Եվ իջնում է ահա մի գոգավոր գիշեր,
Ասես հսկայական մի կափարիչ մրոտ:
Եվ զգում եմ հիմա իմ սեփական կաշվին,
Որ - հակառակ խելոք օրացույցի պնդման -
Գիշերներն են աճում ցերեկների հաշվին...
Դրսում վրնջում է սանձակոտոր քամին՝
Իր զամբիկից զրկված հովատակի նման:
Եվ իմ կուրծքն է իջնում ու բարձրանում շուտ-շուտ՝
Անխղճորեն քշված ձիու կողերի պես...
Մե՜կ էլ անակնկա՛լ,
ռադիո-ալիքներով,
Առանց դուռ բախելու՝
օգնության է գալիս
Բախը բարությամբ իր աստվածային:
Անշունչ երգեհոնը տառապյալ է դառնում.
Ընկնում-վերականգնում՝
ավաղանքի ծխով
Ճշմարտում է սերը զուգակշիռ ցավին
Եվ անձնադատ խոսքով պատժապարտում իրեն:
Ու ես վերանում եմ,
Այս աշխարհից պոկվում,
Ու ես կորցընում եմ զգացումը կշռի:
Բայց... հիշում եմ հանկարծ,
Որ այսպես էր լինում,
Երբ գլուխըս հանգչում քո ծնկներին
Ու ճակատս էր շոյվում քո ափերով տաքուկ:
Վերացումի այդ կարճ-երկար վայրկյաններին
Ես հավատում էի մարդկայնորեն,
Որ կարո՛ղ են լինել և իսկապե՛ս որ կան
Ուրիշ մոլորակներ և աշխարհներ ուրիշ,
Որտեղ չկա կշիռ ու ծանրություն...
...Հիմա կշռում եմ ես երեք հազար չորս փութ,
Եվ չի կարողանում հողն ինձ կրել.
-Նրա կեղևի մեջ իմ ոտներն են խրվում՝
Սեր ու կորուստ չափող կարկինի պես...