Sevak

ԱԿԱՆՋԴ ԲԵՐ ԱՍԵՄ

ՈՒՐՈՒՅՆ ՀՆԱՄՈԼՈՒԹՅՈՒՆ

Չե՛մ սիրում արխիվ ու գերեզմանոց:
 
Բայց երբ ճամփամերձ ծառեր եմ տեսնում,
Թփեր ու խոտեր`
Փոշու մեջ կորած,
Այդ վայրկյաններին ես ինձ զգում եմ 
Հնությունների մոլի սիրահար:
Չանախչի
18.XI.1959թ.

ՆԱՀԱՆՋ ՏԱՐՎԱ ՊԵՍ

Երբ ջահելությունս անցնում է արդեն,
Ես նո՜ր հասկացա,
Որ շատ եմ նման փետրվար ամսին.
Գիտեմ կարճանալ ու երկարանալ -
Նայած թե՝ սեր կա՞:
Չանախչի
18.XI.1959թ.

ՍՐՏԻ ՑԱՎՈՎ

Թռչունի երամ խրտնեցընելիս
Ինձ ամեն անգամ այնպես է թվում,
Թե փախցըրեցի մի խումբ... հղացում:
Չանախչի
19.XI.1959թ.

ԱՆՇՆՈՐՀԱԿԱԼ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ

Ամեն մեկն ունի մասնագիտություն:
 
Հացթուխն ալյուրից ու մաքուր ջրից
Հրի օգնությամբ տաք հաց է թխում,
Տաք` սիրահարի ափերի նման:
 
Ամեն առավոտ նա հաց է թխում,
Եվ ամեն անգամ, ուտելուց հետո,
Երբ մենք ասում ենք «շնորհակալ եմ»,
Ոչ միայն մորն է դա վերաբերում
Կամ տանտիրուհուն մեզ հյուրընկալող,
Այն նաև նրա՛ն`
Անհայտ հացթուխին:
 
Հավաքարարը շենքերն է մաքրում,
Դռնապանները` բակեր ու փողոց:
Ասենք, թե չասենք`
Շնորհակալ ենք:
 
Ամեն առավոտ,
Ամեն երեկո
Գործի է անցնում ջրցան մեքենան,
Որ շատ է նման փոքրացած փղի,
Թեպետ շարժվում է նրանից արագ
Եվ փղի կարծըր ժանիքների տեղ
Ժանիքներ ունի փղոսկրե ջրի,
Որ կարծր - անշարժ չեն,
Այլ հարահոսուն:
 
Ասենք թե չասենք`
Շնորհակալ ենք
Մեքենավարից
Ու մեքենայից:
 
Գործում է նաև նրա եղբայրը - 
Մեկ այլ մեքենա`
Փոշեհավաքը:
Սա էլ իր հերթին նման է մի շան,
Որի ետևի թաթերը կարծես
Ջարդված-սղկված են,
Եվ այդ պատճառով
Նա քարշ է տալիս
Ու... մաքրում փոշին...
 
Շնորհակալ ենք`
Առանց խոսքերի:
 
Ամեն մեկն ունի մասնագիտություն:
Դե՛հ, ես էլ մարդ եմ,
Պիտի ունենամ:
Եվ ունեցածըս այդ արհեստներից
Քիչ է տարբերվում:
 
Ես էլ բառերի լվացարար եմ.
Մաքրում եմ նրանց փոշին դարավոր
Ազատում նրանց կեղտ ու բորբոսից,
Բառակեր ժանգից ու բառաքոսից,
Ջանում, որ նրանք չունենան ջրմուռ,
Եվ... շնորհակալ խոսքի փոխարեն
Ստանում եմ ես շատ հաճախ... մրմուռ:
Եվ գիտե՞ք
Արդեն չե՜մ էլ նեղանում:
Եվ իմ արհեստն էլ գուցե հենց այս է
Մարդկանցից բնավ չնեղանա՜լը...
Թիֆլիս
18.XII.1959թ.

ՄԱՏՆԻՉ ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆ

Ինչ դառնա՞մ:
 
Դառնամ
Ոչ միայն խորունկ հանքահորերում
Օդափոխություն,
Շքանշանի գունեղ ժապավեն՝
Իմ հողը փրկող հերոսի կրծքին,
Այլ նաև դառնամ գերհզոր թևեր՝
Սիրամարգերի՜ն,
Որ երկի՜նք սուրան
Եվ ո՛չ թե քայլեն լոկ հողի վրա:
Չանախչի
18.XI.1959թ.

Lilas