Վերադառնալ «ՄԱՐԴԸ ԱՓԻ ՄԵՋ» ժողովածուին
Բանաստեղծություն
ՆԵՐՈՒՄ ԵՄ
29.V.1957թ. 10.VI.1957թ. 21.XI.1957թ.
Մոսկվա
Ես չե՛մ հարգում, ճի՜շտ հասկացեք,
Ես չե՛մ հարգում,
Բայց ներում եմ ջահելներին՝
Երբ զուր տեղը կռիվներ են նրանք սարքում -
Մեղավոր է հորդող ուժի ավելցուկը:
Ես չե՛մ հարգում, ճի՜շտ հասկացեք,
Ես չե՜մ հարգում,
Բայց ներում եմ ահելներին՝
Երբ ասում են շատ լրջորեն,
Հետն էլ տնքում.
-Բա սա ձո՞ւկ է: Մեր ժամանակ լա՜վն էր ձուկը...
Ես ներում եմ
Օտար երկրում լիազորված հայրենասեր այն դեսպանին,
Որ հայրենիք տանող ճամփա չի հարցընում՝
Իմանալով, որ իր դժբախտ հայրենիքում վիշապացել
Ու խժռում է բռնակալի դեռ երեկվա բարակ օձը:
Այսպես՝ նաև ես ներում եմ ինքնասպանին,
Թե մի քնած ժողովուրդ է արթնացընում
Նրա միակ կրակոցը...
Ու ներում եմ գլխացավը՝
Թե ծագում է տարիքն առած կուսությունից,
Գլխացավանքն անակընկալ՝
Թե գալիս է հաջող չանցած քսությունից.
Եվ այն ցավը,
Որ արդյունք է սիրո անուշ հիվանդության,
Եվ այն հիվանդ սովորույթը,
Որ ծնունդ է ավանդության:
Թող որ ներվի
Նաև սուտը անմեղունակ,
Ամեն կոպիտ անմեղ հանաք,
Ամեն ամպ օր ու եղանակ:
Եկեք նաև մի՛ նեղանաք,
Թե սիրում են՝ ցույց չեն տալիս,
Բայց մի՛ ներեք,
Թե ցույց տալիս, բայց չեն սիրում:
Եկեք նաև նրա՛ն ներենք,
Ով լռում է հարկադըրված,
Սակայն գոնե փրփըրում է,
Բայց ոչ նրան,
Ով դավում է
Եվ ցավում է՝ հարկադըրված...
Ես չներե՞մ երեխեքին, եթե նրանք
Եվ թանկարժեք իր են կոտրում,-
Թող սպառնան մինչև անգամ և լուսնյակի՜ն:
Ես կներեմ ամե՜ն տեսակ ձեռնածություն ու հնարանք-
Եթե նրանք
Երեխայի սրտաճմլիկ լացն են կտրում,
Երեխայի լացն են կտրում, բայց ոչ խաբում
Դավաճանած եղջյուրակիր ամուսնյակին...
Երբ ենք ներում կամ չենք ներում,
Հասկանո՞ւմ եք:
Մենք ներում ենք
Ամե՛ն անգամ
Ու լոկ այնքա՛ն,
Որքանով որ կատարվածը հասկանում ենք: