Sevak

ՆԱՀԱՆՋ ԵՐԳՈՎ

XVII

Եվ սևահեր-սևաչ կարոտ կնոջ նման,
Ինձ գիշերն է կանչում-հրավիրում՝
Տաք ժպիտով զառ-վառ իր լույսերի,
Իր գինդերով լամպե,
Ռեկլամ-հեռագրերով:
Եվ չգիտի խեղճը,
Եվ չգիտի, թե ես,
Ե՛ս, որ հայացքով իմ
Անցնող-դարձող կանանց
Մեխում էի մի պահ իրենց տեղում
Եվ տիրաբար անխոս հրամայում.
«Կանգնիր՝ քեզ աչքերով սիրե՜մ մի քիչ»,-
Ես դարձել եմ հիմա ինչ-որ էակ անսեռ...
 
Ու ես դուրս չեմ գնում,
Ես իմ տանն եմ մնում,
Որտեղ մի այնպիսի՛ մթնոլորտ է հիմա,
Այնպիսի՛ գարշ մի օդ, որից հավանորեն
Կսատկեին և՛ ճանճ, և՛ փայտոջիլ...
 
Իսկ աչքերիս առաջ, նույն սեղանին,
Հարցականի պես կեռ նույն լամպն է միշտ տնկված՝
Կոպիդ այնքա՜ն նման լուսամփոփով:
Ու մտքերս են հիմա իմ ուղեղը խածում՝
Իշամեղուների անտես պարսի նման...
 
Ու բերանըս հիմա ասես դուռն է դառնում
Այն մութ քարանձավի, որտեղ ձմռան մուտին
Տարթն են կրակ տալիս հովիվները...
 
Եվ իմ տառապանքը նորից նմանվում է
Մեր լեռնային կեռման կածաններին...
 
Ա՜խ, այդ լեռնաշխարհը...
 
Թե լինեի այնտեղ
Եվ այս կեսգիշերին ելնեի բակ՝
Այս արթըմնի ծանըր մղձավանջից
Դուրս հանելու բարի կամեցությամբ,
Ինձ կդիմավորեր մի ողջ հաչո՜ղ երկինք...
 
Դու չպիտի՛ տեսնես այդ երկինքը երբեք,
Եվ չպիտի՛ զգաս, որ այդ լեռնաշխարհում
Երբ նայում ես վերև՝
Գիշերային երկնին,
Ասես զույգ ա՛չք չունես,
Այլ զույգ հեռադիտա՜կ... 
 
Թե լինեի այնտեղ 
Ու դուրս գայի հիմա
Ձեղնածածկ ու կավե մեր տնակից,
«Քար-կշեռքը» պիտի աչքերիս դեմ ճոճվեր:
 
Ինձ թվում էր, թե նա իր թաթերով
Լույս ու մութն է կշռում ազնըվորեն,
Որ հաշտեցնի երկու վիճող հարևանի՝
Գիշեր-ցերեկվանը:
 
Իսկ հիմա նա
Հավանաբար պիտի իմ կորուստը կշռեր՝
Մի նժարին դրած քո արդարացումը...
Lilas