Sevak

ՍԻՐՈ ՃԱՆԱՊԱՐՀ

ՃԱՐՏԱՐԱՊԵՏԱԿԱՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍՈՒՄ

Մտնում ես ներս:
Նե՜րս ես մտնում կարծես շեմքից ապագայի:
Էկրաններ են պատերն ասես, որոնց վրա, մոտ ու հեռու,
Կինոկադրերն են համրացել այն նկարի,
Որ հայրենի իմ քաղաքի վաղվա օրն է քո դեմ փռում:
 
Խայտում է սիրտդ անհանգիստ: Խենթ հրճվանքի
Ալիքներն ես կարծես զգում քո տաքացած երակներում:
Շունչ ես քաշում ազատորեն, ասես կուրծքըդ երգ է գրում,
Ռիթմիկ մի երգ՝ ազատ չափով, առանց ճնշիչ բռնահանգի:
 
Կա՜նգ առ այստեղ: Այստեղ բոլորն են կանգ առնում:
Տե՛ս տողանցող այս շենքերը և աշտարակն այս նիզակվող:
Դու կանգնած ես Երևանի վաղվա շքեղ կայարանում,
Ես այս՝ սրահն է հյուրընկալ,
Որ հյուրերին ձեռքով անում
Մոտ է կանչում իր երկնաքեր աշտարակով:
 
Այսօր սակայն
Նույնիսկ շքեղ կայարանում
Գնացքը քո ծով հրճվանքի
Կանգ է առնում չափազանց քիչ.
Ձգում է քեզ իբրև մագնիտ
Եվ հայացքդ չքնաղ տեսքին է իր գամում
Ստադիոնը «Դինամո»-ի:
Այնտեղ, նայի՛ր
Ոչ ֆուտբոլի խաղ կա այսօր, և ո՛չ մրցում.
Տուֆքարի մեջ լոկ խաղում են ճառագայթներն արեգակի,
Եվ զարդերն ու խոյակներն են շքամուտքի վրա մրցում:
 
Ահա և նոր Ակադեմիան,
Ուր մեր անցյալ պատմությունը
Ազատվում է իր կեղևից փոշեթաթախ,
Ուր միգամած ոլորտներում
Աստղերի լույս գաղտնիքներն են դեռ բաց անում,
Եվ ուր սերմը միչուրինյան այգիների՝ հասունանում
Եվ աճում է նախ՝ մտքի մեջ,
Ապա՝ մեր լուրթ երկնքի տակ...
 
Շենքե՜ր, շենքե՜ր գեղաքանդակ,
Եվ կամարնե՜ր աղեղնաձև կորընթարդով,
Եվ փողոցնե՜ր, պողոտանե՜ր ճառագայթող,
Գործարաննե՛ր, ֆաբրիկանե՛ր, որոնց մարկա՛ն
Վաղը պիտի իմ մայրենի լեզվով խոսի
Վերածնված իմ եզերքի աննախադեպ կյանքի մասին,-
Եվ, վերջապե՜ս,
Իբրև լույսի, շնչող հույսի գրավական՝
Դղյակի պես ծանր նստած կայանն ահա Գյումուշգէսի...
 
...Կինոկադրերն են փոփոխվում արագորեն:
Ահա վաղվա Ալավերդին,
Ահա Վեդի՛ն,
Արտաշա՛տը, Դվի՜նն ահա, որոնք հիմա հպարտորեն
Բարձրանում են մեր կապուտակ երկնքի տակ՝
Պատմությունից ժառանգելով միայն իրենց անունը թանկ...
Խայտում է սիրտըս անհանգիստ.
Խենթ հրճվանքի
Ալիքներն ես կարծես զգում քո տաքացած երակներում,
Շունչ ես քաշում ազատորեն - կարծես կուրծքդ երգ է գրում՝
Ռիթմիկ մի երգ՝ ազատ չափով, առանց ճնշիչ բռնահանգի:
Երևան
18.IX.1949թ.

ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՍԱԿԱԿԻՑՆԵՐԸ

Սովետական Հայաստանի
30-ամյակի առթիվ
I
Բեղուն չէր այն տարին մեր սեգ լեռնաշխարհում.
Վերից մի կապարե երկինք էր ծանրացել,
Արյունը՝ ջուր դարձել, ջուրը՝ դարձել արյուն,
Մոր սրտի պես փխրուն հողն էր պղնձացել:
 
Խաղողի վազն անթաղ ինքն իրեն էր սգում՝
Իր ավշային զուլալ արցունքները կոպին,
Ծարավ շրթունքի պես մեր հողն էր ճաքճքում՝
Կարոտ հորովելին, կարոտ արծաթ խոփին:
 
Բարբաջանքի սովոր ջրաղացը ձորում
Առեղծվածի նման համրացել էր կրկին.
Աղուն բերող սայլերն անուշ չէին ճռռում,
Եվ ալյուրի փոշին մեղմորեն չէր թառում 
Չարքաշ շինականի թավ մորուքին:
 
Բեղուն չէր այն տարին: Տնօրհնեքին շրջող
Տերտերի պես սովը բախում ամեն դարբաս
Ու կյանքը դարձնում էր անհունորե՜ն տանջող,
Անհունորե՜ն երկար անլուծելի մի պաս:
 
Մոլեգնում էր սովը ու ժանտախտը դեղին,
Ու Մահն էր քրքըջում անողորմ ու դաժան,
Եվ ոչ լեգենդական այդ ժանտախտի պահին,
Լպիրշ քրքըջոցով ձայնակցելով մահին՝
Խրախճանք էր սարքել մի ազգադավ խուժան...
 
Բեղուն չէր այդ տարին: Օրոցքները գյուղի
Քիչ նորածին տեսան օճորքի տակ մթար.
Բաժակներում չեռաց աչքալույսի օղին
Եվ հազվադեպ երգվեց. «Նանի՜կ արա, մատա՛ղ»...
 
II
Բեղուն չէր այն տարին սուրբ արգանդը հողի,
Եվ հազվադեպ հնչեց կնունքի երգ ու տաղ,
Բայց ժամանակն ուրիշ ծնունդով էր հղի
Եվ հարկի տակ ամեն խավարամած հյուղի
Մի նոր արշալույս էր հասունանում դանդաղ:
 
Եվ նա ծնվեց՝ ինչպես արշալույսն է ծագում.
Մեռնող լեռնաշխարհը վերածնվեց կրկին,
Երբ Նևայի նման ալեկոծվեց Զանգուն,
Մասիսն արձագանքեց «Ավրորայի» զարկին...
 
Մեր հեքիաթի նման՝ անմահական պարտեզ,
Դրախտավայր դարձավ մեր չորացած այգին:
Մի նոր գեղեցկությամբ փթթեց այնպես, կարծես
Հրաշք երգն էր հնչել մեր Հազարան հավքի:
 
Աչքի նման զուլալ՝ նորից հոսեց առուն,
Հորովելը ծորաց մեր արտերում բերրի,
Եվ հավիտյան փրկված մեր սեգ լեռնաշխարհում
Հնչեց զվարթ ճիչն ու կանչը մանուկների:
 
III
Իմ երկրի հետ մեկտեղ՝ նրանք արդեն հիմա
Բոլորել են իրենց երեք տասնյակ տարին:
Հարցաթերթիկ պետք չէ նրանց կյանքի համար,
Նրանց կյանքը կյանքն է իմ նոր Հայաստանի:
 
Մեծացել են նրանք՝ մայր ու մանուկ մեկտեղ,
Մեկը մեկով՝ հպարտ, մեկը մեկով՝ կանգուն:
Նրանց ձեռքի, մտքի հետքը հրաշագեղ,
Լի անցյալը նրանց և ապագան շքեղ
Երևում է հիմա ամենուրեք կյանքում:
 
Մեր Սևանյան Զանգուն լույսի ծով է դարձել
Նախ և առաջ նրանց բազկի երակներում.
Նրանց երազներն են դարձել նոր ոճ, նոր ձև
Եվ վեհացել մեր լայն հրապարակներում:
 
Վերածվում գինու չգալարվող բոցի
Նաև նրանց ափի մարմանդ ջերմությունով.
Նրանց լույս քրտինքն է, որ փոխարկվում հացի,
Վերածվում է գինու չգալարվող բոցի
Եվ մեր հոգին լցնում կայտառ արբեցումով:
 
Ուր էլ լինեն նրանք՝ գործարանո՛ւմ, հանքո՛ւմ,
Եվ բանաստե՛ղծ լինեն, թե գիտնակա՜ն ջահել,
Նույն մարտիկն են նրանք մեր փոթորկոտ կյանքում,
Նույն մարտիկն են նրանք, ինչ երեկ են եղել...
 
Չէ՞ որ նրանք միայն չեն կառուցել շենքեր
Ու բարիքներ քամել հողից ու երկաթից,
Այլև հողագնդի ապագան են փրկել
Բարբարոսի դաժան ու արյունոտ թաթից:
 
Չէ՞ որ նրանք, իբրև ազատության զավակ,
Զինված նախ խոր սիրով, հետո միայն՝ զենքո՛վ,
Թշնամու դեմ ելան խիզախ ու անվարան
Եվ ուր հասան կռվով՝ ազատությո՜ւն տարան
Իրենց զինվորական շինելների ներքո...
 
*
Ճերմակ մազերին է փառքը սիրում նստել,
Իսկ այս սերունդն իրոք արժանի է փառքի:
Դրա համար գուցե նրանց քունքերն արդեն
Անժամանա՜կ այնպես՝ ճերմակել են կարգին:
Երևան
26.XI.1950թ.

ՆԱԽԵՐԳԱՆՔԻ ՓՈԽԱՐԵՆ

Դու մի՛շտ ինձ համար եղել ես կյանքում,
Մի՜շտ, թեկուզ հաճախ ուրիշի տեսքով-
Այսօր աղմըկոտ այս մեծ քաղաքում,
Երեկ՝ հեռավոր ինչ-որ գյուղակում՝
Աչքերիդ պես բիլ երկնքի ներքո:
 
Ես հենց քեզ հետ եմ խաղացել «տուն-տուն»
Ու դղյակ շինել կավից ու քարից:
Քեզնով է լցված մի մե՜ծ մանկություն,
Երազներով լի մի պատանությո՛ւն
Եվ ջահելությո՛ւն մի փոթորկալից:
 
Տասնյա՜կ անուն ես ունեցել կյանքում,
Տասնյա՜կ ձևերով կանգնել ես իմ դեմ
Եվ միշտ ներշնչել այն սերը մաքուր,
Որ և իր տասնյակ էսքիզներն արդեն
Քո պատկերով է այսօր ավարտել:
Նավչալու
VII.1953թ.

Ժայռերն ի վեր դանդաղ մագլցում է ճամփան

Ժայռերն ի վեր դանդաղ մագլցում է ճամփան
Ու հասնելով լեռան սեգ կատարին՝
Հոգնած ճամփորդի պես կանգ է առնում մի պահ,
Պառկում շվաքի տակ ծեր անտառի: 
 
Եվ բացվում է իմ դեմ, իմ աչքերի առաջ
Իմ հայրենի գյուղը - այնտեղ՝ ցածում:
Քնաթաթախ գյուղի տանիքներից ելած
Երդիկների ծուխն է ծո՜ւյլ հորանջում: 
 
Գետակն, աղբյուրների չարաճճի որդին,
Թավալվում է ձորում ու փրփըրում.
Նրա ժայռոտ ափին ավերակը բերդի
Իր հին պաշարումն է մտաբերում...
 
Նախիրը բառաչելով դաշտ է գնում հիմա,
Այգիներում, հոգնա՜ծ, ջուրը հուն է գտնում...
Բաց է մեր դռնակը կարոտ գրկի նման,
Եվ ես - կրկի՛ն մանուկ - մեր հին տունն եմ մտնում:
 
Երևան
24.V.1946թ.

Չոր մասրենու մի հին չափար

Չոր մասրենու մի հին չափար,
Որ այգին է շրջապատում:
Չափարի տակ առյուծաբար
Մրափում է մեր չալ կատուն:
 
Չափարի տակ մի չար եղինջ
Շուլալվել է փշատենուն
Եվ մերթ ընդ մերթ դաղում է ինձ,
Երբ նրան եմ ես մոտենում:
 
Եղինջի մոտ՝ մի թո՛ւփ խոնարհ, 
Թփի վրա՝ մի վառ զատի՛կ,
Թփերը՝ թա՛ց, կիսախոնա՜վ,
Շաղված շողով կաթիլ-կաթիլ: 
 
...Թփի վրա մի վառ զատիկ՝ 
Մանկությունս է թռե՜լ, ցնդե՛լ,
Ինչպես ցողի մի ջինջ կաթիլ
Տարիների արևի դեմ:
 
Մանկությունս է թռե՜լ, ցնդե՛լ,
Բայց իմ սրտում մինչև հիմա 
Մի մեղմ կսկիծ մնում է դեռ
Այն եղինջի խայթի նման...
Երևան
21.V.1946թ.

Lilas