Sevak
ՄԱՐԴԸ-ԱՓԻ-ՄԵՋ

ԴԻՄՈՒՄ ԵՄ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ՊԵՍ

Դո՛ւ, որ գալիս ես մեր մանուկների արդար պահանջով, 
Իբրև պատասխան նրանց սրսըփուն ակնկալիքի. 
Դո՛ւ, որ գալիս ես մրսկան արտերի դողդոջուն կանչով, 
Իբրև պատասխան նրանց կարիքի. 
Դո՛ւ, որ ոտներըդ խճողել ես դեռ անցյալի ցանցով, 
Մինչդեռ ձեռքերըդ մեկնել ես արդեն կանչող գալիքին,- 
Արի՜, Նո՛ր Տարի, 
Գալուստըդ բարի՜: 
 
Արի՜, Նո՛ր Տարի, 
Բայց... այնպե՛ս արի, 
Որ ատոմական այս ահեղ դարի 
Գոռ ժամացույցը ինքն իրեն լարի 
Մայրացած հարսի սրտատըրոփի համաչափությամբ, 
Եվ նրա անտես սլաքները զույգ 
Իրենց վիրավոր թևաթափությամբ 
Ոչ թե մեզ կրկին 
Քարանձավների անաչ խոռոչը մատնացույց անեն, 
Այլ Տիեզերքի անկոխ դաշտերին 
Մեր զույգ աչքերի հայացքը տանեն... 
 
Արի՜, Նո՛ր Տարի, 
Բայց... այնպե՛ս արի, 
Որ ավելանա աշխարհի բարին, 
Եվ այդ աշխարհի բախտի վրայով 
Խևորեն ձգված մետաղալարին 
Լարախաղացի ծպտըված տեսքով Չա՛րը չպարի՝ 
Ողջ մարդկությանը դնելով ծանոթ ծաղրածուի տեղ... 
 
Ձյունն է վար իջնում 
Ու ծածկում մայթեր, ծառեր ու թիթեղ: 
Իսկ ուրիշ մի տեղ 
Անձրևն է կրկին 
Երկինք ու երկիր մեկմեկու հինում, 
Կարծես թե հսկա տավիղ է շինում, 
Որի հոսանուտ լարերի վրա 
Իրիկնամուտի տավղահար քամին 
Մրսած մատներով 
Պիտի նվագի հինավուրց տաղեր՝ 
Ի վերա սիրո, 
Վասն խնդության, 
Վասն մարդկային ոգու խենթության: 
 
Անձրևի տեսքով, 
Ձյան կերպարանքով 
Այդ դու ես գալիս: 
Արի՜, Նո՛ր Տարի, 
Գալուստդ բարի՜: 
Բայց... այնպե՛ս արի, 
Որ անձրևը հորդ սրբելով տանի 
Ոչ միայն կեղտը հոգնած մայթերի, 
Այլ նաև փոշին ու մուրը հոգու, 
Այլև խավար խոհ ու խարդախ խոկում, 
Եվ ձյունը իջնի որոգայթների՛, 
Ծանըր ամոթից շիկնած այտերի՛, 
Ուրացումներից դեղնած-ժանգոտած սրտերի՛ վրա 
Եվ իր այդ ճերմակ բարությամբ շռայլ 
Մարդուն մարդու դեմ պարզերե՜ս անի... 
 
Արի՜, Նո՛ր Տարի, 
Բայց այսպե՛ս արի, 
Եվ ոչ թե այնպե՛ս, որ ձյունը ճերմակ 
Դառնա վարակի սավան ու վերմակ, 
Եվ որ անձրևի ջուրն աստվածային 
Մարդու արյունը ջրի վերածի, 
Ու ճառագա՛յթը, ճառագա՜յթն անբիծ 
Մկըրտվի իբրև մի ահեղ ու պիղծ 
Նոր հիվանդության դիվային անուն, 
Որից մինչև իսկ մահն է մահանում... 
Արի՜, Նո՛ր Տարի, 
Գալուստդ բարի՜:
Եվ արթնացրո՛ւ քո թնդուն քայլքով 
Ուշ մնացածին, 
Քնով տարվածին. 
Տո՛ւր ապաքինում հոգով ցավածին, 
Հիասթափվածին՝ նոր մի հիացում, 
Սիրասթափվածին՝ մի նոր միացում. 
Ձեռքից հավատը փախուստ տվածին, 
Իբրև Նոր Տարվա բաղձալի նվեր, 
Տո՛ւր նոր հավատի կապակուռ թևեր, 
Մանկանը՝ մեծի մտքի լիացում, 
Մեծին՝ մանուկի անարատություն, 
Տափարակներին՝ Արարատություն, 
Իսկ Երկրագնդին՝ մի առատություն, 
Որ նրա վրա Քաղցը այսուհետ 
Չունենա ո՛չ մի կայսրություն ու գահ, 
Ու Սարսափն իրեն թագակիր չզգա. 
Որ Ազատությունն իր բառե գունեղ շապիկը ճեղքած 
Տրվի ճախրանքի, 
Ու Մարդն ազատվի իր հին գերության նոր հաճախանքից, 
Ու Մարդն այսուհետ ո՛չ մի տեղ երբեք չգունավորվի. 
Եվ որ այլևըս ո՛չ մի ժողովուրդ, 
Ո՛չ մի ազգ ու ցեղ 
Պատմության քափից ու սև մրուրից չթունավորվի, 
Դառնա լիազո՛ր, դառնա լիիրա՛վ,- 
Ու մենք, վերջապե՜ս, հասկանա՛նք իրար. 
Ամենքըս, բա՜վ է, հասկանա՛նք իրար: 
Նաև հասկանա՛նք, 
Որ մեր իսկ արյան գնդիկը մանըր 
Այս Երկիր կոչված գնդից ավելի մեծ է ու ծանըր... 
Երևան
05.I.1963թ.
Lilas