Sevak

ՔԱՐՏԱՇԸ

II

Հիմա նա քարտաշ է. - արևավառ դեմքով,
Ո՛չ լայնալանջ այնքան, որքան ջլաբազուկ
Ու թե ցրտում ձմռան, թե արևի ներքո
Աշխատում է անվերջ, քար է տաշում:
 
Քար է տաշում - լինի տուֆքար մի վարդագույն,
Լինի բյուրեղ մարմար, թե գրանիտ կոպիտ,
Լայն ճակատի վրա մազի մի խիտ գանգուր,
Փոշու բարակ մի խավ աչքի կոպին...
 
Եվ նա ամենուր է: Շրջապատում
Մենք տեսնում ենք նրան, սակայն հաճախ
Մենք տեսնելով անգամ՝ չենք նկատում...
 
Մինչդեռ նա բիրտ է ժայռից, աչքաչափով վարպետ
Անձևությունն առնում, նրան ձև է տալիս
Եվ քարերից անշունչ, այլազան ու տարբեր
Ապագա է կերտում, դեմքն է կերտում դարի:
 
Մինչդեռ նա միշտ անդուլ
Տաշելով տուֆ, բազայլտ, գրանիտ թե մարմար,
Շինում է տուն, թատրոն, շատրվան ու սանդուղք,
Կերտում է կոր կամուրջ փառքի համար:
 
Մինչդեռ նրա ձեռքերում
Յուրաքանչյուր մի քար սրբատաշված, ողորկ,
Յուրաքանչյուր մի քար սրտադողով
Մի նոր վերք է փակում,
Որ կռվին է բացել
Շնչով իր կործանիչ ու անողոք...
 
Մինչդեռ նրա հոգու
Երազները պայծառ, բարձրախոյանք
Նայի՛ր -
Մարմնավորվել, դարձել կոթող անթեք,
Դարձել են սյուն վերձիգ, դարձել շքեղ խոյակ,
Դարձել են սեգ արձան ապագայի հանդեպ,
Եվ նոր ոճ են դարձել ներդաշն ու անբասիր,
Որ անբարբառ խոսքով
Գալիքին են պատմում մեր անցյալի մասին...
...
 
Նա պարզ մի քարտաշ է, և հերոս է սակայն,
Որ չի մատնում երբեք և ոչ մեկին
Իր հոգսերը, վիշտը, ուրախությունն անգամ
Այդ զգում են միայն երկուսը աշխարհում-
Լոկ այն մուրճը երկաթ,
Որ սեղմում է զգում պոչի վրա իր կարճ
Եվ այս տուֆաքարը իր պաղ մեջքին...
 
Միայն՝ երբ կեսօրյա հոգնածության պահին
Նա հանգիստ է առնում հովանու տակ
(Փայտե ձողի վրա մի պարզ թերթատախտակ,
Որ արևին՝ վերև և շուքն իր տակ պահի),
Նման անընդմեջ ու բութ ատամնացավի
Նորից հին հուշերն են նրան շրջապատում:
 
Չսպիացած մի վերք, կսկիծ մի դառնագին
Դարձնում են նրան տուֆի պես փափկակազմ...
Եվ այդ պահին եթե հանկարծակի
Փորձես խոսեցնել նրան մեկից
Պիտի թվա նա քեզ անուղղելի կակազ...
Lilas