Sevak

ՍԻՐՈ ՃԱՆԱՊԱՐՀ

ԶՈՀՎԱԾԸ

-Ախ, որտե՞ղ է, ո՞ւր է, ինչո՞ւ լուր չի տալիս,
Եթե անգամ... Ո՞ւր է սև ծանուցագիրը:
Արդեն լրանում է ուղիղ երկու տարին,
Ինչ չեմ տեսել նրա ձեռագիրը...
 
Պառավն ինձ էր դիմում ամբողջ երկու տարի,
Իր հայացքով հարցնում ավելի՛, քան խոսքով:
Բայց ես նրան ինչպե՞ս, ի՞նչ պատասխան տայի,
Ո՞նց բերեի որդուն, ի՞նչ հրաշքով:
 
Ո՞նց ասեի, թե նա էլ չի դառնա իր տուն,
Ու չեն հղում եթե սև ծանուցագիրը,
Միայն նրա՛ համար, որ նույն խրամատում
Ընկել է և գնդի գրագիրը...
Երևան
29.IV.1946թ.

ՊԱՏԵՐԱԶՄԻ ՀԱՇՄԱՆԴԱՄԸ

Տաք կռիվ էր ու ցուրտ ձմեռ,
Երբ, Վեներա, իմ սիրելի՛,
Անակնկալ - այն էլ ինչպե՜ս,
Ի՜նչ դրությամբ ես քեզ տեսա,
Մեզ դարերով քո պարգևած
Ու ներշնչած բյուր սերերից
Եվ ոչ մեկից այդ վայրկյանին
Քեզ օգնության ձեռք չհասավ:
 
Ցուրտ էր, ձմեռ, ու ցրտի մեջ
Տաք ու դաժան մարտ էր գնում:
Եվ կույր մի արկ՝ իբրև ծաղըր
Ձևով այնքա՜ն նման սրտի,
Ներս սպրդել ու պայթել էր
Քաղաքային թանգարանում՝
Պատվանդանից քեզ գցելով
Ածխացող ու սև պարկետին:
 
Թալկացել էր ու մարել էր
Այն հայացքը քո աչքերի,
Որ դարերով պարգևել է
Սիրո խայտանք ու սիրո ցավ:
Քո ձևերը մարմարացած
Եղծվել էին ալ շիթերից,
Թե ի՞նչ արյան և ո՞րտեղից,-
Ծանր պահ էր՝ չհասկացա:
 
Ես հևիհև քեզ մոտեցա՝
Մոռանալով մահ ու կռիվ,
Ես ուզեցի ափերիս մեջ
Քո մարմարե թևը բռնել:
-Կփրկե՜մ քեզ,- շշնջացի,-
Միայն թե մեզ սիրի՛ր, սիրի՛ր.
Հեշտ չի հաղթել առանց սիրո
Եվ դժվա՛ր է, ծա՜նր է մեռնել:
 
Գրկիր՝ հանեմ այս մարմնակուլ,
Սեր չծնող այս հրդեհից...
Դու խնդացիր կարծես ցավով
Շիթի միջից կարմիր արյան:
Ես նո՜ր տեսա... Զրկվել ես դու
Քո մի հատիկ, միա՜կ թևից,
Դու, թևավո՜ր սիրո աստված,
Հաշմանդա՛մ ես մի կատարյալ:
 
Օ Վենե՛րա - գթության քո՜ւյր,
Օ Վենե՛րա - մարտի ընկե՜ր,
Ես մոռացա, թե երբևէ
Դու եղել ես աստվածուհի.
Ես մոռացա, որ դարերով,
Քո մարմինն են միայն երգել,
Կանչել են քեզ շշուկներով
Եվ խոսքերով ասված ու հին:
 
Եվ այնժամ քեզ, որ իմ սիրած
Թովիչ բոլոր աղջիկների
Դողդողագին բազուկներով
Գրկել ես ինձ քանի՜ անգամ,
Ես գրկեցի եղբայրաբար,
Դուրս հանեցի պաղ ձյուներից՝
Ո՛չ թե իբրև աստվածուհու,
Ո՛չ էլ իբրև կնոջ անգամ:
 
Այդ վայրկյանին դու ինձ համար
Զինվոր էիր մի ահավոր՝
Կռվի ելած հանուն սիրո,
Հանուն նրա անհաղթ ուժի,
Հայրենական պատերազմի
Մի հաշմանդա՛մ, մի վիրավո՛ր,
Իսկ թե նորից աստվածուհի՝
Ո՛չ թե սիրո, այլ վրեժի՜...
 
05.II.1947թ.

ԱՆՀԵՏ ԿՈՐԱԾԸ

Գրեցին, որ նա անհետ կորել է:
-Ինչպե՞ս թե... - ոչ ոք չհարցրեց այնժամ:
Ժամանակը՝ խառն, ծանըր՝ օրերը,
Հասկանալի էր այդ միտքը դաժան:
 
Իսկ հիմա դա չար կատակ է թվում.
-Ինչպե՞ս թե անհետ,- ուզում ես գոռալ:
Երբ արկերը մեզ է՛լ չեն վրդովում,
Կրակ չի թափվում մեր հողի վրա.
Երբ շենք չի քանդվում, տուն չի փուլ գալիս,
Որդին չի զոհվում, մայրը չի լալիս.
Երբ հրդեհները արտը չեն այրում,
Երբ առանց քողի՝ լույսերն են փայլում.
Երբ հուշ է դարձել գրքույկը հացի,
Երբ կյանք չեն կշռում նամակ ու բացիկ.
Երբ հին զինվորը հնձվոր է այսօր,
Երբ իմ աշխարհի երանգը բոսոր
Իր գույնն է տվել աշխարհի կեսին.
Երբ հողագնդի տանջված երեսին
Հույսի, հաղթության ժպիտն է շողում.
Երբ մեր թշնամին ցրտի՜ց չի դողում,
Այլ չարությունի՛ց, անզորությունի՛ց,
Իմ մեծ աշխարհի անդորրությունի՛ց,-
-Ինչպե՞ս թե անհետ,- ուզում ես գոռալ,-
Ով՝ ով, բայց նրանք անհետ չկորան...
Երևան
09.II.1947թ.

ԸՆԿԱԾՆԵՐԸ

Կռիվներում ընկան նրանք.
Ամեն մեկը՝ մի տան ճրագ,
Ամեն մեկը՝ մի մոր որդի,
Ամեն մեկը՝ մի աղջկա
Երազանքը անապական,
Կնոջ՝ սերը, հոր՝ ապագան...
Ամեն մեկը՝ անգիր մի վեպ,
Ամեն մեկը անգին մի կյանք...
 
Ամեն մեկը ընկան ա՛յլ կերպ.
Մերթ՝ ջրի մեջ, մերթ՝ հողի տակ,
Մեկը սրով, տասը՝ հրով,
Մեկը՝ արդեն հայտնի հերոս,
Տասը՝ հերոս դեռ չդարձած,
Մեկը՝ իր մոր արցունքներով
Թաց նամակը դեռ չընթերցած,
Տասը՝ նամակ սպասելիս,
Կարոտելիս, երազելիս...
 
Բայց զոհի՛ պես չընկան նրանք:
Ընկան նրանք իբրև մարտի՛կ,
Ընկան նրանք իբրև մարդի՛կ,
Որ սովոր են մահը վանել
Իրենց կյանքով՝ հանուն կյանքի,
Որ սովոր են զրկանք տանել՝
Ընդդեմ ցավի ու զրկանքի.
Որ պատրաստ են հանուն սիրո
Սիրուց առնել ատելու թափ.
Եվ անպարտ են ատելությամբ:
Որ հզոր են հենց այդ սիրով.
 
Զոհի՛ նման չընկան նրանք:
Ընկան նրանք իբրև մարտի՛կ,
Որ փուլ չգա էլ ապարանք,
Խաղաղ մնա ամեն երդիկ,
Եվ ծխանի ծուխը բարակ
Վե՛ր բարձրանա պրա՜կ-պրա՜կ,
Քամուց թերթվի լուրթ երկնքում.
Որ էլ ոչ մի ընտանիքում
Անտերացած ոչ մի աթոռ
Չաղաղակի դատարկությամբ
Թեյի ժամին, ճաշի պահին.
Որ արկերի դղրդոցին
Ու հրդեհի ահեղ բոցին
Փոխարինեն արծաթ բահի
Զրնգոցը երկնքի տակ
Եվ կարոտի շշուկը տաք:
 
Նրանք ընկան կռիվներում,
Բայց ապրում է հոգին նրանց
Ապրողների հոգիներում.
Չի՛ մեղմացել ցավը կրած,
Ատելությո՛ւնը փրփըրած
Եվ հաղթության տե՛նչը խորին՝
Ի գիտություն ա՛յն բոլորի,
Որ նայում են շիրմին նրանց
Միայն իբրև մի բլուրի,
Որ հարթվում է կամաց-կամաց,-
Անմիտի պես մոռանալով,
Ոչ եթե չար թշնամու դեմ
Ապրողները իրենց ուժով
Ու զենքով են անպարտելի,
Ընկածները իրենց հուշո՛վ,
Վրեժո՜վ են սարսափելի...
Երևան
[1947թ.]

ՄԱՅՐԸ

Կանգնել է մայրը սեղանի առաջ:
(Ի՜նչ ծանրություն են ուսերը կրել)...
Աշխարհի խղճի կերպարանքն առած,
Աշխարհի ազնիվ Կոչին ընդառաջ,
Կանգնել, ուզում է ստորագըրել:
 
Կանգնել է: Մենա՞կ: Ոչ, նրա կողքին,
Ասես կենդանի, հարություն առած,
Կանգնել են նրա զավակներն անգին.
Հառնել է նրանց հաղթական ոգին
Ու կանգնել մոր մոտ, սեղանի առաջ:
 
Կանգնել են ռազմի հին հանդերձանքով,
Աստիճաններով, տարիքով տարբեր,
Բայց սրտերը լի նույն երազանքով,
Կիսատ մնացած, բայց անմեռ կյանքով
Եվ սիրով, որով դեռ չէին հարբել:
 
Կանգնել են մոր մոտ ո՛չ իբրև ոգի,
Ո՛չ իբրև տեսիլ անդրշիրմական:
Միայն մայրը չէ զգում իր կողքին.
Տեսանելի են նրանք ամենքի՜ն,
Նրա՛նք, որ ընկան,
         և չկա՛ն,
                  և կա՛ն:
Ու երբ որ մայրն է ստորագըրում,
Իզուր չի թվում, թե նույն այդ Կոչին
Իրենց անունն են նրա հետ գրում
Եվ որդիները - արյա՜մբ են գրում,
Որ թափված արյունն իզուր չկորչի...
Մոսկվա
29.XI.1951թ.

Lilas