Sevak

ՄԱՐԴԸ ԱՓԻ ՄԵՋ

ԽՈՒՍԱՓՈՒՄ ԵՄ

Ես խուսափում եմ 
                  Թեթև դերերից, 
                  Էժան սերերից 
Եվ ա՛յն նորերից, 
                  Որ հաստատվելիս 
                  Ու թուխս նստելիս 
                  Միշտ հինն են ծնում. 
Եվ ա՛յն օրորից, 
                  Որ քուն չի բերում,
Այլ, ավելի շուտ, քուն է փախցընում... 
 
Մի՛շտ խուսափելով, 
Ճի՛շտ խուսափելով՝ 
Պիտի չհասնեմ և ա՛յն դրության, 
Երբ փափուկ բանի հեշտ կտրվելը 
Վերագըրվում է թրի սրության. 
Լողալ չիմացող մարդու խեղդվելը`
                  Լճի խորության. 
Ստիպողաբար կռվում հաղթվելը`
                  Սրտի բարության. 
Օժտված մարդու հաջողությունը՝ 
                  Քաջնազարության. 
Իր սկզբունքին հաստատ մնալը՝ 
                  Մտքի քարության... 
 
Ես խուսափում եմ դեռ շա՜տ բաներից: 
                  Ես խույս եմ տալիս 
Թեթև բաներից վիրավորվելուց.- 
                  Շատ եմ ինքնասեր. 
Եվ անպատասխան սիրահարվելուց.-
                  Սիրառատ եմ շատ. 
                  Եվ շիլ դառնալուց՝ 
Իմ խեղճ աչքերի անվերջ չռվելուց.- 
                  Զարմանում եմ դեռ. 
Ամեն կշեռքի թաթին դրվելուց.- 
                  Իմ քաշը գիտեմ. 
Ամեն առիթով իսկույն սրվելուց.- 
                  Եվ ի՜նչ եմ տաշում, 
                  Լոկ ի՛նձ եմ մաշում... 
 
Չե՜մ ուզում տրվել, ամեն մի կրքի, 
                  Չե՛մ ուզում տրվել.- 
                  Ես շատ եմ կրքոտ.
Չե՜մ ուզում կռվել հիմարների հետ, 
                  Չե՛մ ուզում կռվել.- 
                  Էլ ջիղ չմնա՜ց.
Ուզում եմ ծռվել՝ բա՜ն չի ստացվում 
                  Եվ չի՛ ստացվի.- 
                  Բունս է հաստացել... 
 
Գուցե վտարվե՞լ ուրախ շրջանից.- 
                  Հաճախ եմ տխրում. 
Գուցե վթարվե՞լ՝ մեքենայի պես.- 
                  Մաշվում եմ անվերջ. 
Գուցե կտըրվե՞լ այս խոկումներից.- 
                  Ես էլ եմ հոգնում... 
 
Ես խույս եմ տալիս և զուր այրվելուց.- 
                  Ո՞ւր եք , մրսողնե՛ր, 
                  Մո՜տ եկեք գոնե.
Ես խույս եմ տալիս և զուր լարվելուց.- 
                  Դեռ շա՜տ գործ ունեմ, 
                  Որ չարվի՛ գուցե... 
 
                  Ես խույս եմ տալիս 
Ամեն քամոցով իսկույն թորվելուց.- 
                  Ջուր եմ հանքային: 
 
                  Ես խույս եմ տալիս, 
Բայց չեմ վախենում շուտ պղտորվելուց.- 
                  Աղբյուր եմ լեռան: 
 
                  Ես խույս եմ տալիս, 
Բայց չեմ սարսափում և խոտորվելուց.- 
                  Ճամփա կգտնեմ... 
 
...Եվ չխուսափե՞մ այն դրությունից, 
Որ լոկ գալիս է մեր խլությունից: 
                  Խուլին ասում են. 
                  - «Ցուրտ է, չես մրսո՞ւմ»:
Խուլն էլ ասվածը խլաբար լսում 
Եվ ի պատասխան իրենն է ասում. 
- «Հա՛, ճիշտ եք լսել, մեր անտեր ցուլը 
Կա-չկա կարծեց, թե փորոտիք է՝ 
Զարկեց ու պատռեց մեր գինու տիկը...»: 
 
Ես խույս եմ տալիս ո՛չ թե խուլերից, 
                  Այլ կարաս ջարդող 
                  Ու տկճոր պատռող 
Բոլո՜ր անմակդիր նման ցուլերից... 
Մոսկվա
14-15.VI.1957թ.

ԳՈՅՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՄ

                  Ես մտածո՞ւմ եմ: 
                  Բա՛ն չեմ մտածում... 
 
Լեռնային գետն է թավալվում ցածում, 
                  Ինչ-որ մրջյուն է 
                  Կծում իմ ոտը.
                  Ինչ-որ թռչուն է 
                  Թրատում օդը. 
 
Սառույցն է շողում լեռան կատարին, 
Ինչպես որ երեկ ու բոլոր տարին... 
Վիճաբանո՞ւմ են խոտերն ու քամին, 
Թե՞ դատապարտում սուտ բարեկամին... 
Ինչպե՞ս չեն փլչում այս լեռ քարերը,
Թե կտրատվել են նրանց կարերը... 
Ինչո՞ւ քարն է պինդ, իսկ ջուրը` հեղուկ
Եվ ապառաժը՝ անձայն ու համըր, 
Իսկ այս տատրակը անվերջ գեղգեղում՝ 
Շատախոսելով հանում է համը... 
 
                  Ես մտածո՞ւմ եմ: 
                  Բա՛ն չեմ մտածում: 
 
Ես նույնն եմ անում, ինչ գետը ցածում, 
                  Ինչ այս մրջյունը 
                  Եվ այս թռչունը, 
                  Այս խոտն ու քամին 
                  Եվ սարն ու քարը.- 
 
Շարունակում եմ իմ գոյությունը... 
Մոսկվա
25.V.1957թ.

ՊԱՏԿԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ

Պատկերացնում եմ նորի՛ց ու նորի՛ց. 
 
Ինչ-որ տեղ մի օր ծնվում է մորից 
                  Շա՜տ սովորական 
                  Մանուկ մի լալկան: 
 
Ինչ որ ես գիտեմ՝ նա դեռ չգիտի, 
Իր դասագրքից իմանա պիտի. 
Ինչ որ եղել է ինձ համար հանգույց,
Որ պիտի քանդել կամ թրով հատել,
                  Նա գիտի՛ արդեն 
                  Եվ գիտի - մանկո՜ւց. 
Ինչի վրա ես գլուխ եմ ջարդել 
Եվ տառապելով տառապել սաստիկ, 
Նա ստացել է արդեն... պատրաստի՜. 
Ինչ ես ատել եմ, ինչ ես ատում եմ՝ 
Նա նույնիսկ իր շուրջ չի նկատո՛ւմ էլ. 
Ինչ չեն ներել ինձ՝ նրան ներում են, 
Ինչ ես եմ սիրել՝ դրան տիրում է. 
Ինչին ձգտել եմ, ինչ երազել եմ՝ 
Նա դրան արդեն վաղո՜ւց հասել է,- 
Եվ չի՛ հասկանում իմ տենչանքը նա, 
Եվ չի՛ հասկանում իմ տանջանքը նա... 
 
                  Ինչ ես եմ կրել՝ 
                  Նա էլ չի՛ կրի, 
                  Ինչ ես չեմ գրել՝ 
                  Նա՛ պիտի գրի... 
 
Սակայն նա գոնե պատկերացնո՞ւմ է 
                  Կյա՛նքը, 
                  Տանջա՛նքը, 
                  Ջա՜նքը պապերի... 
Մոսկվա
25.V.1957թ.

ՀՊԱՐՏԱՆՈՒՄ ԵՄ

Ես հպարտ եմ իմ ճյուղերով ու սաղարթով, 
Բայց առավել՝ իմ արմատով 
Եվ իմ բնի վաղեմությամբ. 
Ժողովրդիս ծերունական 
Խիստ բնական 
                  խոհեմությամբ, 
Բայց ավելի՝ 
Նոր շիվերի 
                  դալարությամբ - 
Նրա ջահել որդիներից հենց լավերի 
                  խելառությամբ... 
 
Ես հպարտ եմ մի բուռ հողով, 
Թե աճում է այնտեղ խաղող: 
Ես հպարտ եմ ջրով մի կուց, 
Թե նա մեկին տասն է տալիս 
Մի թիզ արտից և կամ այգուց... 
 
Անշահադետ օգնություն եք թե ցույց տալիս՝ 
Ես հպարտ եմ ձեր օգնությամբ. 
Թե չեք թողնում հանգստանալ մարդավարի՝ 
Ես հպարտ եմ իմ հոգնությամբ. 
Ստիպում եք մի կո՞ղմ քաշվել ասպարեզից`
Ես հպարտ եմ իմ ճգնությամբ... 
 
Եթե պետք է լավ հասկացվել, 
Եթե պետք է խոր զգացվել 
Լոկ եղածի նոր կրկնությամբ՝ 
Ես հպարտ եմ 
                  Չհասկացվող 
                  Եվ չզգացվող 
Իմ ինքնությամբ. 
Շատ-շատերից չկարդացվող՝ 
Բայց և այնպես իմ սեփակա՛ն ձեռագրով. 
Այլոց կողմից չարդարացվող՝ 
Բայց և այնպես իմ սեփակա՛ն ծրագըրով. 
Ուրիշների խնջույքի մեջ
Թող ո՛չ մի դեր չխաղացած՝ 
Բայց և այնպես ի՛մ հնձանով. 
Թեկուզ խռպոտ ու բաղաձայն՝ 
Բայց ի՛մ ձայնով. 
Թո՛ղ որ անզոր՝ 
Սակայն արդա՜ր իմ ցասումով. 
Թո՛ղ որ իզուր՝ 
Բայց բնակա՜ն իմ հոսումով. 
Եվ անտարբեր լրջությա՛ն դեմ՝ 
Թո՛ղ որ գուցե անհետևանք և ապարդյուն, 
Բայց և այնպես միտք խմորող իմ տաք վեճո՜վ.
Անփառունակ-երկարատև կյանքի դիմաց՝ 
Իմ մկրտված կյանքի վերջո՜վ... 
 
                  Հպարտ եմ ես 
Իմ փայփայած նպատակով, 
Թեկուզ նրան չհասնե՜մ էլ 
(Մեղքը կընկնի ոչ իմ վզին).
Թեկուզ նույնիսկ իզուր անցած 
Ուրախ ու նուրբ իմ կատակով 
(Տափակները չհասկացա՜ն). 
Իմ կտակով, թեկուզ գիտեմ, 
Որ երբևէ չի կատարվի 
(Մեռածի՜ն էլ քիչ են հարգում).
Իմ զտարյուն հովատակով, 
Եթե չտա նույնիսկ սերունդ 
(Նա ի՞նչ անի - մատա՜կ չկա)... 
 
Եվ, վերջապես, հպարտ եմ ես, 
Հպարտ եմ ես իմ... գդակո՛վ, 
Թեպետ և նա վաղո՜ւց ծակ է 
(Ճիշտ խոսողի խեղճ գդակը, 
Ինչպես գիտեք, ծակ է լինում)... 
 
Ինձ թույլ տվեք հպարտանալ 
Եվ կարծեցյալ իմ բարդությամբ՝ 
Թե լավ գին են տալիս միայն պարզունակին 
Ու պարծենում ա՛յն պարզությամբ, 
Որին անգամ չի պղտորում 
                  Ո՛չ արյունը, 
                  Ո՛չ սմբակը, 
                  Ո՛չ էլ կեղտը... 
 
Ինձ թույլ տվեք, վերջի՜ն անգամ, 
Խիզախի պես հպարտ զգալ 
Հնարավոր իմ պարտությամբ, 
Ինչպես նաև... նաև իմ այս հպարտությամբ, 
Որ թերևս անտեղի է... 
Մոսկվա
21, 23.VI.1957թ.

ԺԽՏՈՒՄ ԵՄ

Ասում են, թե առանց սիրո 
Կարելի է մեկտեղ ապրել: 
                  Ես ժխտում եմ. 
Կարելի է չմահանա՜լ, 
                  Ո՛չ թե ապրել: 
 
Կժխտեի ես արևի՛ գոյությունն էլ,
Թե արևը չշողշողար, 
Այլ գրքերում անփայլ լողար 
Ու գրքերում թաղվե՛ր միայն: 
 
Կժխտեի ես տերևի՛ գոյությունն էլ, 
Թե տերևը ծառի վրա ոչ թե շողար, 
Այլ ածուխի շերտերի մեջ պեղվե՛ր միայն: 
 
Կժխտեի ակներևի՛ գոյությունն էլ, 
Ակներևը թե չերևար՝ 
Թե նա իբրև լավ ցանկություն 
                  Զեղվե՜ր միայն: 
 
                  Ես լա՛վ գիտեմ, 
Թե ինչ բան է ցանկությունը.- 
 
Ետ ես բերում անդարձ կորած մանկությունը, 
Փոխարկում ես էժանության թանկությունը. 
Սնանկության խեղդող ձեռքից 
Ազատվում ես չստանալիք ժառանգությամբ. 
Տնանկության բաց երկընքից 
Դու զատվում ես ցնորական բնակությամբ. 
Աղմըկարար աշխատանքից 
Շունչ ես քաշում մտացածին մենակությամբ 
Բարակ մեջք ես դու երազում, 
                  Չա՛ղ աղջիկըս. 
Երկու առողջ ոտք ես ուզում, 
Կա՛ղ աղջիկըս. 
Հավանաբար աչքն է հուզում 
                  Քեզ, չղջի՛կըս. 
                  Տրորվող խոտ, 
Դու ուզում ես անշուշտ լեզու. 
                  Դու, մութ գիշե՛ր՝ 
Թեկուզ մի քիչ լույս ու լազուր... 
 
                  Ես լա՜վ գիտեմ, 
Թե ինչ բան է ցանկությունը: 
 
Բայց ցանկությա՞մբ լոկ լիանալ,- 
                  Ես ժխտում եմ: 
Երազանքո՞վ լոկ հիանալ,- 
                  Ես ժխտում եմ: 
 
Ես ժխտում եմ, չեմ ընդունում, 
Երբ ժխտում են խոսքո՜վ միայն, 
                  Ո՛չ թե փորձով, 
                  Ո՛չ թե գործով: 
 
Ես ժխտում եմ՝ երբ չեն փնտրում 
Առաջ տանող մի նոր ճամփա, 
Այլ սպառնում վերադարձով. 
Երբ լրջորեն հոխորտում են ու պարծենում 
Ոչ պարզապես եղած սառցով, 
Այլ պաշարով և ա՛յն ջրի, 
                  Եվ ա՛յն ձրի 
                  Էժան շոգու, 
Որ չհալած ու գոլորշի դեռ չդառած 
Այդ սառույցն է պարունակում... 
 
Ինչպես որ դուք չեք հավատում 
Միջնադարյան ոգիներին, 
Գոյությունն եմ ես էլ ժխտում շոգիների, 
Եթե նրանք... դեռ սառույց են: 
Մոսկվա
04, 08.VI.1957թ.

Lilas