Sevak

ԱՆՄԱՀՆԵՐԸ ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՆ

ԱՆՄԱՀՆԵՐԸ ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՆ

Նրա՛նք, որոնց հետ ես պայքարել եմ մարտում,
Ապրել նահանջ, գրոհ և հաղթություն պայծառ,
Նրա՛նք, ովքեր սակայն, ավա՜ղ, չդարձան տուն,
Երբ աղետը կանխվեց, ու վտանգը անցավ,-
 
Նրա՛նք - բազմակերպար, նրա՛նք - բազմալեզու,
Տարբեր հողո՛վ, ջրո՛վ, տարբեր գույնո՛վ անգամ,
Սակայն որոնց շրթից նույն գալիքն է խոսում,
Որպես սրտագիտակ և հարազատ թարգման,-
 
Նրանք ներս են գալիս առանց բախմա՛ն, անձա՛յն,
Երբ հյուրընկալ, ծանոթ իմ սենյակում
Լռությունը, իբրև անձեռակերտ արձան,
Կիսաբաց գրքերի նիրհն է հսկում:
 
Երբ նստած եմ լինում հոգնատանջ ու տխուր,
Ինքս ինձնից դժգոհ, չվաստակած,
Երբ տենչած երգի տեղ՝ հովն է դուռս բախում
Ու կորչում է, իբրև ծաղր ու կատակ...
 
Իբրև ջերմ ներշնչանք և հղացում հարուստ
Այցելում են նրանք հենց այդ պահին հանկարծ,
Իրենց ներկայությամբ անխոս հրամայում,
Պահանջում են ինձնից իրենց երգը չերգած:
 
Երգն այն, որ ծնվել է խոնավ խրամատում,
Ջերմել հայրենի տան հրդեհներից,
Ահագնացել նրանց հաղթական ու հատու՝
Ողջ Եվրոպան չափած ոտնաձայնից...
 
***
 
Նրանց փառքով, ինչպես իմով փառավորված,
Աչքս հառած նրանց անցած ճանապարհին՝
Ես ապրում եմ թեկուզ տենդով ամենօրյա,
Աննախադեպ կյանքով ու խնդությամբ գալիք:
 
Թեկուզ մաքրվում է, սիրտս սրբագործվում
Նրանց թափած արյան անեղծությամբ,
Եվ չծնված երգս նրանց արյամբ օծվում,
Նրանց արյան նման դառնում է թանկ,-
 
Բայց դժվար է դառնում մարմին տալ այդ երգին,
Անմահության երգին տալ հնչյուն ու բարբառ,
Եվ ես տվայտելով՝ մռայլվում եմ կրկին
Անզորության տանջող գիտակցությամբ:
 
Իսկ այդ պահին նրանք այցելում են զվարթ.
Ինչպես հաղթանակած մարտից հետո,
Եվ հայացքո՛վ, ժպտո՛վ, խոսքերո՛վ անվհատ
Փարատում են հոգիս կասկածներից պղտոր:
 
Ասես ասում են ինձ եղբայրորեն զվարթ.
-Եղիր նույնքան համառ, որքան մարտում,
Մի՛ վարանիր, ընկեր, մի՛ երկմտիր բնավ,
Այլ կերպ չէինք հաղթի և չե՛ն հաղթում:
 
Զգա շունչը դարի երակներո՜վ, արյա՛մբ,
Մեր արյան պես եղիր վառ ու անմեռ,
Հիշի՛ր, որ միասին մենք փրկել ենք համայն
Աշխարհի բախտը և կփրկենք դեռ:
 
Հիշի՛ր և փառ՜ք տուր մեզ, ընկածներիս բոլոր,
Փա՛ռքը երգիր նաև ապրողներիդ,
Եղիր երգի մեջ էլ, ինչպես մարտում՝ հերոս:
Սիրի՛ր, բայց թշնամուն մտաբերի՜ր:
 
Երգիր խրո՛խտ ու վե՛հ, ինչպես մարտի պահին
Եվ փխրո՜ւն՝ տուն հղված նամակի պես,
Եվ որդուն սպասող մոր պես մեղմ ու բարի,
Եվ զինվորի նման պարզ ու անկեղծ...
 
Երգի՛ր, բայց կռվե՜լը... չմոռանա՜ս, ընկե՛ր,
Ա՛յդ են մեռածները...
Այստեղ ահով
Ընդհատում եմ նրանց այս խոսքը բոցարյուն,
Եվ գոչում երդումի նման հանդիսավոր.
 
-Ո՛չ, այդ անմահներն են հրամայում... 
Երևան
25.X.1946թ.

ՄԵՐՈՆՔ

Այդ բառը արդյոք ե՞րբ ծնվեց կյանքում:-
 
-Գուցե այն պահին, երբ անակնկալ
Վերևից մի արկ աննկատ ընկավ
Եվ անմեղ խաղով տարված մի մանկան
Սպանեց մթնում:
 
Գուցե այն պահին, երբ վառվող մի տուն,
Չայրելու համար տունը դրացի,
Սեփական ցավի մոխիրը սրտում՝ 
Հրի շշուկով շշնջաց տրտում.
-Այդ օտարներն են, դու զգուշացի՜ր:
 
Եվ գուցե այն ժամ, երբ թշնամին ժանտ,
Հարբած իր արյամբ և մեր բերքերով,
Նահանջի մատնեց մեզ ծանր մի ժամ
Եվ այրված տունը դրացուն ասաց.
-Դեռ կգա՛ն մերոնք... 
Երևան
28.III.1947թ.

ՀԱՐԱԶԱՏՆԵՐ

Հարազատնե՛ր,
Ես չմեռա, ես մնացի նորից կենդան,
Ես ապրեցի ձեզնից հետո...
Հարազատներ, որ թաղված եք մայր հողի տակ,
Հարազատնե՛ր:
 
Ես տեսա այն, ինչ դուք տեսաք-
Դեմքը մահի,
Բայց ընկնելով անժամանակ,
Դուք չտեսաք՝ ինչ տեսա ես -
Մարտից հետո եկավ ապրի՛լ, եկավ Մայի՜ս,
Եկավ Մայի՛ս ու հաղթանա՛կ:
 
...Հարազատնե՛ր,
Ես ի՞նչ երգով ձեզ ետ կոչեմ,
Իմ՝ զինվորի ձայնը խուլ է, մինչ սիրտն է խոր...
Հարազատնե՛ր,
Կրկին ստեպն է կանաչել,
Որ խեղդվել էր թնդանոթի թանձր ծխով:
 
Կրկին հիմա խարտիշահեր կազակուհին,
Շրջելով նույն ստեպներով,
Հանկարծակի հիշում է սուր կատակ մի հին,
Որ ձեզանից մեկն է ասել նրան մի օր,
Ու ինձ նման՝
Չի իմանում ժպտա՞, թե՞ լա...
Եվ շշնջում է միայն.
 
Հարազատնե՜ր... 
Երևան
30.V.1947թ.

ԼԵԳԵՆԴԸ

Նա ծնվել էր այնտեղ, ուր կան լեռներ ժայռոտ,
Ուր քարափներ, կիրճեր, անտառներ կան,
Ուր ամեն քար այնպես մտերի՛մ է, ծանո՜թ,
Ամեն խութ՝ ժպտադեմ, ամեն թուփ՝ բարեկամ:
 
Ուր միակ թշնամին գարնան սելավն է ժանտ,
Որ սրբում էր - տանում ջրաղացը հացի,
Չթողնելով ձորում ուրիշ այլ մի նշան
Քարաշեղջից կախված նավախելից բացի:
 
Նա ծնվել էր այնտեղ - լեռնաշխարհում հայոց,
Ժայռաքարից կերտված մի հին տնում,
Բայց մարտնչեց, ընկավ - ընկավ իբրև հերոս
Ռուսական անափ տափաստանում:
 
Նույն հեղեղն էր վայրի, նույն սելավը դաժան,
Որ ուզում էր ողջը սրբել, քանդել՝
Հեռավոր Բեռլինից մինչև Կովկաս հասած,
Հեղեղ, որ ո՛չ ջրով, այլ արյամբ էր հորդել:
 
Նա մարտնչեց, ընկավ անափ տափաստանում,
Ուր քար չկա և ուր հողն է ավազ,
Որ այստեղ, քարաշատ, ժայռոտ Հայաստանում
Նրա ջրաղացը հայոց ցորենն աղա... 
 
Հայոց ցորենն աղա, աղա հատի՜կ-հատի՜կ,
Առատ - ստեպների ավազի չափ,
Եվ ջրերի՛ն, ժայռի՛ն, նավախելի՛ն պատմի
Նրա կյանքի մասին... արդեն լեգենդ դարձած...
Երևան
24.I.1047թ.

ՈՐԴԻՆ

Նա անգո՛ւթ էր կռվում, գոտեմարտում՝ դաժան
Մոլեգնորեն էր նա ոսոխներին ջարդում,
Թշնամու դեմ չուներ խղճմտանքի նշան,
Ու բարության նշույլ չուներ սրտում:
 
Եվ նա մի օր ընկավ մահով հերոսական,
Թշնամու շարքերում - մեր դիրքերից հեռու...
Սակայն մահից հետո նրա մայրը, երկա՜ր,
Դեռ շարունակ որդուց նամակ էր ստանում...
 
...Պառավն ինչպե՞ս զգար, ո՞նց հասկանար արդյոք,
Որ զինվորը դաժան, նո՛ւյն իր բարի որդին,
Գոտեմարտից առաջ իր սեփական ձեռքով
Բացիկներ էր գրել ու նամակներ անթի՜վ...
 
Եվ մինչ ուրախության զուլալ իր արցունքով
Սփոփվում էր մայրը, որ ապրում է որդին,
Ռուս մուժիկ մի ծեր, դողդողացող ձեռքով,
Վշտի արտասուքը քթարմատին,-
 
Ծրարների վրա նո՛ւյն հասցեն էր գրում,
Միայն... միշտ դնելով նոր ամսաթիվ...
Երևան
01.IX.1947թ.

Lilas