Sevak

ՈՒՇԱՑԱԾ ԻՄ ՍԵՐ

VII

Սակայն ճիշտ է, որ ես այգիներ եմ գնում,
Եվ ճիշտ է, որ այնտեղ կանա՛յք չեն ինձ տանում:
 
Մանուկներն են տանում, երեխե՜քը:
 
Լայն ծառուղի:
Ավազ, որ և շեկ է,
Ինչպես այն թմբլիկը, ա՛յ, այս մեկը,
Որ իր գլխին,
Ասես
Թասակի պես,
Անվտանգ արևն է մազերի տեղ կրում:
Ինչպես և այն մե՛կը,
Այն մե՜կը, տե՛ս,
Որ ավազին, մատով, ինչ-որ բան է գրում:
Ժպտուն դեմքը նրա,
Նրա ձեռ ու ոտը
Այնպես պեպենոտ է,
Որ ուզում ես լվալ առվի ջրով այս ջինջ.
Քեզ թվում է տղան ոչ թե պեպենոտ է,
Այլ որ նրա դեմքը,
Նրա ձեռ ու ոտը
Այս ավազն է նախշել, ուրիշ ոչինչ:
 
Իսկ հապա ա՛յս մեկը...
Ա՛խ, այս երեխե՜քը...
 
Ամեն մեկըս ունի իր մեծ թուլությունը.
Մեկին՝ բարությունը,
Մեկին՝ մայրությունը,
Մեկին՝ խմիչքները, 
Մեկին՝ սերը կանանց։
Ինձ մոտ մանուկների տիրություն է.
Ինչքան ինձ հիշում եմ՝ 
Հպատա՜կն եմ նրանց:
 
Ես, իսկապես ասած, այսպես եմ հասկանում.
Մարդիկ ուրիշ բան չեն, քան թե մանուկ՝
Մանուկ - հասակ առած,
Մանուկ - տարեց դառած,
Եվ, վերջապես, նաև մանուկ - ծերուկ:
 
Ես, իսկապես ասած, այսպես եմ հասկանում.-
Մեր մեջ ամեն լավ բան մանկականն է,
Ուստի «մանկականն» է լավի ածականը.
Այդպես չի՜ կարելի կոչել ժխտականը...
 
Իսկ դուք նկատե՞լ եք,
Բոլոր մանուկները
Ե՛վ նման են իրար, 
Ե՛վ իրարից տարբեր:
Չե՞ք նկատել արդյոք, որ աշխարհում
Տգեղ մանո՞ւկ, երբե՛ք,
Աշխարհումըս բոլո՜ր մանուկներն են սիրուն...
 
...Ու ես թափառում եմ այգիներում,
Որ վերստին լսեմ զանգ-ծիծաղը նրանց,
Տեսնեմ ինքամոռաց-տարված խաղը նրանց.
Տեսնեմ,
Թե ինչպես են կավից տնակ շինում,
Գոտի շինում խոտից.
Տեսնեմ,
Թե ինչպես են իրենք իրենց զինում՝
Լաց լինելով ստից.
Լսեմ,
Թե ոնց նրանք բլբլում են անվերջ
Ու մոր հոգին հանում.
-«Իսկ այս ի՞նչ է, մա՛մա»…
Լսե՛մ,
Թե հալվելով՝
Ի՜նչ սիրով է նրանց մայրը պատասխանում,
Մերթ էլ.
-«Բավական է, դե մի՛ հանիր համը»...
Տեսնե՛մ,
Թե ինչպես են մեկը մեկի առաջ
Իրենց հայրիկներով հպարտանում.
Սրանն ինժեներ է, 
Նրանն օդաչու է,
Որ... երկընքի՜ց անգամ անց է կենում...
 
Այստեղ ես հասկանում,
Զգում ու հասկանում ամբողջ սրտով,
Որ դու ի՞նչ էլ լինես՝
Ճարտարապե՛տ,
Վարպե՛տ,
Միլիցիոնե՛ր,-
Դու ամենի՜ց առաջ՝
Այս ամենից առաջ և կամ հետո՝
Պարտավոր ես կյանքում... «հայրի՛կ» լինել...
Եվ խենթ մի ցանկություն
Լափլիզում է քո սիրտն ու քո հոգին
Որ քե՛զ,
Եվ քե՛զ,
Եվ քե՜զ
«Հայրիկ» կոչի ձայնը ինչ-որ մեկի:
 
Ինչո՞ւ ինչ-որ մեկի։
Ո՛չ թե ինչ-որ մեկի,
Այլ, սիրելի՜ս, ձայնը մե՛ր մանկիկի...
Lilas