Sevak

ԱԿԱՆՋԴ ԲԵՐ ԱՍԵՄ

ՈՉ ԱՌԱՆՑ ՑԱՎԻ

Այն էլ զգացի, ցավո՜վ զգացի, 
Որ կտըրվելուց հետո է միայն 
Երևում ծառի բուն հաստությունը։
Երևան
15.XII.1959թ.

ՀԱՄՐԻՉ ԵՄ ԴԱՐՁԵԼ

Համրիչ եմ դարձել ես ձեր մատներին. 
Քաշում-ետ տալիս, 
Հաշիվ եք անում 
Ու դեռ ուզում եք, 
Որ մինչև անգամ ձա՞յնըս դուրս չգա, 
Որ չշըխկշըխկա՞մ...
Երևան
15.XII.1959թ.

ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ

Եվ ա՛յն հասկացա, 
Ո՜վ Ազատություն, 
Որ կարծեմ շատ ես դու նման աղի. 
 
Երբ քեզ պեղում են՝ 
Հանում ընդերքից, 
Իրենց ձեռքերն են մարդիկ կտրատում, 
Ինչպես ապակուց... 
Ու երբ լուծվում ես՝ 
Ճիշտ աղի նման 
Դու չես երևում, 
Դու համ ես դառնում... 
Իսկ եթե չկաս՝ 
Անհամություն է, 
Որ և կարող է կոչվել բռնություն... 
Իսկ եթե չկաս՝ 
Կարող է հոտել 
Ե՛վ թանկ սնունդը, 
Որ հոգևոր է... 
 
Իսկապես որ դու նման ես աղի։
Թիֆլիս
18.XII.1959թ.

ԵՍ ՉԵՄ ՇՏԱՊՈՒՄ

Ես չեմ շտապում։ 
 
Շտապում է նա, 
Ով ուշանում է։ 
 
Ես չեմ ուշանում։ 
 
Ու թե տանջվում եմ՝ 
Ուշացողների երեսից միայն, 
Ուշացողների՛, 
Որ հաճախ նույնիսկ կարող են կոչվել 
Ե՛վ առաջավոր, 
Ե՛վ առաջատար։
Թիֆլիս
18.XII.1959թ.

ԵՍ ՉԵՄ ՈՐՈՆՈՒՄ

Ես չեմ որոնում։ 
Որոնում է նա, 
Ով կամենում է ինչ-որ բան գտնել։ 
Իսկ ես... չգիտեմ, թե ինչպե՞ս գտնեմ 
 
Իմ ունեցածը ցույց տալու հնար։
Թիֆլիս
18.XII.1959թ.

Lilas