Sevak
ԱՆՏԻՊՆԵՐ

ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ, ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ...

...Երեկ ես խորհրդակցեցի Իլյիչի հետ, կարծես թե կենդանի
կանգնել էր նա իմ դեմ և ասում էր. Ինձ համար տհաճ է լինել Ստալինի
կողքին, որն այնքան չարիք պատճառեց պարտիային:
(Դ. Ա. Լազուրկինայի ելույթից ՍՄԿՊ 22-րդ համագումարում):
Օրացուցային ոտանավորի ուխտյալ թշնամի՝
Ես հիմա հանկարծ իմ ձեռքը դեպի գրիչն եմ տանում:
Ըստ օրացույցի աշուն է հիմա,
Բայց գարնանային մի տաքուկ քամի
Իմ լուսամուտի օդանցքն է բանում,
Ու ես լսում եմ մի համատարած-համաերկրային
Անսահման շշուկ.
-Շնորհակալություն:
Շնորհակալություն՝ միշտ սպասելի, բայց անակնկալ
այս օրվա համար,
Այն քառակուսի պատվանդանների անխոս բերանով,
Որոնք այսուհետ չպիտի տնքան
Զույգ սապոգների ծանրության ներքո:
Շնորհակալություն՝ «հայր» բառի կողմից,
Որ յոթ հոլովով խոշտանգվում էր միշտ՝
Մակդիր դառնալով
Մեր արդար, անմեղ բազում հայրերին
Անլուր լլկողի անվանը ծանոթ.
Նաև ապշահար արևի կողմից,
Որ պարտավոր էր դառնալ ածական,
Եվ շքանշան - մի կրծքի վրա,
Ուր մարդկայինը դարձել էր կարծես սառուցյալ բևեռ-
Հալոցք չէր տալիս արևը նույնիսկ:
Շնորհակալություն՝ և մեր հավատից,
Որ վիրավորվեց, խոցվեց տարիներ,
Բայց երբեք, երբեք չմեռավ, ապրեց
Եվ պիտի հավերժ մեզ ապրեցնի:
Շնորհակալություն՝ և լեզվի լեզվից,
Այն տառապյալի,
Որ պիտի լռեր,
Ոչ, և լռելու իրավունք չուներ,
Քանզի «լռելն էլ քննադատության ձև էր» համարվում:
Շնորհակալություն՝ նաև այս բառի
«Շնորհակալության» անունից անգամ,
Որ այսքանից ետ հնչում էր անվերջ՝
Մեր խեղճ շուրթերը միշտ խարանելով...
Շնորհակալություն՝ այն վաղվա համար,
Որ խոստացված չէ, այլ ծրագրված,
Եվ որտեղ պիտի մենք հասնենք՝ արդեն
Մաքրված կեղտից,
Հնի ժանտ աղտից,
Եվ այն արյունից,
Որ սուր նշտարի կարիք չի զգում:
Դանակի նման մաշվում են նաև՝
Ու բթանում են բառերն էլ կյանքում,
Սակայն ոչ երբեք շատ գործածվելուց,
Այլ լոկ անհարկի գործի դրվելուց:
Մեր արյամբ օծված սրտերի վրա,
Որպես մի յուղված հեսանաքարի,
Սրվում է այսօր նրանցից մեկը.
-Շնորհակալություն,
Շնորհակալություն...
X.1961թ.
Lilas