Sevak
ԱՍՏԾՈ-ՔԱՐՏՈՒՂԱՐԸ

ՄԻԱՅՆԱԿ ԶԲՈՍԱՆՔ

Հիմարացած ու վերացած, խեղճ ու վսեմ՝
Կանգնել եմ ես այս պարզերես երկնքի դեմ
Ու նայում եմ՝
Հորթուկի պես
Եվ կամ քրմի՝
Լիությունից թեթևացա՜ծ.
Եվ... հավատում եմ աստըծուն:
 
Ձեռքըս գցում այս ծռմռված առվի վզից
Ու ձգելով-բարձրացնելով գլխիցըս վեր՝
Ստեղծում եմ մի պսպղուն աղեղ-կամար,
Որ չի՜ փլվի,
Քանի դեռ ես չեմ կամեցել:
Մոտեցնում եմ հետո երկու ափըս իրար՝
Ծափ տալու պես,
Եվ՝ հնազանդ իմ ափերի այդ շարժումին՝
Քարափները գալի՜ս իրար,
Միանում են իրար անձայն...
Եվ ինքըս ինձ հավատալով՝
Է՛լ աստըծուն չե՜մ հավատում:
 
Ափս եմ քսում հողի դեմքին,
Անբաղաձայն
Ու նախնական մի կենտ բառ եմ ասում նրան,
Ու նա - շոյված՝ կատվի նման - մեջքը ցցում
Եվ իր երկար պոչն է շարժում՝ գետի տեսքով:
Ու ես կրկին հիմարացած և ինքնագոհ՝
Շոյելու պես ապտակում եմ
Այս պարզերես լուռ երկնքին
Ու ժպտում եմ՝
Մանուկի պես
Եվ կամ մոգի՝
Նորից լցվա՜ծ-լրիվացա՜ծ...
Եվ... հասկանում եմ աստըծուն:
Երևան
08. XII.1962թ.
Lilas