Sevak

ԱԿԱՆՋԴ ԲԵՐ ԱՍԵՄ

ՎԱՌԱՐԱՆԻ ԱՌԱՋ

Իսկ քարածու՜խը...
 
Երբ նա վառվում է
Ձմեռվա ցրտին,
Հին վառարանում,
Եվ ձյունն է դրսում կրկնում ինքն իրեն,- 
Լինում է այնպես,
Որ՝ մեկ էլ տեսար՝
Սոսափն եմ լսում ա՛յն անտառների,
Որոնք բյուրհազար տարիներ հետո
Այս քարածուխին պիտի վերածվեն.
Եվ գազանների ոռնոցն եմ լսում
Այդ անտառների անեզրության մեջ.
Եվ ձայնը նաև
Իմ նախա-նախա-նախապապերի,
Որ որս են անում այդ անտառներում,
Որ մերկանդամ են
Եվ ունեն դեռ պոչ,
Բայց անկարող են այլևըս ապրել
Լռին խավարում կույր անձավների,
Ինչքան էլ դրանք թվան ապահով:
 
Ու հասկանում եմ,
Որ սերվել եմ ես
Դե՛ռ այն ժամանակ, հե՛նց այն ժամանակ...
Երևան
15.XII.1959թ.

ԱՆՄԵԿՆԵԼԻ ԶԳԱՑՈՒՄ

Մտքովըս հաճախ բաներ են անցնում,
Որ շատ է նման խելագարության.
 
Երբ որ տավարն է ծաղիկ արածում՝
Չեմ զգում ո՛չ ցավ,
Ո՛չ էլ ափսոսանք.
Իսկ երբ որ մարդն է պոկում ծաղիկներ՝
Մի՜շտ ինչ-որ մի ցավ,
Ինչ-որ ափսոսանք
Ծագում է հանկարծ
Ու ծակում հոգիս...
Չանախչի
18.XI.1959թ.

ՀԱՓՇՏԱԿՎԵԼՍ

Հափշտակվե՞լս...
 
Այնքա՜ն նման է ուշաթափության.
Շատ կարճ է տևում,
Թվում է երկար:
Թիֆլիս
18.XII.1959թ.

ԶԳԱՅԱԽԱԲՈՒԹՅՈՒՆ

Ինձ մեկ-մեկ նույնիսկ այնպես է թվում,
Թե ես քնել եմ այն թագուհու հետ,
Որին կոչում են Կլեոպատրա:
 
Քնել եմ, հետո... առավոտ ծեգին 
Գլխատվել նրա` ինձ շոյած ձեռքով:
Չանախչի
18.XI.1959թ.

ԱՆՎՆԱՍ ԽՈՐՀՈՒՐԴ

Այնտեղ, որտեղ ինձ դուք չեք համըզգա,
Այնտեղ, որտեղ ինձ չեք համաձայնի,
Չշտապեք, խնդրեմ, իսկույն համարել
Ուղեղի քաղհան
Կամ սրտի բորբոս:
 
Մտածեք նաև ձեր որդո՜ւ մասին.
Խոսում եմ նաև նրա՛ անունից:
Դուք գնալու եք,
Իսկ նա գալո՜ւ է:
Չանախչի
18.XI.1959թ.

Lilas