Sevak
ՆՈՐԻՑ-ՉԵՆ-ՍԻՐՈՒՄ-ՍԻՐՈՒՄ-ԵՆ-ԿՐԿԻՆ

ԲԵՌԱՆ ՆԵՐՔՈ

Անցնում էիր: 
Ողջ երեկոն քոնն էր կարծես, 
Ողջ երեկոն` իր բույրերով ու ջերմությամբ: 
Երկարափեշ եթե լիներ հագուստը քո` 
Ես կասեի, 
Որ երեկոն քարշ էր գալիս քո ետևից` 
Քո հագուստի փեշի նման: 
Սակայն կարճ էր հագուստը քո: 
Եվ երեկոն 
Ամփոփվում էր քո ծնկների ծալերի մեջ` 
Կարճ հագուստիդ կարճ փեշերի կարի ներքո... 
 
Վերջալույսի արևը շեղ գտել էր քեզ 
Ու շուլալվել քո հագուստի կոճակներին: 
Վերջալույսի շեղ շողերի միջնորդությամբ 
Երկարում էր քո ստվերը` հմայքի՛դ պես, 
Ու քայլում էր քեզնի՛ց առաջ` հմայքի՜դ պես... 
 
Եվ արթնացավ մեջըս հանկարծ 
Ինքնաձաղկման և ամոթի 
Տարօրինակ մի ցանկություն. 
Եթե կյանքում կա քեզ նման մի թանկություն,
Ես ինչպե՞ս եմ կյանքին նայել էժան աչքով` 
Ոչ թե անո՜ւշ մի հիացքով, 
Այլ մի տտի՛պ,
Հաճախ դա՛ռըն, 
Նաև կծո՜ւ մի հայացքով:
Եվ ինչպե՞ս եմ հաճախ իջել-ստորացել` 
Բարկանալու և դատելու աստիճանի, 
Չարանալու և ատելու աստիճանի, 
Ու թույլ տվել, որ նողկանքը տեղից հանի 
Հիացմունքի՜ն: 
Հոգով-սրտո՜վ ներողություն... 
 
Այսուհետև, ինձ հավատա՛, 
Է՜լ չպիտի ես խառնըվեմ ո՛չ իմ գործին. 
Է՜լ չպիտի այսուհետև 
Հակվեմ կյանքի աղտ-աղարտի ծանրության տակ: 
Առանց այն էլ ես հակված եմ բեռան ներքո 
Ա՛յն վիթխարի երգեհոնի, որ ի ծնե 
Սապատվել է իմ շալակին: 
Թող հնչի նա՛: 
Եվ անցիր դո՛ւ: 
 
Միայն թե դու... «մե՜ քիչ կա՛մաց գնա, գո՛զալ», 
Որ քո կամաց և անշտապ քելքի չափին համաչափվի 
Մեր խեղճ սրտի տրոփյունը հաճախակված, 
Որ քո տեսքից հանգստանան աչքերը մեր, 
Եվ քեզ թաքուն ունենալուց 
Ջղերը մեր քիչ խաղաղվեն, 
Ու երկարի այս անդորրը` շուքի՛դ նման, 
Ու կարճանա հոգնությունը` փեշերի՛դ պես...
Երևան
26.XI.1963թ.
Lilas