Sevak
ՆՈՐԻՑ-ՔԵԶ-ՀԵՏ

ՎԱՂՎԱ ԽՆՋՈՒՅՔՈՒՄ

Վաղը խնջույք է լինելու, ու կլինենք մենք միասին։ 
Ոմանք՝ գինով, իսկ ես կարբեմ քո հայացքով պղտոր ու մառ. 
Մինչ իմ հոգին, լի գավի պես, լուռ կերազի լոկ քո մասին՝ 
Լի գավերը կդատարկվեն հազար ու մի կենաց համար։ 
 
Ու խենթորեն երգեր կասեն՝ երգեր սիրո - դրժման մասին, 
Կմիանան - կբաժանվեն պարազույգերն՝ իբր ապացույց։ 
Հազար մաղթանք բաժին կընկնի յուրաքանչյուր կենաց թասին, 
Հազար մաղթանք նրա՜նց համար, ինձ՝ լռություն մի անպաճույճ։ 
 
Հազար նայվածք նրա՛նց համար քո աչքերից մութ ու գերիչ, 
Քո ձեռքերից հազար ալիք մեղմ կշոյի սրան-նրան, 
Եվ միայն մի պատահական մոլորված շող քո աչքերից 
Կիջնի, բայց չի հանգրվանի իմ դառնացած դեմքի վրա։ 
 
Քեզ կշոյեն ոմանք ձեռքով, ոմանք ժպտով ու հայացքով,
Ոմանց համար կին կլինես, այլոց համար՝ աստվածուհի. 
Քեզ կդիմեն, կբարբաջեն թլվատ լեզվով՝ գինու խոսքով, 
Իսկ ես... հեռո՜ւ ինձ կպահեմ այդ խոսքերից ասված ու հին։ 
 
Եվ այն պահին, երբ թանկագին քո կենացը հանկարծ զնգա, 
Ու ոսկեզօծ մաղթանքները արծաթ գավով հորդեն տնից, 
Դու այդ արբշիռ աղմուկի մեջ չես նկատի ու չես զգա, 
Որ սրտիս մեջ լեցուն մի գավ ճայթեց... զսպված լռությունից։ 
 
Բայց նստած եմ ես դեռ մենակ (չէ՞ որ վաղն ենք խնջույք անում), 
Դեռ առանց քեզ և - առանց քեզ՝ քեզ ավելի մերձ ու մոտիկ, 
Քան թե վաղը, երբ քո կողքին՝ ես ինձ կզգամ օտարոտի, 
Ինչպես երգն այս, որ երբ գրվեց՝ քեզ պես այլոց է պատկանում, 
Մինչդեռ իմն էր, երբ սրտիս մեջ ճիչ էր ցավի և կարոտի...
Երևան
29.XII.1946թ.
Lilas