Sevak

ԼՈՒՍԻՆ

Ը

...Ու մինչդեռ կբացվեր արշալույսը,
Ես վերջին անգամ նայեցի լուսնին...
 
Դժգույն ու դալուկ երկնային կույսը
Սև չադրան քաշած ուսին
Անցնում էր հանդարտ, համրընթաց.
Կարծես սգավոր էր նա,
Աչքերը արցունքով թաց,
Թարթիչները արցունքով բեռնած...
Քայլում էր դանդաղ, կամաց
Երկնքում միգամած,
Կարծես մեխերի վրա...
 
Կրքի ոչ մի նշույլ,
Ցանկության ոչ մի հատիկ,
Միայն թալկություն թույլ՝
Դեմքին, ճակատին...
 
Պարուրել էին ամպերը նրան,
Գորշածուխ ամպերը մթին,
Որ կարծես նրա քթին
Բուրում էին թույն հեղձուցիչ...
Ու կարծես խեղդվում էր նա,
Խեղդվում էր անճիչ...
 
Այդ պահին ճայթեց ամպրոպը հանկարծ,
Առաջին ամպրոպը տարվա,
Ու թնդաց որոտը, երկինքը տնքաց,
Կարծես ստացավ ինչ-որ հարված...
Ու աշխարհը լցվեց մի հսկա շռինդով
                           Ու աշխարհը երերաց,
                                    դողաց,
                                    դղրդաց.
Կարծես թնդանոթն էր այդ,
Որ աչքը երկինք հառած
Արձակեց ցուլի բառաչ,
Կարծես օրհասի հասած
Գնդացիրն էր այդ, որ հազաց,
Ու պայթեց ականը,
                  ռումբը,
                  տորպեդան.
                  օդում
                  բո՛ւմ,
                  բո՛ւմ,
                  բո՛ւմ...
 
Կայծակը ճեղքում էր օդը,
Բոցերը՝ երկինքը լիզում,
Ու կարծես ցավի բոթը
Իմ սիրտն էր կիզում...
Ու կարծես այս մութ գիշերում
Ելնում էր մշուշը դաշտից,
Տարածվում էր ծուխը հեռո՜ւ,
Ծուխը՝ ռազմադաշտի...
Վառոդի ծուխը՝ սև, ինչպես ածուխը,
Երերվող հազիվ,
Հեղձուցիչ ծուխը,-
Մշուշը գազի,
Մշուշը - վառոդի, գազերի,
Որ հավաքվում էր ցածում
Աշխարհի բոլոր մասերից,
Եվ ինչպես ծուխ
Վերև բարձրանում 
Մի նրբին նազով, քնքշությամբ
Եվ այնտեղ կարծրանում
Որպես մթին ամպ,
Վառոդի, գազի ամպ...
Որից փախչում էր լուսինը-
                  խեղճը,
                  անզորը,
                  անօգ իմ քույրը,
Փախչում էր շտապ,
Շրթներին սառած ահի փրփուրը
(Արդյոք շտապում էր շտաբ,
Որ մատնի՞ թշնամու ուժը,
Թե՞ գազի ուժից էր փախչում
Երկնային քնքույշը)...
Միայն փախչում էր, նա փախչում էր
Կարծես խելակորույս, կարծես շշմած...
 
Իսկ ամպրոպը դեռ շաչում էր
Ու որոտում էր ամպը՝ տեղից տեղ քըշված...
Թանձրանում էին ամպերը երկնքում
(Ամպերը գոլորշո՞ւ, ծխի՞, թե՞ գազի)
Ու լուսինը կարծես շնչում էր հազիվ...
...........................
...........................
 
Տեսե՜ք...
Լուսինը,
Իմ անօգ քույրը
Մթին ամպերի միջում
Հրե՛ս,
Խեղդվում է ամեհի դողով...
 
Լուսինը՝ 
         որպես աշխարհին ի ցույց,
         որպես վրե՛ժ,
         որպես վայրենի բողոք...
Lilas