Երբ լուսաբացն է լրտեսում ապակիները մեր խավար,
Ու կիսամութն է խուզարկում անկյունները մեր տների,
Դու երևի արթնանում ես՝
Արևի հետ:
Մեգն է մեկնում արձակուրդի:
Հավաքարար քամու ձեռքով
Ավելվում է գիշերային երազների կտորտանքը:
Ժամանում է օրը՝ իբրև վերաքննիչ:
Տարագրված տագնապներն են վերադառնում
Ու ծեծում են արդարության փակ դռները...
Իսկ դու ձեր փակ դռան ետև
Ի՜նչ իմանամ ի՞նչ ես անում:
Դու երևի նախ և առաջ լվացվում ես,
Որ... թարմանա ողջ աշխարհը...
Հետո մազերդ ես հարդարում,հավանաբար,
Որ շփումից քո մազերի ու քո սանրի
Առաջանա էլեկտրական հոսանք մի մեղմ,
Եվ դրանից... բոլոր մարդիկ զգան սարսուռ
Ու հաճելի փշաքաղվեն ամբողջ մաշկով...
Հետո գուցե սուրճ ես խմում,
Քո աչքերի՛ գույնն ունեցող
Ու նու՛յնքան էլ այրող տաք սուրճ,
Որ աշխարհի երակներով անվերջ շրջի
Հոտը սրճի...
Հետո արդեն փոխում ես դու զգեստը քո
Ու դուրս ելնում,
Որ... երբ անցնի ամբողջ մի դար,
Դարավերջին
Ինձ հանդիպես տաքսիների հանգրվանում
Եվ աչքերիդ անմե՜ղ-անմե՜ղ մեղմեղանքով
Ուշանալուդ համար, շիկնա՛ծ, չքմեղանաս՝
Շշնջալով՝ «չնեղանա՜ս»:
Չե՛մ նեղանում:
Քշի՜ր, վարո՛րդ:
Ու՞ր:
Չգիտե՛մ:
Քշի՜ր, վարո՛րդ:
Արեգակը՝
Շնիկի՞ պես, թե՞ բալիկի,
Տանից ելել և ինչ-որ տեղ մոլորվել է:
Գնանք գտնենք ու ետ բերենք:
Քշի՜ր, վարո՛րդ...
23.III.1964թ.