Ես աշխարհ եմ եկել,
Որ... ամենքի՜ն ներեմ,
Բայց ո՛չ երբեք նրան, ում սիրում եմ:
-Ինձ նմաններն անգամ... սիրածին չե՜ն ներում...
Բայց ես ի՜նչ եմ ասում: Ինչի՞ համար:
Է՜հ, ասելը հեշտ է:
Թե ասելով լիներ՝
Կարելի էր շուռ տալ աշխարհն իրոք
Եվ իսկույն էլ տեղը մի նոր աշխարհ շինել...
Ու ես, որ ինքնակամ դատապարտել եմ ինձ
Մի՝տնային կոչված՝ բանտարկության,
Բողոքարկման մասին անգամ չխորհելով՝
Լոկ ալիքն եմ փոխում ռադիո-ընդունիչի,
Ինչպես ուրիշները իրենց սերն են փոխում:
Դրսում՝ սառնամանիք,
Եվ ձմռան մեջ, հանկարծ,
Իմ հին բարեկամը, որ Բրամս է կոչվում,
Տարածում է ամա՛ռ,
Լույս ու արև՜,
Ջերմություն է սփռում
Ու փռում շոգ:
Եվ ձմեռն է չվում՝ թռչունի պես ճերմակ:
Ու սուտ-մագաղաթե այն թղթերը շերտ-շերտ,
Որ պինդ սոսընձվելով նեղ ճեղքերին բոլոր՝
Ասես հագցըրել են իմ տան պատուհանին
Աքսորական մարդու զոլ-զոլ հագուստ,-
Մի վայրկյանում պոկվում-ընկնում են վար,
Եվ բաց պատուհանըս շքադուռ է դառնում
Արքայաբար մտնող ամռան համար:
Այս դարը հերքումն է բոլո՜ր հրաշքների
(Նաև՝ հավերժական կոչված սիրո),
Սակայն ներշնչումով իմ այն բարեկամի,
Որ Բրամս է կոչվում և այցելում հաճախ,
Հրաշքին եմ նորից ես հավատում խորունկ:
Եվ ամառը՝
կախած ինձ իր փեշից,
Իսկ քեզ թևըս գցած՝
տանում է մեզ
Քաղաքամերձ անտառ...
Դու հիշո՞ւմ ես արդյոք...
Այնտեղ ամառային ստվերն անգամ
Թեթև հագուստի հետ մտնում վեճի
Ու հաղթում էր նրան
Եվ ստիպում,
Որ կանաչի վրա կարկատանվենք՝
Ստեղծելով մի հին բարձրաքանդակ:
Դու հիշո՞ւմ ես արդյոք...
Պճնում էի ես քեզ
Անտառային լայնթուփ տերևներով
Ու պսակում էի շարով ծաղիկների,
Որ դու ամեն ինչով ճավայուհի դառնաս,
Ու մեզ մի պահ զգանք ջունգլիներում...
Դու հիշո՞ւմ ես արդյոք...
Ինչո՞ւ հիշել սակայն:
Չէ՛, ավելի լավ է, որ հասկանամ հիմա,
Թե քեզ կորցըրեցի ջունգլիներում կյանքի,
Թե իսկապես շուտով ամառ կգա կրկին,
Բայց մենք էլ չե՜նք լինի մեկըս մեկի համար...
Կգա կրկին ամառ,
Եվ տառապած փոշին
Ագահ կներծըծի անձրևի ջուրն այնպես,
Ասես վալերյանի կաթիլներ է ըմպում,
Որ չլինի ինձ պես ուշագնաց...