Sevak

ՈՂՋՈՒՅՆԻ ՔՄԱՅՔՆԵՐԸ

ԲԱՐԵՎ

- Բ ա՛ ր և, -
 
Մեկ հատիկ այս բառն եմ ասում՝
Կնքված անձնագիր ցույց տալու նման,
Կենսագրություն պատմելու նման,
Կամ հարցաթերթիկ լրացնելու պես:
 
Եվ կուզենայի՛, 
Շա՜տ կուզենայի, 
Որ այս բառն իրոք դառնար անձնագիր 
Աշխարհո՛ւմ համայն, 
Ամենքի՛ համար: 
 
Եվ կուզենայի՛,
Շա՜տ կուզենայի, 
Որ նմանապես այս բառը լիներ 
Նոր և իրական մի «Բացվի՛ր, Սեզա՜մ»:
 
- Բ ա՛ ր և, -
 
Ասեիր գնացքին, 
Նավին 
Կամ օդանավին, 
Ու ներս մտնեիր. 
«Բարև»-ըդ իբրև տոմսակ ընդունվեր:
 
- Բ ա՛ ր և, -
 
Ասեիր կնոջն անծանոթ, 
Ու նա քեզ սիրեր հենց նո՛ւյն վայրկյանին 
Կամ ներումնահայց ժպիտով ասեր, 
Թե բարևե՜լ են քեզանից առաջ:
 
- Բ ա՛ ր և, -
 
Ասեիր, և պարզ երկինքը 
Իսկո՛ւյն անձրևեր, եթե պետք է դա:
 
- Բ ա՛ ր և, -
 
Ասեիր լռակյաց հողին, 
Եվ նա ծլարկեր ու հասկավորվեր:
 
- Բ ա՛ ր և, -
 
Ասեիր մահի՛ն էլ անգամ, 
Եվ նա հասկանար, որ քեզ մոտ գալով՝ 
Ինքը շտապե՛լ, 
Շա՜տ է շտապել... 
 
Բա՛րև-ը դառնար իրական ու նոր մի... «Բացվի՛ր, Սեզա՜մ»:
 
Եվ այն ժամանակ եթե արջին էլ ասեիր 
 
- Բ ա՛ ր և, -
 
Նա էլ միգուցե հենց նույն վայրկյանին 
Խաղալիք դառնար մեր մանկան համար 
Եվ մի այնպիսի՛ կարգին խաղալիք, 
Որ ո՛չ լարվում է, ո՛չ էլ հասարակ բանից փչանում: 
Այսպես էլ՝ օձը ծերերի ձեռքին ձեռնափայտ դառնար, 
Կոկորդիլոսը դառնար պահարան խաղալիքների, 
Կախարան դառնար եղջերուն վայրի, 
Եվ փոթորիկը բեմի պարախումբ, 
Մարդն էլ՝ Մա՜րդ իրոք... 
 
Անկարելի բան աշխարհում չկա՜, 
Եթե աշխարհում իշխում է բարին, 
Որ մեր բերանում դարձել է 
 
- Բ ա՛ ր և, -
 
Ուրեմն՝ անձնագիր ցույց տալու նման, 
Կենսագրություն պատմելու նման 
Կամ հարցաթերթիկ լրացնելու պես՝ 
 
- Բ ա՜ ր և, -
 
Քե՛զ 
Ու 
Ձե՛զ, 
Ծանո՜թ-անծանո՜թ իմ սիրելիներ:
 
Թո՛ղ անկարելին դառնա կարելի 
Աշխարհո՛ւմ համայն, 
Ամենքի՛ս համար, 
Դառնա կարելի վաղն ու հենց հիմա, 
Դառնա կարելի մե՛կ բառով՝ 
 
- Բ ա՜ ր և...
Երևան
19.II.1964թ.

ԲԱՐԻ ԼՈՒՅՍ

Նորից երկնքով հին արշալույսն է սիգալով սիգում, 
Որպեսզի մեր նոր ու քաղաքակիրթ հիշողության մեջ 
Միշտ էլ թարմ մնան... առասպելները: 
-Բարի լո՜ւյս, իմ նո՛ր և իմ... առասպե՜լ:
 
Ինչպե՞ս քնեցիր: 
Ի՞նչ երազ տեսար: 
Ի՞նչ գեշ երազից արթնացար վախով: 
Եվ երազիդ մեջ 
Դու պատահաբար չտեսա՞ր նրան, 
Ով - ի՛նքդ էլ գիտես - քեզ գիտի այնպես, 
Ինչպես հիվանդն իր հիվանդությունը... 
 
Լույսը բարի է 
Եվ բարին լույս է... այնքան ժամանակ, 
Քանի դեռ սրտերն այդ «բարի լույս»-ը, 
Դարերո՜վ մաշված այդ «բարի լույս»-ը 
Լսում են կարծես առաջի՛ն անգամ 
Եվ ամեն անգամ փշաքաղվում են տաք փաղաքշանքից 
Ու նվաղումից սարսըռում այնպես,
Ինչպես երևի 
Մութ երկրաշարժից բույսն է սարսըռում ու փշաքաղվում... 
 
Ես փոքր-ինչ հետո դուրս կգամ փողոց, 
Որ հետախուզեմ վիճակը օդի՝ 
Թունդ ներծծելով ծխամոլի պես: 
Եվ վա՜յ թե թվա, թե ամեն ինչից 
Բուրմունք է գալիս թարմուկ աղջըկա 
Ու կամ ծաղկածայր փշոտ վարունգի: 
Եվ վա՜յ թե թվա, թե բոլոր մարդիկ 
Ի՛նձ են կողոպտում՝ օդը շնչելով, 
Քանի որ օդը... քեզնո՜վ է լեցուն, 
Ու քեզ են նրանք ներշնչում կարծե՜ս... 
 
Հանգել են արդեն լույսերը բոլոր, 
Եվ լոկ այս կիկլոպ լուսանիշներն են, որ արևի դեմ 
Ծիսաքրմական գոռոզությունը կորցըրած թեպետ՝
Պատվիրանի պես կրկնում են դարձյալ 
Իրենց գունային երրորդությունը՝ 
Բոլոր սանձազերծ մեքենաներին տեղում մեխելով 
Կամ վայրկենապես քշելով առաջ: 
Մի՞թե կանաչը պիտի կուրանա 
Աշխարհի բոլոր լուսանիշներում, 
Որ ես էլ կրկին, կանչելու նման, կարոտով ասեմ. 
-Բարի լո՜ւյս, իմ լույս կանա՛չ ու... կարմի՜ր: 
 
Ամպի մի պատառ արևն է ծածկում. 
Ակնոց է դնում արևը կարծես: 
Ես անակնո՜ց էլ պարզ տեսնում եմ քեզ 
Եվ զգում եմ քեզ ինձ այնքա՜ն մոտիկ, 
Որ կարծես նույնիսկ քո շունչն եմ շնչում, 
Մինչդեռ դու ինձնից հեռո՜ւ ես այնքան, 
Որքան կիկլոպը՝ այս լուսանիշից: 
Բայց մեզ կապում է մի ո՜ղջ պատմություն, 
Փառահե՛ղ, անմե՛ղ, անմե՛ռ պատմություն, 
Եվ մի «բարի լույս», որ չունի՜ վախճան: 
Նա պիտի հնչի մեզնի՛ց էլ հետո 
Եվ այնպե՜ս հնչի, 
Որ մերպեսները 
Նո՛ւյն փաղաքշանքից միշտ փշաքաղվեն, 
Նո՛ւյն նվաղումով սարսըռան տաքուկ, 
Ինչպես բույսերը՝ մութ երկրաշարժից: 
-Բարի լո՛ւյս, իմ կյա՛նք և իմ... պատմությո՜ւն...
Երևան
7,13.II.1964թ.

ԲԱՐԻ ԱՋՈՂՈՒՄ

Կենտ աչքն է ճմլում արևը կրկին՝ 
Պաղ առավոտվա մաքուր լվացված, 
Սակայն չարդուկված թաշկինակ-ամպով, 
Ու մանուկ օրն է ձգվում-հորանջում: 
 
Եվ սիամական երկվորյակի պես 
Իրար կցկցված խոփերը, նորի՛ց, 
Հլու-հնազանդ ա՛յն տըրակտորին, 
Որ գոմեշների, եզների, ձիու 
Արքայատունը գահազուրկ արեց,- 
Խոփերը նորի՛ց 
Այստեղ ու այնտեղ 
Ծեր Երկրագնդի հին մաշկն են քորում՝ 
Կարծես թիմարում, 
Եվ ակոսները իրար են դարսվում՝ 
Էջերի նման. 
Հողը թերթվում է, 
Իսկ ընթերցումը կլինի հետո, 
Երբ արեգակը 
Իր բժշկական սուր ասեղները խրելով հողում՝ 
Ավյուն սրսկի 
Եվ դուրս քաշի ծիլ, հասկավոր ցողուն: 
-Բարի աջողո՜ւմ: 
 
Արևը հողից ձգում-հանում է ոչ միայն ցողուն: 
Արևը նաև շենքեր է ձգում ու հանում հողից: 
Եվ մարդ արարածն իր իսկ ստեղծած ա՛յն ընձուղտներով, 
Որ մետաղ ունեն ոսկորների տեղ
Ու ջղերի տեղ՝ ճոպան պողպատե,- 
Բաբելոնական իր նոր ու հսկա աշտարակներին 
Մարդ արարածը մատուցում է քար, 
Խճաշաղախ է մատակարարում, 
Եվ արհեստական պսպղուն աստղեր՝ ապակու տեսքով, 
Իսկ ինքը՝ 
Պուճո՜ւր, աննշմարելի՜, 
Կարկինի նման ոտքերն է չռել 
Շինարարական հրապարակում կամ պատի վրա. 
Ուզում է ասես իր ոտք-կարկինով 
Չափել իր անցած-անցնելիք ուղին: 
 
Կպել են արդեն քամու շուրթերին 
Հյութեղ տերևներ, 
Եվ, տե՛ս, սաղարթի կանաչ երկնքից 
Կարճ-անհամաչափ ընդմիջումներով 
Ամբողջ ժամանակ 
Ցած են թրմփում 
Փոքրիկ գույնզգույն օդապարիկներ՝ 
Տեսքով խնձորի, դեղձի կամ տանձի: 
Եվ շնորհալի այգիների մեջ սկիզբ է առնում 
Մի աշնանային հալոցք արտառոց: 
Հաստազդըր ծառերն իրենց կաթոցքի 
Հեռագրային պարզ այբուբենով 
Կանչում են մարդկանց, 
Որ գան ու շոյեն 
Գգվանքի կարոտ իրենց վարսերը: 
 
Եվ հողի տակից 
Գլուխն է հանում մինչև իսկ սոխը՝ 
Ստորերկրյա արևն այդ գաճաճ, 
Ու լռին մարգի կանաչ մթան մեջ 
Ասես բացվում է արևածագը: 
Արդար նախանձից ու չարությունից 
Տե՛ս, լոլիկներն են մուգ-կարմիր դառնում՝ 
Մանրակոտորակ արևների պես խավարում ասես, 
Ոմանք՝ մասնակի 
Եվ ոմանք՝ լրիվ: 
Գազարն իր ոսկով 
Խաղալիքային գլխիվայր շրջված բուրգեր է սարքում 
Եվ կամ թռչելու պատրաստ հրթիռներ խաղալիքային,- 
Ո՞վ ինչ իմանա: 
Նրա ոսկու մեջ 
Մաղձոտ սխտորն էլ կտրում է արծաթ: 
Արծաթ է պտղում և մարդկանց դեմքին՝ քրտինքի տեսքով: 
-Բարի աջողո՜ւմ: 
 
Ոմանք ջութակի կամ դաշնամուրի բռնի օգնությամբ 
Պարան են հյուսում անհայտ ձայներից, 
Որ մարդիկ իջնեն իրենց խորքը մութ 
Կամ իրենց խորքում շնչահեղձվելիս վերստին փրկվեն: 
Ոմանք գույներից նոր կյանք են ձևում, 
Որ մարդկանց աչքը ողջ կյանքում հագնի: 
Ոմանք բայերի խոր գաղտնիքներն են ուսումնասիրում, 
Ջանում են հանել ածականների դիմակը ողորկ, 
Որ ասուլիսեն Անհայտության հետ 
Եվ նրա խորունկ խորհուրդը բանան ամենքի առաջ: 
-Բարի աջողո՜ւմ: 
 
Կնճիթը խրած անլեզու ծաղկի լի ալրատան մեջ՝ 
Իր ցերեկային բաց կողոպուտն է ավարտում մեղուն: 
-Բարի աջողո՜ւմ: 
 
Ութաձև միջատն իննաձև ճամփով իր բույնն է սողում: 
-Բարի աջողո՜ւմ: 
 
Մի համեղ մամիկ ընկույզ է ջարդում թոռնիկի համար 
(Թող փուտը՝ պակա՛ս, սերտը՝ շա՜տ լինի): 
-Բարի աջողո՜ւմ: 
 
Իսկ դո՛ւ, սիրելի՜ս, որ կար ես անում՝ 
Ասեղդ թելած երազի թելով, 
Կամ սրտատրոփ սեղան ես բանում՝ 
Ծածկելով ոչ թե սփռոցով միայն, 
Այլ նաև տաքո՜ւկ-տաքո՜ւկ կարոտով, 
Եվ սպասումից ջերմում ու դողում,- 
Մի վայրկյան հետո 
Կտեսնես, որ քո դուռը կբախվի, 
Եվ շրթերիցըս, մի վայրկյան հետո, սիրով կկախվի 
(Համբույրի՛ց առաջ) քնքշանքըս շողուն. 
-Բարի աջողո՜ւմ:
Երևան
18.II.1964թ.

ԲԱՐԻ ԻՐԻԿՈՒՆ

Արեգակն է թեքվում: 
Կարճանում է օրը: 
Եվ լեռները նորից երեխա են ծնում՝ 
Ստվերների տեսքով, 
Որ մեծանում քիչ-քիչ 
Ու թաղում են իրենց ծնող մորը: 
 
Պտտահողմը՝ 
Հենված ոտնաթաթի վրա, 
Խոյանում է երկինք՝ 
Հաստատելով 
Ժխտված առասպելը համբարձումի: 
 
Ցրտող օդում դանդաղ թպրտում է 
Մի կտոր տաք մարմին, 
Որ թռչուն է կոչվում: 
Ինչ-որ կին է կանգնած խուփ դաշտի մեջ, 
Եվ ոտների տակով անց է կենում 
Երկրագնդի անտես այն առանցքը, 
Որի երևացող մասն է ինքը: 
 
Առա՛նց հանցանքի մեջ բռնըվելու, 
Առա՛նց վկաների առկայության 
Ինքըս մեղավոր եմ ինձ ճանաչում 
Ու վախվորա՜ծ-քաշվա՜ծ մրմնջում եմ հեռվից. 
Մրմնջում եմ արդեն ո՛չ թե սրան, 
Այլ այն մեկի՛ն՝ իմի՜ն, հեռավորի՜ն. 
-Բարի իրիկուն քեզ, ի՛մ մենավոր...
Երևան
15.XI.1961թ.

ԲԱՐԻ ԳԻՇԵՐ

Ուռճացած երեկոյի մեջ լույսերը կեռ-կտուցավոր 
Վաղուց են գիշերը պեղել: 
Մայթերը էլ չեն հորանջում մարդկային կրունկների տակ: 
Փողոցներն ավլած են արդեն. 
Մնացած կեղտերը մթան պիտի որ արևը մաքրի: 
Քնել է - և աչքերը բաց- 
Քնել է ողջ քաղաքն արդեն: 
Եվ մի՞թե դեռ չես քնել դու. 
-Սիրելի՜ս, քեզ գիշե՛ր բարի: 
 
Ճյուղավոր թախիծն ուզում է դեռ պատվել նաև սաղարթով, 
Որպեսզի հետո, երևի, ստվեր տա, թունո՜տ մի ստվեր: 
Այդ թունոտ ստվերի ներքո թող քնի՝ ո՜վ որ կուզենա, 
Բայց ո՛չ դու. 
-Քեզ գիշե՜ր բարի: 
 
Կննջեն պահակներն անգամ՝ 
Գիշերվա ա՛յն հովիվները, 
Որ զգոն լույս ու լամպերի շնային հսկողության տակ 
Մշտապես արածեցնում են մակաղված զգուշությունը: 
Միայն ե՛ս բովանդակ գիշեր աչքերըս պիտի չփակեմ, 
Քանի որ ամեն կերպ հիմա քո տեղն է բռնել կամենում 
Մի ծանոթ պառաված օրիորդ՝ 
Այս կպչուն անքնությունը, 
Որից ինձ չեն փրկում նաև քնաբեր կոչված դեղերը: 
 
Ու ես այդ անքնությունից՝ 
Պառաված օրիորդից այս նույն, 
Այնպես եմ վախենում հիմա, 
Ինչպես որ երեխան է միշտ վախենում բուժակ բժշկից: 
Դո՛ւ գոնե, դո՛ւ եղիր առողջ 
Ու քնի՛ր. 
-Քեզ բարի գիշե՜ր: 
 
Ես կյանքում ինչքա՞ն գիշեր եմ ունեցել,- 
Դժվար է ասել, 
Քանի որ այդ հաշիվը պարզ չի արվում թվաբանությամբ, 
Այլ միայն սիրո՛ մատներով, 
Որ գուցե ծալվեն հաշվելիս, 
Բայց դժվա՛ր, դժվա՜ր թե բացվեն: 
Ես կանեմ այդ հաշիվը բարդ, 
Դա թող ի՛նձ, իսկ ինքըդ քնի՛ր. 
-Սիրելի՜ս, քեզ բարի գիշե՛ր: 
 
Մի բարակ - քաղաքավարի անձրև է եկել ժամերով, 
Եկել է առանց դադարի, 
Եկել լոկ կարծես ի՛նձ համար, 
Քանի որ արթուն մարդ չկա՛. 
Բոլորը քնած են վաղո՜ւց: 
Դե՛, դու էլ աչքերըդ փակիր. 
-Սիրելի՜ս, քեզ բարի գիշե՛ր: 
 
. . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . 
. . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .
 
Հեռու չէ առավոտն արդեն: 
Եվ - գուցե արևի ահից- 
Դադարեց անձրևն էլ հիմա: 
Անձրևն էլ դադարեց հիմա, 
Մինչդեռ դու... շարունակվում ես: 
Նաև դո՛ւ դադարիր մի քիչ. 
Խղճա՜ ինձ, և ի՛նքդ էլ ասա. 
-Սիրելի՜ս, քեզ բարի գիշե՛ր...
Երևան
09.II.1964թ.

Lilas