Sevak

ՍԻՐՈ ՃԱՆԱՊԱՐՀ

Քուն եմ մտնում և արթնանում նույն կարոտով

Քուն եմ մտնում և արթնանում նույն կարոտով,
Թե միգուցե անց ես կենում իմ տան մոտով,
 
Թե միգուցե դու թեքում ես ճամփադ հանկարծ,
Որ բորբոքես հին հրդեհը դեռ չհանգած,
 
Որ բորբոքես քո հայացքով չվերծանվող,
Քո ժպիտով և վարակիչ քո ծիծաղով.
 
Այն ջերմությամբ, որ չի այրում, այլ խորովում,
Այն մեղմությամբ, որով հաշտվում ես, խռովում.
 
Այն ձեռքերով, որ խոսում են իմաստալից,
Չասված խոսքից ասված խոսքի իմաստ տալիս.
 
Այն նազանքով, որ նազանքից շատ է հեռու,
Այն բաժանքով, որ բաժանքից շատ է հեռու...
 
Ահա ինչու՝ ես ապրում եմ այն կարոտով, 
Որ նե՛րս կգաս, ո՛չ թե կանցնես իմ տան մոտով:
1953թ.

Ողջը այս է. մի ջերմ հայացք անբարբառ ու անհանգիստ

Ողջը այս է. մի ջերմ հայացք անբարբառ ու անհանգիստ,
Որ փնտրում է ու քեզ գտնում փողոցների մայթերում,
Ուղեկցում է հեռվից-հեռու ինքնավստահ քայլվածքիդ,
Որ փոշու մեջ հետքն է թողնում, իսկ դրոշմը՝ սրտերում:
 
Այնուհետև՝ փակ կոպերս քեզ ծածկում են իրենց տակ... 
Կոպերիս տակ այնքա՜ն ծանոթ քո քայլվածքը զգալով,
Քեզ հետ մեկտեղ, քեզնից հեռու՝ ես քայլում եմ գլխահակ, 
Թեկուզ մի բառ քեզ ասելու փորձությանը անկարող:
 
Աշնան օրը ծանրանում է իմ հայրենի քաղաքում,
Իրիկվա հետ ստվերները երկարում են մայթերին:
Ստվերի պես՝ դու-օրորո՜ւն, դու-շորորո՜ւն, բեկբեկո՜ւն՝
Մե՛րթ՝ մոտենում, մերթ ինձանից հեռանո՜ւմ ես, խո՛ւյս տալիս:
 
Մոտենում ես կիսամթնում, ծածկերի տակ խանութի,
Հեռանում ես՝ լապտերների մոտիկությունն զգալով:
Ահա այսպես՝ ես քայլում եմ քեզնից հեռու և մոտիկ՝
Շշուկով իսկ քեզ կանչելու փորձությանը անկարող...
 
Եվ ինչ լա՜վ է, ինչ լա՜վ է, որ բանաստեղծ եմ ես, անգին,
Եվ չակնարկած անգամ թեթև, մի խոսք չասած քեզ կյանքում,
Ես կարող եմ երգեր գրել ստվերների՛, պատրանքի՛,
Կոպերի տակ լուռ ամփոփված սիրո՜ մասին այս թաքուն:
Երևան
VI.1946թ. 09.VII.1951թ.

Խոստովանանք լինի՝ ես քեզ մոտ եմ գալիս

Խոստովանանք լինի՝ ես քեզ մոտ եմ գալիս, 
Խղճի թեթև խայթից հոգուդ դուռն եմ բախում,
Ուրախության լացս քո գրկում եմ լալիս,
Քո գրկում եմ լինում մարդկայնորեն տխուր:
 
Քեզ եմ ապավինում դաժան հողմի ժամին,
Հաջողության քամին ինձ քո ափն է հանում,
Քեզ հետ ահավոր չէ վտանգ ու թշնամի,
Ամեն մի ծանրություն քեզ հետ հեշտ եմ տանում:
 
Երբ բացում ես դուռը և ինձ դիմավորում,
Թվում է, թե իմ դեմ ո՜չ մի փակ դուռ չկա.
Երբ իմ հանցանքներն ու զանցանքներն ես ներում,
Թվում է, թե դրանք չեմ էլ գործել անգամ:
 
Դու ինձ համար կյանքում կյանք ես կնոջ տեսքով,
Կնոջ տեսքով մայր ես և մոր տեսքով՝ ընկեր-
Ա՛յն, ինչ անհնար է արտահայտել խոսքով,
Ա՛յն, ինչ անհնար է մաշված տողով երգել:
Երևան
11.VIII.1950թ.

Ձմեռ է: Եվ ցուրտ է: Դրսում ենք

Ձմեռ է: Եվ ցուրտ է: Դրսում ենք:
Քեզ հետ եմ. ջերմում ու մրսում ենք:
 
Քեզ հետ եմ, և կարծես ինձ հետ է
Աշխարհի մեծագույն պոետը:
 
Մեծագույն պոետը աշխարհի,
Որ առանց խոսքերի ու բառի
 
Երգերն իր քո առաջ փռում է,
Երգում է, երբ անգամ լռում է:
 
Աշխարհի մեծագույն պոետը,
Բայց այնքան, որքան ես քեզ հետ եմ.
 
Որ պիտի չքանա, երբ որ դու
Բաժանվես ու նորից գնաս տուն...
 
Եվ մնա՛, և մնա՜ խեղճ տղան
Առանց քե՛զ,
         առանց ե՛րգ
                  ու տաղա՛նդ...
Մոսկվա
08.III.1952թ.

Ոչի՜նչ, ոչի՛նչ չի պատահել արտասովոր

Ոչի՜նչ, ոչի՛նչ չի պատահել արտասովոր.
Դու նույն աղջիկն ես հմայիչ, ես՝ նույն տղան,
Միայն՝ ժպտում են աչքերդ կարծես ցավով,
Եվ այս ճամփան էլ չի թվում այնպես խաղաղ:
 
Ոչի՜նչ, ոչի՛նչ չի կատարվել նկատելի.
Ո՛չ խարդավանք, ո՛չ խանդ, և ո՛չ կասկած մի կույր. 
Լոկ զգում եմ ես համրախոս քո մատներից,
Որ ինձ այսօր նրանք ինչ-որ սա՜ռն են զգում.
 
Եվ չի փոխվել ոչինչ նաև կյանքո՛ւմ կարծես.
Ամառային նույն արևն է և նույն փոշին: 
Ես զգում եմ՝ ինչ չգիտես ինքդ էլ գուցե.
-Դադարե՜լ ես ինձ սիրելուց,
Բայց... չես սիրում դեռ ուրիշին:
Երևան
03.II.1947թ.

Lilas