Sevak

ՆԱՀԱՆՋ ԵՐԳՈՎ

VII

Եվ էջերն եմ շրջում մեր անկատար սիրո,
Ինչպես հավատացյալն՝ Ավետարանն իր սուրբ:
 
Շա՜տ բան անգիր գիտեմ - որպես աղոթք:
Շա՜տ բան սուտ եմ գտնում - եղել եմ կույր:
Շա՜տ բան հասկանում եմ ես նո՛ր միայն:
Շա՜տ բանի մեջ հիմա նո՛ր իմաստ եմ դնում:
 
Միայն հավատս է, որ... չի՜ խորանում արդեն:
 
Իրենց գլուխներն են թերահավատ շարժում
Մրսած զբոսայգու մերկ ծառերը նույնիսկ:
 
Ու ես տուն եմ դառնում՝
         հասկանալով,
Որ ես՝
         հավատաքա՛ղց
         և հավատի ծարա՜վ,
Ես պատրաստ եմ հիմա
         էժան-հարմար գնով 
Սե՜ր վաճառել նույնիսկ,
Միայն թե տան հավատ.
Միայն թե կասկածը չփոսանա իմ մեջ,
Ինչպես տաք երկաթը՝ շեղջի մեջ ձյան,
Ինչպես պտուղի մեջ՝ իր իսկ ծնած ճիճուն.
Միայն թե այլևըս չմտածեմ,
Որ շուրթերը նաև համբույրով են ստում
(Խոսքով ստելն ասես քիչ էր, տե՜ր իմ աստված):
 
...Ինձ պես գունատ պատից՝
         քո փոխարեն,
                  հիմա,
Տիցիան կոչված ինչ-որ արդար մեկի կամքով,
Իմ մեղքերն է լալիս Մագդաղինեն՝
                  քույրըդ:
 
Եվ հակառակ գլխիս ու հակառակ կամքիս,
Սիրտըս՝
         անուղղելի՛ն,
         այդ հիմա՜րը,
                  դարձյալ
Հավաքել է ուզում տեղեկանքներ սիրո
Եվ հավատի չեղյալ կամ սուտ վկայական՝
Հենց որ խոսում ես դու սիրելո՛ւ պես:
 
Ու ես խեղդելո՜ւ պես քո ձեռքերն եմ սեղմում...
Lilas