Sevak
ԳԻՐՔ-ՄՆԱՑՈՐԴԱՑ

ՍԵՐԸ՝ ՀԱՆԵԼՈՒԿ

Ե՞րբ և ինչպե՞ս է,
Որ մենք մեր գլխով
Կարծես դիպչում ենք արևի գլխին
Ու մեր ոտքերի տեղն ենք մոռանում,
Քանի որ սրանք
Խրված են լինում
Օվկիանի խորունկ հատակում կարծես...
 
Ե՞րբ և ինչպե՞ս է,
Որ մեր աչքերը
Խոշորանալով ու լայնանալով
Բռնում են կարծես ամբողջ դեմքը մեր,
Ու մոռանում ենք տեղը մեր սրտի,
Որ տրոփում է արդեն... ամենո՜ւր՝
Մեր կրծքի նաև ա՛ջ կողմում,
Նաև
Մեր ծնկների՛ մեջ,
Մեր կրունկների
Ու մինչև անգամ... ատամների՛ տակ...
Եվ տնավորված մեր սիրտը
Դարձյա՜լ
Տնավեր դարձած
Ու թափառական դարձած վերստին,
Ճամփա է ընկնում
Մաշված հետքերով անքուն կարոտի՝
Ինքն իրեն նորից դառնալու հույսով...
 
Վերջապես, ասա՛, ե՞րբ և ինչո՞վ է,
Որ ցավի հումը
Եփվել-եռալով դառնում է տանջանք...
Եվ մի այնպիսի՜-այնպիսի՜ տանջանք,
Որ մեզ դարձնում է... կենտրոն աշխարհի:
Արզնի
13.III.1967թ.
Lilas