Sevak

ՖՐԱՆՉԵՍԿԱ ԴԱ ՌԻՄԻՆԻ

2

Մեքենական դարում ապրել
Եվ խեղճորեն չկարենա՞լ փախչել հեռու:
Որոշել եմ, քանի՜ անգամ,
Նստել ինչ-որ մի մեքենա
Եվ... ազատել քեզ ինձանից-ինձ քեզանից:
Բայց մի՞թե դու չես նկատել,
Թե ինչպես են մեքենաներն ընկնում գործի.
Բանալիի փոքրիկ շարժում,
Վառելիքի չնչի՜ն հոսանք՝
Եվ մեքենան կենդանանալ է սկսում, 
Սկսում է խայտալ, ինչպես...
Ինչպես... կինը անկողնու մեջ իր սիրածի...
Ինքդ ասա.
Ես ինչ տեսակ մեքենայով
Եվ ո՞ւր փախչեմ
Պատկերավոր այս աշխարհից... 
 
Հազար տեսակ պատկերի հետ
Հազար տեսակ լռություններ կան աշխարհում:
Իմն ամենից ահավորն է,
Որովհետեւ լցված է նա միշտ քեզանով:
Ու ես ինքըս, որ մարդ էի,
Քո պատճառով կարծես հիմա
Նկարազարդ գիրք եմ դարձել.
Հուշ-հիշատակ-հիշողություն՝
Եղած-չեղած,
Մթահանգած-մտահանգված,
Գեղեցիկ ու զարհուրելի,
Ինչպես ինքըդ...
 
Եվ հոգուս մեջ
Շինություն է և ավերմունք:
Եվ գլխիս մեջ
Դատարան է ու դատաստան:
Եվ աչքիս դեմ,
Թռչունները, տե՛ս, երկինքն են նոտագըրում,
Եվ հնչում է ոչ թե նրանց երգը վճիտ ու պարզունակ,
Այլ քո քայլքի եղանակը
Վսեմ ու պիղծ...
 
Ժպիտներից լավագույնը
Փակ աչքովն է երևի:
Քոնն է հասցեն:
Եվ լավագույն երազանքը
Բաց աչքերովն է, անկասկած:
Նույնն է հասցեն:
Իսկ դու գիտե՞ս, թե մենք ո՞վ ենք:
Մենք նրանք ենք,
Ովքեր ինչքան խոսք են խոսել՝
Ողջը թերատ,
Ովքեր ինչքան խոհ են խորհել՝
Ողջը լրիվ:
 
Նայի՛ր,
Թլվատ ստվերները 
Ինչ-որ մի բան են բարբաջում.
Թարգմանում են ինձ երևի:
Տե՛ս,
Ջրի մեջ շող-շառավիղն է կոնդացել. 
Պատճենում է ի՛նձ երեւի:
Տե՛ս, 
Երկնքից սահանքվում է լռությունը,
Բայց խրվելով խոտ ու թփի թավության մեջ,
Հոծ սաղարթում խիտ ծառերի,
Կասեցվում է ու... փշրվում,
Եվ ի վերջո դառնում խշշոց-շրշյուն-սոսափ:
Անիրավված այդ լռությանն ինչո՞ւ մարդիկ
Չեն անվանում հերոս և կամ գեթ նահատակ:
Եթե հերոս կամ նահատակ չեն անվանում,
Թող որ կորչեն կա՛մ իմ, կա՛մ քո անվամբ գոնե...
 
Համբերությունն այս քարեղեն
Կարող է և ճաքել մի օր՝ ժայռի նման,
Եվ այդ ճաքից բխելու է ոչ թե աղբյուր,
Ժայթքելու է սեր՝
Խառնըված ամոթի հետ,
Այսինքն՝ արյուն լերդակալած...
 
Արևը՝
Չար նկարչի պես,
Նկարչական իր գործիքի կիկլոպային միակ աչքով
Չորսբոլորքում՝ որոնում է իր - առարկա,
Մարդ-կենդանի,
Որ բոլորին այլանդակի՝
Ամեն մեկին ի՛ր ստվերով:
Փախչե՜նք սիրո կիկլոպային միակ աչքից. 
Չայլանդակվենք... 
Բայց միևնույն արեգակը
Նաև բարի վարսավիր է. 
Զբաղված է ծառ ու ծաղկի,
Խոտ ու հասկի
Սանրվածքը հարդարելով:
Այնպե՛ս չանես,
Որ քո ծանոթ ու սիրելի սանրվածքը
Հանկարծ խախտվի ի՛մ մատներով:
Օ՜, դրանով մի սանրվածք չի ավերվի,
Այլ մի աշխարհ՝ 
Ամենասուրբն ամեն տեսակ աշխարհներից:
 
11.XI.1965թ.
Չանախչի

 

Lilas