Sevak

ՆԱՀԱՆՋ ԵՐԳՈՎ

XX

Արդյոք չէի՞ր ուզի գեթ մի պատառ լեգենդ:
 
Աստված, երբ Մովսեսին գերապատվեց՝
Բոլորի մեջ նրան նախընտրելով,
Եվ պատվիրեց իր ձայնը հասցընել
Մեղքերի մեջ թաղված ժողովրդին,-
Աստված, որ աստված էր՝
Չէր նկատել մի բան.
Իր Մովսեսն էր թլվա՛տ, կակա՛զ, ծանրալեզո՜ւ:
 
Աստծու համար ի՜նչ կա.
Ամենազոր է նա:
Եվ թույլ տվեց աստված, որ իր զրույցներին
Ներկա լինի նաև Ահարոնը,
Որ, իհարկե, ուներ ճարտար լեզու:
 
Մովսեսի պես թլվա՜տ,
Մովսեսի պես կակա՛զ՝
Ես որտեղի՞ց գտնեմ մի Ահարոն,
Որ քեզ սիրող սրտիս պատվիրաններն ամեն
Ականջիդ մեջ թողնի՝
Հեռանալուցս առաջ:
 
Սակայն ինչի՜դ են պետք պատվիրաններն իմ սուտ.
Չէ՞ որ ամեն նոր սեր իր նոր օրենքն ունի,
Ուրեմն ունի նաև արդարացումն իր նոր...
 
Ու ես պիտի մեռնեմ որոշակի մահով.
-Մի օր ես խեղդամա՜հ պիտի լինեմ,
Սակայն ո՛չ թե ջրում,
         թեպետ մինչև այսօր
Չեմ սովորել գոնե կյանքում փո՜քր-ինչ լողալ:
Ապրած-զգացածըս ասել չզորելո՜ւց
Ես կխեղդվեմ մի օր՝
                  ինչպես մահանում են
Կոկորդի մեջ խցված սուր ոսկորից...
Lilas