Sevak

ՈՒՇԱՑԱԾ ԻՄ ՍԵՐ

VIII

Մենք ինչքա՜ն ենք տխրել՝ երազելով,
Ես աղջիկ եմ ուզում, 
Իսկ դու՝ տղա:
Ես աղջիկ եմ ուզում՝ քո՛ մազերով,
Դու տղա ես ուզում՝ ի՛նձ պես թխաչ...
 
Ես աղջիկ եմ ուզում, 
Որ քեզ նման լինի.-
Քեզ պես՝ կախարդանքով իրեն զինի.
Քո հասակի նման՝ մանկանկար հասակ,
Ինչպես քո դեմքի շուրջ՝ լուսապսակ.
Լինի քեզ պես նազո՛ւկ,
Քեզ պես նազո՜ւն,
Եվ քեզ նման զգաստ, 
Ե՛վ երազուն.
Որ երբ ժպտա քեզ պես՝
Բացվի արշալույսը.
Ու երբ նայի քեզ պես՝
Վառվի մարած հույսը.
Երբ ծիծաղի քեզ պես՝
Զգաս-
         Կյանքն է զնգում.
Ու երբ սիրի- 
         Զգաս՝
Արժե՜ ապրել կյանքում։
Ամե՛ն ինչով նման, 
Թուլությունո՜վ անգամ,
Քե՛զ պես,
Միայն... քեզ պես դառնություննե՜ր չզգա...
 
Իսկ դու «չէ՛» ես ասում.
Դու ուզում ես տղա:
 
Թո՛ղ որ իր հոր նման տգեղ լինի, ոչի՜նչ,
Բայց թող աստղով լինի՝ իր հոր նման:
Մոր հոգու հետ, ոչի՜նչ, իր հոր նման
Թող նա մեկ-մեկ խաղա,
Չարություններ անի,
Բայց թող՝ իր հոր նման՝ երբե՜ք երես չառնի:
Թո՛ղ որ՝ իր հոր նման՝ շա՜տ բան տեսնի կյանքում,
Բայց թող՝ իր հոր նման՝ մի՛շտ էլ մնա կանգուն.
Թո՛ղ նա իր հոր նման՝ մեղկությունը ատի,
Փոքրոգություն, քծնանք իր հո՛ր նման դատի.
Իր հոր նման՝ երբեք չշլանա փառքից,
Թող շլանա, լավ է, աղջիկների քայլքի՜ց.
Իր հոր նման՝ թող որ հափշտակվի՛, տարվի՛,
Բայց երբ ժամը հասնի, հո՛ր պես սիրահարվի,
Հո՛ր պես կարողանա ատել, սիրել,
Կարողանա քե՛զ պես բախտի տիրել...
 
Ես ինչպե՜ս եմ ուզում
Ինձ հա՛յր տեսնել,
Դու ինչպե՜ս ես ուզում
Քեզ մա՛յր տեսնել...
Lilas