՝ հավասարատես,
Բայց և կան բաներ,
Բայց և կան մարդիկ,
Որոնց նկատմամբ միտումնավոր եմ՝
Չորը ճարակող չար կրակի պես,
Եվ ծխի նման անտարբեր եմ ես՝
Նրանց ճարճատում-ճիչերի հանդեպ... 
Չանախչի
18.XI.1959թ.

ՔԱՅԼՈՂ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆ ԿԱՄ ՎԱՌՎՈՂ ԱՐՅՈՒՆ

Ե՛ս, որ կարող եմ ինքըս ինձ կոչել
Եկած ապագա,
Ես նաև քայլող հիշողություն եմ՝
Ապրո՜ղ պատմություն:
Թող ներվի ասել,
Որ իմ արյունը
Հենց համարյա թե նույն ծագումն ունի,
Ինչ ունի նավթը.
Հյութն ու ավիշն է բյուր սերունդների,
Մարդ ու կենդանու,
Ու թե արյանըս լուցկի մոտեցնես՝
Արյունը նույնպես կարող է... վառվե՜լ:
Չանախչի
18.XI.1959թ.

ՍԻՐՈՒՄ ԵՄ ՍԻՐԵԼ

Քիչ է պատահում, որ ինքըս ինձնից
Փոքր ինչ գոհ լինեմ:
Դժգոհ եմ հաճախ,
Ուրեմըն՝ մարդ եմ ու դեռ ապրում եմ:
 
Բայց ես սիրում եմ ինքըս ինձ սիրել:
 
Իսկ սիրում եմ ինձ, երբ սիրում են ինձ:
Ես ինձ այդ պահին այնպես եմ ժպտում,
Ինչպես ժպտում են ա՛յն կոր գերանին,
Որ գետի վրա դարձել է կամուրջ,
Եվ ա՛յն մանուկին, որ ոտաբոբիկ
Մտել է առուն և - թա՜ց վարտիքով -
Կավ է դուրս հանում,
Որ նավակ շինի:
Չանախչի
18.XI.1959թ.

ԱՆՀԱՐՑ ՊԱՏԱՍԽԱՆ

Ես վերածնողն եմ խորին լռության
Եվ թարգմանիչը անորոտ շանթի.
Գարնան աշկերտ եմ
Ու սիրո վարպետ.
Իմ կաթնեղբայրն է երաժիշտ քամին,
Եվ ազգականըս` խորհող անձավը.
Ես վստահության մերձ - մտերիմն եմ,
Բարևի ծանոթ` հաջողությանը.
Ու ճամփորդական կարճ ծանոթությամբ
Սիրուհիս դարձավ խոհեմությունը`
Ամե՜ն ինչ կշռող խոհեմությունը,
Կոկլիկ ու սոկլիկ, մի՛շտ շրջահայաց,
Բայց, փա՜ռք աստըծու, բանը չհասավ
Ո՛չ ամուսնության,
Ո՛չ էլ զավակի,
Որ եթե ծնվեր` անուն փնտրելիս
Պիտի, ստիպված, խեղճ մատըս դրվեր
Եղկելու վրա կամ Ողորմելու...
Չանախչի
18.XI.1959թ.

Lilas