Շորորում է նորից հնատարազ մի օր:
Իսկ ես քո նոր շորերն էլ չպիտի՜ տեսնեմ...
Սակայն աչքերն ունեն հեռուստացույցն իրենց.
Ու կտեսնեմ ես քեզ նաև հեռվից-հեռու:
Քեզ կտեսնեմ հենց այն ծաղկանկար շորով,
Որի զանգակաձև քղանցքներից
Վարպետորդի քամին կարուսել էր սարքում,
Մի կարուսել, որ միշտ փչանում էր շուտ-շուտ,
Բայց և վերասարքվում արագորեն...
Եվ ձեռքերն էլ ունեն հիշողությունն իրենց...
Ու հիշում են իմոնք
Եվ կհիշեն անվերջ
Իրենց նվաղումը՝
Մազերիդ մեջ,
Ուշաթափումն իրենց՝
Կրծքիդ վրա,
Եվ արթնացումն իրենց՝
Տաք կողերիդ...
Եվ ոտքերն էլ ունեն բնազդն իրենց.
Ինձ այնտեղ են տանում, որ «մերն» էինք կոչում,
Ինձ տանում են այնտեղ՝
Կամքըս չհարցնելով:
Ահա փողո՛ցը մեր.
Կուլ եմ տալիս աղմուկ:
Ահա նրբա՛նցքը մեր.
Ներծծում եմ խավար,
Եվ իմ կնճիռներում ցավն է կապտին տալիս...
Ահա ծառուղի՛ն մեր...
Եվ հյուսիսում այս պաղ
Գարնան վերահասից ծառերն են լաց լինում՝
Արևադարձային մե՜ծ-մե՜ծ կաթիլներով...
Ահա կանգա՛ռը մեր...
Ներշնչում եմ հառաչ,
Արտաշնչում մեռյալ մի լռություն,
Եվ լալիս է հոգիս՝
քարանձավի նման -
Ինչ-որ անմարդկայի՛ն արցունքներով...
Ահա մեր անտա՛ռը...
Եվ իմ ականջներում
Անվերջ զրընգում է արյունըս տաք,
Այնպե՛ս խենթացընող և միալա՜ր այնպես,
Ինչպես մժղուկների պարսի բզզոցը խուլ՝
Ամռան անտառի մեջ,
Շոգ կեսօրին...
Ահա երկի՛նքը մեր գիշերայի՜ն...
Հոլանդական պանրի գլխի նման դեղնած
Մի լուսին է հիմա ինձ խեթ ու մեթ նայում՝
Գուցե ակնարկելով հացադուլըս անկամ...
Սևամռութ մի ամպ, իմ աչքերի առաջ,
Ասես վերքիս վրա աղ ածելով,
Լուսնի ճաղն է կրծում՝
արծաթ հյութով նրան
Իր սև բեղ-մորուքը թունդ օծելով...
Ահա երկի՛րը մեր...
Եվ մեր Երկրի նման՝
Իմ կլորված սիրտն էլ իր բևեռներն ունի,
Քո «այո»-ն ու քո «չէ»-ն՝
Երկուսն էլ սա՛ռն ու պա՜ղ...