Sevak
ԵՂԻՑԻ-ԼՈՒՅՍ

ԼՈՒՅՍ ԶՎԱՐԹ

Լո՜ւյս, լո՜ւյս զվարթ…
Եվ ո՛չ թե լույս երեկոյի,
Ի մտանել արեգական,
Այլ լույս զվարթ արդար գոյի`
Շաղաոտըն առավոտի...
 
...Ծնրադրյալ Բնությունն է ելնում ոտի.
Գիշերային ժամերգությունն է վերջանում:
Եվ Լուսաբացն է մոտենում դանդաղորեն,
Իբրև հսկիչ մի Լուսարար`
Մարելով ու հանգցընելով
Ամեն տեսակ լապտեր ու լամպ:
Եվ արեգակն է բարձրանում
Քրմապետի վսեմությամբ:
Եվ ծույլ փռված ստվերները մարմնամսեղ
Սկսում են կարծես իրենք իրենց մարսել`
Մսաթափվում-նիհարում են,
Հետզհետե դառնալով ձիգ
Ու սլացիկ`
Պարուհու պես մի թխամորթ:
Արշալույսն է շարունակում ածել փողը իր ծիրանի,
Որի բոլոր նեղ ծակերից լայն շաղվում է
Ինքը Արդար Արեգակը,
Եվ հնչում է ա՛յն եղանակը պարզ ու բարդ,
Որ հնչել է աստվածների ծննդի հետ.
«Լո՛ւյս, լո՛ւյս զվարթ»...
 
Լո՛ւյս, լո՜ւյս զվարթ,
Լույս զվա՜րթ ու գերազանցի՜կ,
Լույս երգեցի՜կ ու նվագո՜ւն:
Դու` առաքյալ ամենօրյա,
Որ բերում է միայն հավատ,
Բայց ի դերև հանում-վանում
Եվ քողածածկ-ծպտյալ հույսեր:
Դու` սուրհանդակ, բայց և կավատ,
Դու` հետախույզ, բայց և մատնիչ,
Բայց ամենից առաջ` միշտ սե՜ր
Եվ ամենից հետո` միշտ սե՜ր...
Լո՛ւյս, լո՜ւյս զվարթ,
Անձրևի պես
Տեղա այնպե՛ս,
Որ աշխարհում
Լոկ մի՛-միա՜կ ստվեր մնա,
Այն էլ միայն երկնի՛ վրա`
Լոկ անձրևի՛ ստվերը կոր`
Ծիածա՜նը...
 
Լո՛ւյս, լո՜ւյս զվարթ,
Այնպե՛ս գործիր,
Որ նկարիչ քո մատներով
Վառեկներն իսկ, գունազարդված,
Դառնան կարծես աքաղաղներ
Ու վերերգեն յուրատեսակ` ծուղրուղուով`
Ա՛յն եղանակը պարզ ու բարդ,
Որ հնչել է աստվածների ծննդի հետ
«Լո՛ւյս, լո՜ւյս զվարթ»...
 
Լո՛ւյս, լո՜ւյս զվարթ,
Շաղվի՛ր,
Մաղվի՛ր,
Թաղվիր այնպե՛ս և այնքան խո՛ր,
Որ մենք չապրենք` ինչպես ձուկը
Իր մշտամութ-անլուսամուտ պետության մեջ,
Որ քո հմուտ-ամենամուտ շողերի տակ
Ծածկամիտ ջուրն անգամ դառնա անկեղծ-հստակ,
Եվ անաղմուկ քո զարկերից ու քո տաքից
Չթրծըված ամեն երազ իսկույն ճաքի,
Ու վերերգվի մինչև անգամ ա՛յդ ճաքոցով
Ա՛յն եղանակը պարզ ու բարդ,
Որ հնչել է աստվածների ծննդի հետ.
«Լո՛ւյս, լո՜ւյս զվարթ»...
Արզնի
19.III.1967թ.
Lilas