Sevak

ՔԱՐՏԱՇԸ

II

Հիմա նա քարտաշ է. - արևավառ դեմքով,
Ո՛չ լայնալանջ այնքան, որքան ջլաբազուկ
Ու թե ցրտում ձմռան, թե արևի ներքո
Աշխատում է անվերջ, քար է տաշում:
 
Քար է տաշում - լինի տուֆքար մի վարդագույն,
Լինի բյուրեղ մարմար, թե գրանիտ կոպիտ,
Լայն ճակատի վրա մազի մի խիտ գանգուր,
Փոշու բարակ մի խավ աչքի կոպին...
 
Եվ նա ամենուր է: Շրջապատում
Մենք տեսնում ենք նրան, սակայն հաճախ
Մենք տեսնելով անգամ՝ չենք նկատում...
 
Մինչդեռ նա բիրտ է ժայռից, աչքաչափով վարպետ
Անձևությունն առնում, նրան ձև է տալիս
Եվ քարերից անշունչ, այլազան ու տարբեր
Ապագա է կերտում, դեմքն է կերտում դարի:
 
Մինչդեռ նա միշտ անդուլ
Տաշելով տուֆ, բազայլտ, գրանիտ թե մարմար,
Շինում է տուն, թատրոն, շատրվան ու սանդուղք,
Կերտում է կոր կամուրջ փառքի համար:
 
Մինչդեռ նրա ձեռքերում
Յուրաքանչյուր մի քար սրբատաշված, ողորկ,
Յուրաքանչյուր մի քար սրտադողով
Մի նոր վերք է փակում,
Որ կռվին է բացել
Շնչով իր կործանիչ ու անողոք...
 
Մինչդեռ նրա հոգու
Երազները պայծառ, բարձրախոյանք
Նայի՛ր -
Մարմնավորվել, դարձել կոթող անթեք,
Դարձել են սյուն վերձիգ, դարձել շքեղ խոյակ,
Դարձել են սեգ արձան ապագայի հանդեպ,
Եվ նոր ոճ են դարձել ներդաշն ու անբասիր,
Որ անբարբառ խոսքով
Գալիքին են պատմում մեր անցյալի մասին...
...
 
Նա պարզ մի քարտաշ է, և հերոս է սակայն,
Որ չի մատնում երբեք և ոչ մեկին
Իր հոգսերը, վիշտը, ուրախությունն անգամ
Այդ զգում են միայն երկուսը աշխարհում-
Լոկ այն մուրճը երկաթ,
Որ սեղմում է զգում պոչի վրա իր կարճ
Եվ այս տուֆաքարը իր պաղ մեջքին...
 
Միայն՝ երբ կեսօրյա հոգնածության պահին
Նա հանգիստ է առնում հովանու տակ
(Փայտե ձողի վրա մի պարզ թերթատախտակ,
Որ արևին՝ վերև և շուքն իր տակ պահի),
Նման անընդմեջ ու բութ ատամնացավի
Նորից հին հուշերն են նրան շրջապատում:
 
Չսպիացած մի վերք, կսկիծ մի դառնագին
Դարձնում են նրան տուֆի պես փափկակազմ...
Եվ այդ պահին եթե հանկարծակի
Փորձես խոսեցնել նրան մեկից
Պիտի թվա նա քեզ անուղղելի կակազ...

1

Կյանքը հոսեց հետո խաղաղ ու լայնահուն,
Սահանքներում միայն երջանկություն պահած:
Կյանքին նա մի շաղված ժպիտով էր նայում,
Ուր ամենից ավել կար անխորտակ հավատ...
Շրջվել էր աշխարհը գլխից ոտքի վրա,
Շրջվել էր աշխարհը... և այդ, այդ ընթանցքում
Իր բաժինն էր թողել կյանքը նաև նրան.
-Շինել քանդված հնի ավերների վրա
Այն, ինչ անկործան է գալիք կյանքում:
 
...Եվ խոսում էր մուրճը: Եվ լռում էր լեզուն
Մեծ ու խորհրդալի գործի գիտակցությամբ:
Կյանքում այնպես հախուռն, այնպես լայն էր հոսում,
Որ ծածկում էր վարար հորձանքի տակ
Հուշեր - ծանր ու դժնի, հուշեր - արյան մեջ թաց...

2

Եվ կյանքն իրենն արավ. նա այր դարձավ մեկից,
Հասունացած կարծես մի գիշերում խաղաղ:
Կարծես մի անբարբառ, մի թովչական երգից
Սիրտը կրծքի ներքո խայտա՛ց, խայտա՛ց:
 
Նա ամուսին դարձավ և հայր դարձավ ապա:
Իր իսկ ձեռքով շինած տան լայն բակում,
Մատղաշ ընկուզենու ըստվերի տակ, այգում
Առաջնեկը նրա խաղաց «Չապայ»,
Խաղաց «կարմիր-ճերմակ», «բուրժույ» խաղաց,
Թլդիկ արտասանեց «Լելին պապի»...
 
Որքա՜ն պիտի ծոռով ուրախանար,
Թե հրաշքով ապրեր իր խեղճ տատին...

3

Անթերի էր թվում երջանկությունն այնպես,
Խաղաղությունն՝ այնպես անխախտելի:
Սակայն կուտակվեցին կարկտաբեր ամպեր,
Անձրևի տեղ արկեր ցած տեղացին վերից...
 
Պատերազմը նրան մուրճը ձեռքին գտավ
Կիսակառույց շքեղ մի տան քար տաշելիս:
 
Որդին հենց նույն օրը կոմիսարիատ մտավ
Եվ միացավ, ձուլվեց մարտաշարին...

4

Պատերազմը նրա քունքերը արծաթեց.
Պատերազմը դարձրեց նրան փոքր ինչ կուզիկ...
 
Գերմանացուն գիտեր դեռ ա՛յն օրից ատել,
Երբ թուրք յաթաղանը իր հոր կյանքը հատեց
Վիլհելմ կայզեր ձեռքով...
Իբրև բալզամ բուժիչ
Կյանքը իր նոր, նորոգ, միակ հայրենիքում
Մխիթարիչ ձեռքով հին վերքն էր հարդարել...
 
Սակայն ահա նորից արհավիրքի միգում
Զարթնեց հին կսկիծը... Եվ արդարև
Ինչպե՞ս, ի՞նչ հրաշքով նա չհիշեր արյան
Այն շառաչը, բոցի ճարակումն այն վայրի,
Որ ժողովուրդ մի հին, բազմադարյան
Կործանումի մատնեց...
Անտաշ քարին
Մուրճը իջավ ուժգին և առավել հատու...
 
Մաքառումով անցավ արհավրալից տարին:
Անընդմեջ էր մի միտք.
-Որդուց նամակ գար տուն...
...
 
Նամա՜կ... իսկ մոր համար այդ ողջ աշխարհ էր մի-
Լեցուն տառապանքով, սարսուռներով, ահով...
Քարացել էր կարծես սպասումը շեմին
Փոքրիկ փոստատարի տեսքով ծանոթ...
Lilas