Sevak

ՆԱՀԱՆՋ ԵՐԳՈՎ

XIV

Սենյակում բուն դրած հսկա սարդի նման՝
Համայն աշխարհով մեկ իր ոստայնն է փռում
Ռադիո-ընդունիչը:
 
Երկու մատով
Ես սեղմում եմ նրա սապատները մեկ-մեկ,
Եվ որտեղի՜ց-որտե՜ղ, չանցած երկու վայրկյան,
«Ավե Մարիա»-ն է մսերիս մեջ խրում
Նոտաների փուշը...
 
Չե՞ս նկատել արդյոք,
Որ հասնում է մի տեղ,
Սարսըռազդո՜ւ մի տեղ,
Երբ նվագող բոլոր գործիքները
Լոկ մի բան են ճչում.
-«Զարմանո՜ւմ եմ»:
 
Զարմանում եմ ե՛ս էլ,
Միա՜յն զարմանում եմ:
 
Զարմանում եմ, թե այդ ինչպե՞ս եղավ, ինչպե՞ս,
Որ կարճ պաչի փոխվեց մեր համբույրը երկար,
Եվ ժպիտըս փոխվեց քմծիծաղի...
 
...Խավարատյաց էին աչքերն իմ սև,
Մթահալած էին աչքերն իմ մութ.
Զույգ լուսարձակ էին կարծես նրանք:
 
Զարմանում եմ, թե ո՞նց, ո՞նց պատահեց,
Որ բնակվեց այնտեղ մթին տրտմությունը՝
Ինչպես որ չղջիկը քարանձավում...
 
...Դու շատ հաճախ էիր իմ մազերը գովում,
Որովհետև ուրիշ գովելու բան չունեմ:
Եվ ինձ զգում էի զորե՛ղ զարմանալի:
 
Զարմանում եմ, թե ո՞նց իմ մտքով իսկ չանցավ,
Որ կարող ես մի օր դու Դալիլա դառնալ
Եվ քո ձեռքով խուզել մազերը Սամսոնիդ...
 
...Իմ ձեռքերի գործը քեզ սիրելն էր որ կար՝
Փայել-փայփայելը,
Գրկել-գուրգուրելը:
Հիմա նրանք ի՞նչ են.
Խեղճ գործազո՜ւրկ:
Ու թե նրանց նույնիսկ նշանակեն նպաստ՝
Պիտի հրաժարվե՜ն:
 
Չզարմանա՞մ...
 
...Ներսըս հացադուլ է հայտարարել հիմա,
Ու սիրադուլ՝ սիրտըս:
Եվ ոտներս են միայն, որ չեն հայտարարում
Իրենց գործադուլը.
         փողոցներում նրանք
Կոշկատակ են մաշում:
 
Չզարմանա՞մ...
 
Ու մտքերս են գործում,
Նույն փորձանքն են փորձում.
-Սկըսելով քեզնից՝ վերադառնում են քեզ,
Այն ընտանի սովոր կենդանու պես,
Որ դուրս գալով տնից՝ տուն է գալիս վերջում,
Իսկ տունն արդեն չկա՜:
 
Չզարմանա՞մ...
 
Չզարմանա՞մ, ասա՛,
Ինչպե՞ս չզարմանամ,
Որ այսքանից հետո ես, մտովին,
Քո անունն եմ տալիս՝ շա՛տ ավելի հաճախ,
Քան վտանգված նավի ռադիո-հեռագրիչը
Իր ահաբեկ «SOS»-ը...
Lilas