IV
Աղջիկները կյանքում ուռենու են նման.
Շա՜տ արագ են աճում:
Եվ աճեցի՛ր:
Ինչ ես էի զգում՝ հասցըրեցիր զգալ,
Ինչ ես էի սիրում՝ դու սիրեցիր:
Ինձ հետ - կմոռանա՞մ - դու երջանիկ էիր
Ավելի, քան գուցե
Դաղձը՝ առվի ափին,
Ցուլի վզին՝ զանգը,
Ջրհորի մեջ՝ աստղը:
-Քեզ ի՞նչ եղավ հանկարծ,
Իմ բախտավո՜ր...
...Քո երգեցիկ քայլից
Իմ ականջի համար
Անդուլ դղրդացող այս քաղաքի
Դժոխային աղմուկն ու ժխորն էր լռում:
-Նվագդ ինչո՞ւ լռեց,
Իմ երգեհո՜ն...
...Ոչ մի արդուկ կյանքում չի՜ հարթեցնում կնճիռ:
Քո ձեռքն - ի՜նքդ գիտես - շա՛տ դյուրին էր հարթում.
-Ձեռքըդ ինչո՞ւ չվեց՝
Ամռան կեսի՜ն...
...Սերն իմ գեղեցիկ էր քնած մանկան նման,
Որ ժպտում է նաև՝ երազի մեջ:
-Ինչո՞ւ արթնացըրիր՝
Լացացնելո՜վ...
...Բայց նման չե՞մ հիմա ես այն մանկանն արդեն,
Որ հարցնում է նաև իր իմացա՛ծ բանից:
-Չէ՞ որ ինքս գիտեմ.
Աղջիկները կյանքում
Ուռենու են նման -
Աճում են շո՜ւտ այնպես:
Եվ աճեցի՛ր:
Հիմա
Ի՞նչ կա զարմանալի,
Որ քո ըստվերի տակ,
Քո շվաքի ներքո
Նաև ուրիշներն են հանգըստանում...