Sevak

ԱՆՄԱՀՆԵՐԸ ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՆ

ՀՐԴԵՀՆԵՐԻ ԼԵԶՈՒՆ

Ես բոցերի լեզուն չեմ մոռանա բնավ:
Հրդեհային բառի հրե լեզուն,
Երբ երկինքը իր լայն անեզրության վրա
Փոխանցում էր խոսքեր հակիրճ ու սուր:
 
Մարտի թոհ ու բոհում, շառափի մեջ կռվի,
Երբ խոսքն անկարող էր, անզոր՝ լեզուն,
Երբ թնդանոթն անգամ իր որոտով հեռվից
Ոչ թե խոսո՛ւմ էր պարզ, այլ կակազում:
 
Երբ նահանջում էինք մենք մի ծանր պահի
Եվ սկսում էին շան պես հաչել
Թշնամու զենքերը, որ մեզ մատնեն ահի,-
Երկինքը հայտնում էր. «Կանգնե՛ք, քաջե՛ր»:
 
Այդ՝ մի գյուղ էր գուցե - կերոնի պես այրված,
Գուցե մի գործարան՝ քուրայի պես,
Գուցե անտառ վայրի, գուցե մի թանգարան՝
Իր գույների փայլի պերճության մեջ:
 
Այդ՝ հրդեհի խոսքն էր երկնի վրա լազուր,
Հասկանալի, սակայն և անթարգման,
Հրի հրամանը, բոցի անզուսպ լեզուն,
Անխախտ մեր դեվիզը՝ կամ կյա՛նք, կամ մա՛հ:
 
Իսկ երբ երթի փոշին լուսածիրի նման
Արդեն թշնամական հորիզոնի վրա՝
Ելնում ու ծածկում էր ամենայն ինչ,
Ազդարարում էր նա - «Առա՜ջ, դեպ ի՛նձ»:
 
Եվ երբ անցնում էինք քաղաքներից-քաղաք,
Մեր հաղթության ուրախ ժխորի մեջ
Նա մի վերջին անգամ հորիզոնում շողաց,
Կայծագրեր. «Դադա՛ր: Հաղթությո՛ւն: Վե՛րջ»:
 
Այդ՝ վերջին բոցի մեջ պատերազմն էր այրվում,
Մոխրանում էր կռվի մոլուցքը թեժ՝
Իր իսկ հրախաղով իր մահն ազդարարում,
Իր երկնքի ներքո, իր որջի մեջ...
 
. . . . . . . . . . . . . . . . . . .
. . . . . . . . . . . . . . . . . . .
 
Ես բոցերի լեզուն չե՛մ մոռանա բնավ,
Հրթիռային խաղի թովիչ լեզուն՝
Լենինի դամբանի հավերժության վրա,
Հրապարակում Կարմիր, Կրեմլի շուրջ...
 
*
Խաղաղության հուրը վառվում է մեղմուրախ
Հիմա ամե՜ն տան մեջ մեր աշխարհում:
Մենք բոցերի լեզուն չե՛նք մոռացել, բնա՛վ -
-Զգաստությո՜ւն է նա թելադրում:
Երևան
05.II.1947թ.

ԴԱՐԸ

Դարն այս, ուր ամեն ինչ գիտակցված է, օ՛, խի՜ստ,
Եվ ընթանում է միշտ ո՛չ ակամա,
Ուր գոյության համար չկա միջին ուղի,
Ուր միմիայն պետք է ընտրել կամ ա՛յս՝ կամ ա՛յն,-
 
Դարն այս և ի՛մ մեջ է, և քո՛ մեջ է - մե՜ր մեջ.
Նրա ծնունդն ենք մենք, նրա արյունն ենք թանկ,
Եվ չենք կարող երբեք մեր հոգու մեջ մեղմել
Ա՛յն, ինչ ժառանգել ենք մենք սրությամբ:
 
Թեթևության համար դարը մեզ չի ներում,
Ինչպես որ չենք ներում ինքներս մեզ.-
Սո՛ւր է դրված հարցը լինել-չլինելու...
Մենք, որ լինելու ենք՝ լինենք ծա՜նր և մե՛ծ:
 
Եվ հասկանանք, սի՛րտ իմ, ինչ մե՛զ է վիճակվել,
Որքան ծա՛նր է, դժվա՛ր, նույնքան թա՛նկ է, անգի՛ն,
Եվ եթե մեզ պահենք թեթևամի՛տ, անգե՛տ,-
Առա՛նց խնայելու դարը մեզ կապտակի... 
Երևան
09.II.1947թ.

ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՀԱՂԹԱՆԱԿ

Ճերմակել է նորից աշնան դաշտը դեղին-
Կրկին ձյունն է իջնում անհունորեն խաղաղ,
Ամեն աղմուկ ու ճիչ թվում է անտեղի,
Անհարիր է թվում ամեն մի աղաղակ...
 
Սակայն գիտես, որ այս խաղաղության ներքո -
Անհարազատ, օտար աշխարհներում,
Ինքն իրենից հոգնած, ինքն իրենից դժգոհ
Մի մութ փոթորիկ է գաղտնի հևում:
 
Գիտես, որ աշխարհում - քո աշխարհից հեռու,
Որքան էլ որ ձմռան երկինքն է անկայծակ,
Կայծակներ են սակայն պահվում մութ ամպերում,
Որպես գալիք կռվի բոցահարույց կայծհան:
 
...Սակայն գիտես նաև, որ ձմեռից հետո
Իր հաղթական տոնով միշտ մայիսն է գալիս,
Որ արկերով դաժան և վառոդի ծխով
Չի ընդհատվում երբեք շունչը դարի:
Երևան
[1947թ.]

ԳԱՐՆԱՆԱՅԻՆ

Ծավալվել ես, գարո՛ւն, ողջ աշխարհի վրա,
Բացել ես ինքդ քեզ, բացվել ինքդ քո դեմ՝
Նման մի խոր երգի - անհղացում գրված -
Որ միշտ նո՛ր է թվում, թեպետ անգիր գիտեն:
 
Քո պարգևած պայծառ ու խոր խլրտումից
Հողը հիմա ծա՛նր՝ գոլորշով է շնչում,
Գետերն են դուրս ելել իրենց նախկին հունից,
Մինչդեռ թռչունները՝ հին բներն են թռչում:
 
Բացել են ծառերը իրենց թերթերն ի լույս,
Կանաչներն են ծփում անսահման ու անծիր,
Եվ քո տաքուկ շնչից, քո ներշնչած սիրուց
Աղբյուրներն են երգում նման քա՜ղցր լացի:
 
Ծավալվել ես այսպես ողջ աշխարհի վրա
Բացե՜լ ես ինքդ քեզ, բացվել ինքդ քո դեմ,
Նման այն խոր երգին - անհղացում գրված,
Որ ինձ նո՜ր է թվում, թեպետ անգիր գիտեմ...
 
II 
Սաղարթների վրա ծիծառներ կան հիմա,
Գարնան շունչ կա հիմա, բուրմունք անուշ.
Ծաղիկներն են լռում, իբրև մի խոր իմաստ,
Որ զուլալ աղբյուրն է լոկ թարգմանում:
 
Ու արոտներում խլրտում կա հիմա,
Փողոցներում խայտանք ու եռուզեռ...
Տարբեր հուզանք ունի հիմա ամե՜ն մի մարդ,
Բայց միևնույն պահն է ողջը հուզել:
 
Վարարումով վայրի սիրտս լի՜քն է հիմա,
Սիրտս լի՜քն է հիմա, լի՛՝ լալու չա՜փ...
Եվ պահում է լեզուս մի անթարգման իմաստ
Իր խո՜ր, հուզումնավո՛ր լռության տակ...
 
III 
Փողոցների վրա քո խայտանքն է կախվել,
Լո՜ւռ տարածվել ամեն մայթի վրա,
Փակ պատուհանները քո տաք շնչին բախվել,
Երկփեղկվել են, գարո՛ւն, սրտի՜ս նման:
 
Այնպես քա՜ղցր է զգալ թևածումդ, գարո՛ւն,
Այնպես քա՜ղցր է ապրել հուզանքդ պերճ,
Որ խայտում է իմ մեջ իբրև բոսոր արյուն,
Շարժվում սրտիս խորքում, երակիս մեջ:
 
Ես ուրա՜խ եմ, գարուն, ուրա՛խ՝ խնդալո՜ւ չափ,
Բայց սրտիս մեջ ցավ կա՝ լուռ լացի՜ պես...
Բախվել է քո շնչին պատուհանը իմ փակ
Ու երկփեղկվել, գարո՛ւն, իմ սրտի՜ պես...
 
IV 
Գարո՛ւն, նույնն ես նորից, նո՛ւյնն է խայտանքդ անուշ.-
Նորից զգում եմ ես ծանրությունը սրտիս...
Դու հուզում ես, գարո՛ւն, իբրև ծանոթ անուն,
Որ մոռացվել մի պահ, արդ հիշվում է կրկին:
 
Բա՛ց է սիրտս հիմա, գարո՛ւն, քո շնչի դեմ.
Ե՜կ, ողողի՛ր սիրտս քո խնդությամբ պայծառ,
Ե՜կ, մոտեցի՜ր, որ քեզ մոտի՜կ զգամ, դիտեմ
Իբրև մեռած ընկեր՝ կրկին կենդանացած...
 
Այնպես ծա՜նր է հիմա առանց նրա ապրել,
Գարո՛ւն, քո խայտանքը այն աշխարհի վրա,
Որի գարնան համար նա իր կյանքը դրեց՝
Իբրև մի երգ սիրո - կարմիր արյամբ գրված...
 
Նո՛ւյնն ես նորից, գարո՛ւն, նո՜ւյնն է խայտանքդ անուշ.-
Նորից զգում եմ ես ծանրությունը սրտիս...
Դու հուզում ես, գարո՛ւն, իբրև ծանոթ անուն,
Որ արցունք է կորզում՝ երբ հիշվում է կրկին...
 
Բայց այսուհետ կգաս, գարո՛ւն, ո՛չ այն հերթով,
Որով եկել ես դու ձիգ դարերից...
-Այսուհետև կգաս իբրև ո՛չ լոկ զարթոնք,
Այլև իբրև չեղած մի տարելից:
 
Կգա՜ս, կգա՜ս իբրև փառաբանում ու փառք
Նրա՛նց համար, որոնք դյուցազնորեն,
Ներկա կյանքով հարուստ և գալիքով հպարտ,
Նահատակվե՜լ են, մեռե՛լ, բայց չեն կորել:
 
Նրանց համար, որոնք ձմռան ցրտերի մեջ
Գիտեին, որ գարո՛ւն, նորից կգաս,
Որ չի կարող կյանքում լինել հավերժ ձմեռ
Եվ մահվան դեմ կյանքը՝ թույլ ու տկար:
 
Նրանց համար, որոնք գիտեին, որ կգաս
Եվ սփռելով կյանքում փայլ ու ժպիտ,
Կլինես նրանց գործած հերոսության վկա
Եվ կորստի համար, վերքի համար՝ սպի:
 
Կգա՛ս, բայց ոչ իբրև լոկ բնության զարթոնք,
Ինչպես որ եկել ես ձիգ դարերից,
Այլ թշնամուն՝ զենքով, մահին մահով հաղթող
Հերոսների համար մի տարելից...
 
Կգաս, բայց ոչ իբրև լոկ նորաբաց կակաչ,
Ո՛չ իբրև վարդ, շուշան, «սիրի-սիրի».-
Իբրև փառաբանում, հիշատակում կգաս,
Իբրև Հաղթության Տոն,
Մայիսի ինն...
Երևան
15.I.1947թ.

ԿԱՆՑՆԵՆ ՕՐԵՐՆ ԱՅՍ

Կանցնեն օրերն այս և մենք նրանց հետ,
Մեր կյանքն ու դարը անցյալ կդառնան,
Եվ ինչ որ մենք ենք անվերջ անրջել՝
Մեր երազանքին մեր կյանքը խառնած,
Ինչի համար մենք տառապել ենք խիստ
Եվ պայքարել ենք ու ձգտել արյամբ,
Կտրվի նրանց անարյո՛ւն, հանգի՛ստ,
Կդառնա կենցաղ ու պարզ առօրյա...
 
...Ես տեսնում եմ պարզ - մանուկ մի արթուն,
Թեքված պատմության իր գրքի վրա,
Վերացած դեմքով իր դասն է սերտում:
Մեր դարն է փռվել նրա աչքի դեմ -
Գաղտնիքները՝ բաց և վերքերը՝ փակ...
Նա մեզ տեսնում է մշուշի միջից
Իր խոր աչքերի հայացքով վճիտ
Եվ սարսռում է զարմանքից մի պահ:
Անուններն է մեր նա սիրով սերտում,
Մտքում պահում է հին թվականներ.-
Երբ շահել ենք մենք մի դաժան մարտում
Եվ թշնամուն ենք մեր հողից վանել...
Երբ մաքառել ենք հավատով անմար,
Ջանացե՛լ, տքնել կամքով մի խորին,
Եվ կործանել ենք՝ կառուցման համար,
Եվ կառուցել ենք անկործանելին...
 
Նա ապրում է մեր լարումը կրկին,
Ե՛վ հավատում է, և՛ չի հավատում
Մեր այս օրերի պատմության գրքին
Եվ գոյությանը, կյանքին ամենքի,
Որոնց անունն է նա սիրով սերտում...
 
*
Անցյալ կդառնան մեր օրերն այս թեժ,
Ու մենք - այսօրվա պարզ քաղաքացի -
Կթվանք այն ժամ պաշտելի հերոս...
Եվ մանուկներին, նորածիններին
Կմկրտեն մեր պարզ անուններով...
Երևան
05.IV.1947թ.

Lilas