Sevak

ՄԱՐԴԸ ԱՓԻ ՄԵՋ

ՏԽՐՈՒՄ ԵՄ

Հոգուս վրա տխրություն է հաճախ թառում, 
Երբ թաց աշնան չոր խաշամն է ծածկում առուն, 
Չոր խոտի հետ երբ այրվում է թուփը կանաչ, 
Երբ մենք՝ հիմար տղամարդիկ, չենք նկատում ազնիվ կանանց, 
Ու երբ գուսան-չալ կաքավն է ընկնում վանդակ, 
                           Իսկ երգ ատող, 
                           Նվագ հատող 
Մարդը դառնում... մեկենասի ձուլված քանդակ... 
 
Ես, սրտիս տեղ, իմ կրծքի տակ 
Տխուրաչյա մի կաքավ եմ հաճախ զգում...
Մոսկվա
27.V.1957թ.

ՄԽԻԹԱՐՈՒՄ ԵՄ

                  Մխիթարեմ՝ 
Թե ինքնատիպ ու չընդունված բանաստեղծին 
Երախտապարտ որդիներով ու թոռներով 
Եվ հետմահու հատորներով, 
Ապա տափակ ու միջակին, 
Ե՛վս առավել պատեհապաշտ բութ գրչակին՝ 
Ա՛յն պարտադիր հաջողությամբ, 
Որ և՛ ունի, և՛ կունենա՝ 
Ողջ է քանի 
Ու կենդանի: 
 
Եվ ծերացած այն ամուրուն, 
Որին ոչ ոք օր ծերության 
Չի փայփայում ու գուրգուրում, 
Խաբեմ ես այն սփոփանքով, 
Որ... չի կապվել նա երբևէ 
Լաչառ կնոջ պինդ կապանքով... 
 
Ում մերժել է իր դրացի 
Հոգի հանող 
Ու խելք տանող 
                           աղջիկը չար, 
Ես այն մտքով չեմ սփոփում, 
Թե չի վարվել այդ դրացին 
                           արդարացի: 
Ես մերժվածին սփոփում եմ լոկ այն դողով, 
Որ... չի ապրել նա առավել ահավորը, 
                  Գիտե՞ք որը. 
Դավաճանելն ու խաբելը իր սիրածի... 
 
Անբա՜խտ իմ քույր, 
Ո՛վ չբեր կին, 
Անբուժելի քո այդ վերքին 
Ես ո՞րտեղից, ի՞նչ դեղ ճարեմ, 
Ես քեզ ինչո՞վ մխիթարեմ: 
Մխիթարեմ ա՛յն սարսափով, 
Որ չես ապրել որդեկորույս մոր կսկիծը, 
Երբ պոկում են կարծես սիրտըդ խեղճ կրծքիցըդ... 
 
Նաև մի քիչ լինեմ բարի 
Եվ սարն ի վար ցած գլորվող-ջարդվող քարին 
Մխիթարեմ այն թռիչքով և անկումով, 
Որ վայել է և... հանճարին: 
 
Ընդհատակում, հոգու խորքում 
Զգույշ տարվող թույլ պայքարին 
Մխիթարեմ նոր ուժերի հավաքումով: 
 
Հարբուխ ընկած-մրսած չարին 
Մխիթարեմ և... թոքերի բորբոքումով: 
 
Արձագանքով մխիթարեմ համըր սարին: 
 
Գոլորշացող-ցնդող ջրին, 
                           մարող հրին 
Մխիթարեմ այն օրենքով, որ բարությամբ 
Սահմանել է ինչ-որ ծերուկ Լաուազե. 
Հարատևել ա՛յլ դրությամբ, 
Ո՛չ մի չափով չնվազել... 
 
Ուղղագրական նոր օրենքով 
Գործածումից հանված տառին 
Մխիթարեմ այն տանջանքով, 
Որ տարիներ, ձի՜գ տարիներ 
Պատճառել է ծեր ու մանկան: 
Մխիթարեմ հատվող լարին 
Ա՛յն ճնգոցով, որ կարող է նա՛ արձակել, 
Ուրիշ և ո՛չ, և՛ ո՜չ մի լար՝ 
                           թե նվագեն 
Վարպետ-ճարտար մատներն անգամ... 
 
Իզուր անցած գոռ պայքարին 
Մխիթարեմ իրեն ծնող 
Ու կործանող 
                           պատճառներով: 
 
Հերքված աստծուն խեղճ ու բարի՝ 
Հազար ու մի շեն ու ավեր տաճարներով: 
 
                  Եվ, վերջապես, 
Ծով արյունով թրջված դարին 
                  Մխիթարեմ 
Այն հավատի ավետիքով (թե՞ չար բոթով), 
Որ արյունն այդ կցամաքի 
Թղթերի մեջ, թանաքի հետ... 
 
                  Իսկ ի՞նձ... 
Ինչով ի՞նձ սփոփեմ, 
Մխիթարե՜մ, ո՛չ թե խաբեմ: 
 
Այն կն՞ոջ պես ինձ սփոփեմ, 
Որին 
                  միշտ էլ երբ օրհնում են ավանդաբար, 
Նույն հին բարի խոսքն են ասում. 
«Աստվա՛ծ պահի գլխավորիդ»: 
Իսկ խեղճ կինը, թե չամաչեր. 
Երինջի պես կբառաչեր. 
«Թաղե՜մ էդպես գլխավորին», 
Որովհետև գլխավորը՝ 
Այդ անհոգի բեղավորը, 
Նրան ծեծում ու տանջում է ամեն վայրկյան՝ 
Չհարցնելով անմե՞ղ է, թե՞ մեղավոր է. 
Այն էլ այնպե՛ս, 
                           որ անհոգի 
Ճիպոտը միշտ կամրջվում է 
Իր մի ծայրով կնոջ այտին, մեկով՝ հոնքին,- 
Եվ խեղճ կինը ցավից լալիս, 
Բայց և աստծուն փառք է տալիս, 
Որ... գեթ ա՜չքը չկուրացավ ծեծ ուտելիս... 
 
Մխիթարվեմ այն հավաստի իրողությամբ, 
Որ ես ինքըս տղամարդ եմ և ոչ թե կին, 
Եվ իմ ապրած ժամանակը՝ 
Արտասովո՜ր 
Եվ 
Լուսավո՛ր՝ 
Ո՜չ մի բանով չի նմանվում 
Այդ նզովյալ ժամանակին... 
Մոսկվա
19, 21-22.VI.1957թ.

ԽԱՆԴՈՒՄ ԵՄ

Ես խանդո՞ւմ եմ: 
 
Անկեղծ ասած, թե ամոթ չէ, 
Ինձ շատ ծանոթ և շատ մոտ չէ 
Այդ ահավոր խանդ կոչվածը. 
Իմ մեջ, գուցե, բնությունից 
Ինչ-որ մի բան անտեսված է, 
Ուրիշ մի բան՝ տնտեսված է: 
 
Ընդամենը գիտեմ լոկ այն, 
Որ ես այնտեղ, որտեղ մարդիկ 
Հավանաբար և խանդում են, 
Բարկանում եմ - ոչ տևական, 
Քմծիծաղում - անբավական, 
Կամ ծիծաղում - անբնական, 
Եվ... եղածը ես քանդում եմ: 
 
Մեր խորտակված սերը վկա... 
Մոսկվա
19.XI.1957թ.

ԴԱՌՆՈՒՄ ԵՄ

Եթե դառնայի նույնիսկ մրցարան՝ 
                  Ես չէի թողնի, 
Որ կեղծավորը հաղթի շիտակին, 
                  Ճառող թերուսը՝ խորհուն գիտակին: 
 
Եթե դառնայի նույնիսկ թրծարան 
                  Ու սուտ թրծեի հարկադըրաբար՝ 
                  Բոլո՜ր ստերը մեկ-մեկ ճաքեին, 
                  Հակառակ դեպքում՝ դուռըս փակեի: 
 
Ո եթե նույնիսկ դիահերձարան՝ 
                  Վերստի՛ն սուտը, 
              Մե՜ծ հաջողությամբ տարածվող սուտը 
                  Ես կհերձեի, 
                  Որ մի փորձեի՝ 
Ինչպես խելացի երեխան ինքը 
Քանդում-ջարդում է իր խաղալիքը, 
Որպեսզի տեսնի, նաև հասկանա՝ 
Ինչո՞ւմն է բանը և բանալիքը... 
                  Ու երանի՜ թե 
Խաղալիքի պես սուտն էլ փչանար, 
Եվ չգտնըվեր ո՛չ սարքող վարպետ, 
                  Ո՛չ էլ գործարան... 
 
Դառնայի մառան՝ 
                  Չէի ցանկանա մի խորշում պահել 
                  Քծնանքի թթու և կամ թե քացախ, 
                  Որ ախորժակ են գրգռում հաճախ, 
                  Շատերիս նույնիսկ շատ դուր են գալիս, 
              Բայց ստամոքսը ազնիվ է, եթե 
                  Միշտ ետ է տալիս... 
 
Ու եթե խարան՝ 
              Ես չէի ջնջվի այն սուտ-սուրբ աջից, 
              Որ բոլո՛ր նրանց գամում է խաչի, 
                  Ովքեր մտքի մեջ, 
                  Մտքի՜ մեջ անգամ 
              Ուզում են խույս տալ հարկադիր պաչից... 
 
Ու եթե շարան՝ 
                  Չդառնամ շարան 
                  Կեղծ հարցադըրման, 
                  Այլ մեղադրմա՜ն. 
              Եվ ոչ թե ինչ-որ հիմար ցույցերի, 
              Այլ մեղադըրման ապացույցերի՜... 
 
Ու եթե բերան՝ 
                  Ո՛չ խաբեբայի, 
                  Այլ երեխայի՜, 
              Ո՛չ թե անտարբեր մի դասախոսի, 
                  Այլ դատախազի՜. 
              Ո՛չ թե աղոթող մի խեղճ տատիկի, 
                  Այլ մունետիկի՜... 
 
Դառնայի պարան՝ 
                  Եթե ոչ լաստի 
                  Կամ առագաստի, 
              Եթե ոչ պարզվող սուրբ դրոշակի, 
              Ապա ոչ ձեռքում և հրոսակի, 
              Որ նա դրանով ոտք ու ձեռք կծկի: 
              Ավելի լավ է այդ դեպքում արդեն 
              Գեթ պարան դառնալ... թեկուզ լվացքի՜... 
 
Ու եթե իրան՝ 
                  Ո՛չ թե աջ ու ձախ անվերջ ճկվողի, 
                  Այլ պատվախնդիր հպարտ աղջըկա՜ 
                  Եվ ա՛յն կտրիճի, որին՝ բարդու պես՝ 
                  Հատվել-փռվել կա, 
                  Բայց ծռվել չկա՜... 
 
Ու եթե կռան՝ 
              Ո՛չ մարդկանց գլխին, 
              Այլ դարբնի՜ ձեռքում... 
 
Ու եթե դռան հուսալի կողպեք՝ 
                  Պահեստի՛ վրա, 
              Որ բարիքը գա բարիքին դիզվի, 
                  Պահեստի՜ վրա, 
                  Եվ ո՛չ թե լեզվի... 
 
Դիցուք, թե նաև դառնում եմ մի օր 
Բանաստեղծության օրենսդիր մի նոր 
Եվ... գիտե՞ք արդյոք, թե ինչ եմ անում, 
                  Ա՞յս եմ հավանում, 
                  Այն չե՞մ հավանում: 
                  Չէ՛, թույլ եմ տալիս, 
                  Երբ տեղն է գալիս, 
              Բանաստեղծները բանաստեղծելիս 
              (Ոչ զիզի-բիզի բան ստեղծելիս) 
              Չափածո խոսքում երբեք չգրված, 
                  Կոպիտ համարվող, 
                  Նույնիսկ արգելված 
              Բառեր ու խոսքեր թող օգտագործե՜ն, 
              Թո՛ղ չկարկամեն, թո՛ղ վստահ փորձեն: 
 
-Օրենքներ չկա՛ն, կա լոկ իրավո՜ւնք... 
Մոսկվա
15.VI.1957թ.

ԶԱՐՄԱՑՆՈՒՄ ԵՄ

Ահավասիկ այս խնձորը՝ 
         Մեղրածորը, 
         Կամ այս դեղձը՝ 
Անձեռակերտ-անստեղծը... 
 
Սա մի պատառ կերպափոխված արեգակ է. 
Զովություն է այստեղ դարձել նրա տաքը, 
Հոսուն հուրը ստացել է մի հստակ ձև, 
Շողն ու լույսը փոխվել գույնի, համ ստացել: 
         Եվ այս՝ գիտե՞ք ինչի՛ համար, 
         Միայն նրա՛, որ մեզ համար 
         Արեգակը դառնա հարմար. 
         Որ այս դեղձը պոկենք հիմա, 
         Աղվամազոտ դունչը շոյենք, 
         Այս խնձորով նախ հիանանք՝ 
                  Ա՛յս կողմ շուռ տանք, 
                  Ա՛յն կողմ շրջենք 
Եվ - թե հանկարծ սրտներս ուզի - 
Ոչ այս - ոչ այն՝ բռնենք կրծենք: 
 
Տարօրինակ բան չեք կարծո՞ւմ, 
Որ արև է մարդը կրծում...
Մոսկվա
20.XI.1957թ.

Lilas