Լռությունը քե՛զ, բու,
Կըկու քե՛զ,
Այսօր մեզ պետք չէ լռություն...
Լռությամբ զուգիր, բո՛ւ, երեկըդ,
Կըկո՜ւ - երեկըդ,
Երբ իմ բիբերին տարածել էիր լռություն...
Այսօր ոչ մի լռություն...
Այդ հավասար է այսօր
Գործել ոճիր ահագին
Հայրենի հողի հանդեպ,
Պառավ մոր, փոքրիկ զավակի
Ու պատվի հանդեպ,
Հանդեպ հանուրի,-
Թեկուզ և, ընկե՛ր,
Այդ լռությունը մոտենա հոգուդ
Մեն ու միայնակ, ինչպես ամուրի...
Գիտցի՛ր, ամուրին
Հոգուդ արգանդում
Ցանել կարող է բազմացման սերմեր,
Որից հանուրին,
լայն ընդհանուրին
Այս անգամ ինքդ որպես մի ֆերմեր,
Քո հարստությամբ՝ անտես ու անգո,
Կարող ես ցրել թունալի սերմեր,
Որով վտանգը ավելի ահեղ
Կկախվի մեր տան, ընտանիքների,
Մեր երկրի վրա,
Իր վախճանաբեր սև հետևանքով...
Լռությունը մեզ հարազատ է շա՜տ
Եվ խորթ չէ բնավ.
Նա եղել է միշտ մեր հոգեբնակ
Սիրելի հյուրը...
Երբ ոսոխները եռացրել են կաթսայում ջուրը,
Իջեցրել են հետո մեզ այնտեղ,
Որ մեր բերանից երկու խոսք շորթեն,-
Իսկ դա մեր սրտին հավիտյան խորթ է,-
Մեզ հյուր է եկել մեր լռությունը,
Իր շունչը պահած,
Աննվաճ ու հաղթ, ոնց ինքը մահը...
Երբ մեր ճակատին փորել են սրով
Մեր հնգթևանի աստղանշանը,
Մենք լռությունը գրկել ենք սիրով,
Աղերս չենք նետել մեզ անագորույն հոշոտող շանը,
Երբ հաստամռութ բուրժուա պանը
Ի հաճույս մի գեր մրափող տիկնոջ
Մեր բերնից քաշած մեր զույգ ատամը
Մեխել է մեր լայն ճակատին... Օ՜, ո՛չ,
Մենք չենք ոռնացել տանջանք ու ցավից,
Քար լռություն ենք պահպանել նորից...
Ու գերմանացիք վայրագ ու մոլի,
Երբ թաղել են մեզ կենդանի՝ հողում,
Մենք իջել ենք այդ փոսի մեջ նորից
Անբառ ու անձայն,
Ինչպես քարարձան...
Այսօր էլ, երբ շուն ֆաշիստ սրիկան
Կախում է ծառից ռուս աղջկան
Ստինքներից զույգ,
Չի լսվում նրա նուրբ շրթունքներից
Թեկուզ մի բառ սուտ, էլ չասենք ստույգ...
Այդ լռությունը մեզնից անբաժան,
Հարազատ է մեզ, ավելի քան մի այլին աշխարհում
Այդ է, որ դարձնում է մեզ անսասան,
Ու կատարում է թշնամու առաջ
Մեր անբեկ կամքի ահեղ հաշվառում...
Դրանով ենք մենք համայն աշխարհում,
Անգամ թշնամու շրթներից շորթել-
Զարմացական ճիչ...
Բայց լռությունն այդ հո ամեն դեպքում
Չի՞ մատուցի մեզ ծառայությունն իր
Սովորած արջի...
Երբ թշնամին մեր գլխին տեղում է կապար ու արճիճ,
Երբ մենք մեր ձեռքին զենք բռնած ունենք,
Երբ մեր թշնամին ուզում է հանց օձ մեր ոտքին կառչի,
Եվ երբ ուժեղ ենք ու հզոր ենք մենք,-
Այդ դեպքում մի՞թե կարծում եք արժի
Լռել քարի պես...
Այդ հավասար է այն օրհասական զարկը վրիպել,
Որ ուղղված է գազանի սրտին...
Ո՛չ,
Պետք չէ այսօր մեզ լռությունը... կրկին ու կրկին...
Ո՛չ մի լռություն...
Թող թնդա այսօր
Լայն տափաստանը,
Դաշտը, անտառը,
Երկինքը թնդա
Թնդանոթների խռխռուն բասով,
Թող ճըչա անգամ
Դիտապաստ ընկած,
Մեռած անթաղը,
Գրոհի ելնի մարտական գունդը
Մարտական մարշով,
Նրանց հետ մեկտեղ անզուսպ հռնդա,
Մոլի վրընջա
Այդ մեռյալ ժամին
Անտուն, անմարմին
Հյուսիսի քամին...
Թող հենց այդ ժամին երկինք խոյանա «ուռռա՜ն»,
«Ուռռա՜»-ն մարտական գնդի,
Ու թնդանոթները ահեղ գռռան,
Փղձկտան կրակ, երկաթե գնդիկ,
Գնդացիրները գայլի պես ոռնան,
Կործանիչները մթին երկնքից ահեղ հռնդան,
Ռըմբաձիգը թշնամու շարքում
Երկնքից տեղա կապարյա կարկուտ.
-Հաղթական կռվի աղմուկը թնդա, աղմուկը թնդա՜...
Ու դու էլ ահա ելնես գրոհի,
Ընկեր ռազմիկ,
Դո՛ւ, որ ելել ես գոռ պատերազմի,
Որ ազատ մնա մեր հողը կրկին,
Արդարավաստակ հողը սրբազան,
Որ նրա գորով, մայրական կրծքին
Չըմոտենա էլ ո՛չ մի բորենի,
ո ՛չ մի մարդագայլ
և ո՛չ մի գազան...
Որ դու էլ ելնես նորից գրոհի,
Ընկեր ռազմի,
Դու, որ ելել ես այս պատերազմին,
Որ ջնջես երկրից
Այս խուժդուժ, մոլի, վայրի բանակը,
Որ մնա նորից, մեզ մնա հավետ
Մեր հաղթանակը,
Մեծ հաղթանակը...
Կասկածե՞լ ես դու գեթ վայրկյան միայն,
Թե ահեղագոռ այդ հաղթանակը
Տանել չի կարող Կարմիր բանակը,
Տանել չես կարող դո՛ւ, նա՛, երրո՛րդը...
Ո՛չ, չես կասկածել.
Ու չես կասկածում:
Երկմտումն այստեղ քո հոգուն խորթ է.
Դու միշտ անխորտակ հավատ ես տածել,
Դու չես կասկածել ու չես կասկածում,-
(Այդ մասին ունես անխախտ հասկացում).-
Որ հաղթանակը պատկանում է մե՛զ՝
Կարմիր բանակին՝ ի՛նձ, նրա՛ն ու քե՛զ...
Ապա մտածի՛ր.
Աշխարհն է անծայր ու անծայրածիր...
Աշխարհում անծիր
Ծնվել է որքան վայրի, նույնքան և
Անմիտ դանդաչանք.
-Արևը իր ուղուց հանելու,
Կյանքը արևից վանելու
Ու այն տանելու
Դեպի մահ...
Հիմա՛,
Դանդաչանքն այդ հիմար,
Շալակած մեքենա մի ռազմի,
Խորին հավատով անմար
Ելել է ահա մի պատերազմի
Ընդդեմ աշխարհի և երկրի մեր,
Որ ողջ աշխարհը՝ Նյու-Յորքից մինչև Հրազդան,
Լոնդոնից մինչև Հնդկաչին,
Դառնա, գիտե՞ք ինչ... մի ռասա...
Ավելի ճիշտ՝ դառնա կանացի մի կուրծք
Եվ նրան լըլկի ազնիվ ռասան,-
Այսինքն Հիտլեր, Մոսուլին մի սիր...
Լսի՛ր,
Հասկանում ե՞ս
Այդ վայելքը դևի,
Որ կուզեն հավիտյան տևի,
Թեկուզ և դաշտերում մսի
Դիաբուրգեր ցըցվեն,
Մոտենան արևի լույսին
Ու արևը նրանց մեջ ցանի
Որդեր, ճճուներ բազմոտանի...
Թեկուզ վառոդի ծխից,
Վաղը և գազից հեղձուցիչ
Կուրանան աստղերի բիբերը,
Լուսինը սփրթնի վախից,
Շնչահեղձ դառնա արևը՝
Գազից հեղձուցիչ,
Ու անցնի աշխարհով
Դղիրդ,
Աղմուկ,
Որոտ,
Հառաչ,
Լաց,
Դիվային քրքիջ.
Դառնա աշխարհը
Անձուկ,
Մաքուր օդի կարոտ,
Լսվի հա՜ց,
հա՜ց,
հա՜ց,
Մեռնող մանկան ճիչ...
Ապա երկնքից տեղա արճիճ.
ուրիշ ոչի՜նչ,
ոչի՜նչ...
Հասկանո՞ւմ ես...
Պարզած դրոշակ մի խավար,
Վրան՝ «ռասա».
Այդ բանակը ելել է ահա
Մի անհավասար
Ու դաժան մարտի,
Որ նախ ավարտի
Հաշիվը մեզ հետ,
Կարմիր երկրի հետ հաշիվը իր
Ու հետո... հետո ինքդ հաշվիր,
Որ հետո ծնկած աշխարհի հաշվին
Բաց անի շքեղ մի կաֆե
Եվ արնաշաղախ ամանով կավե
Ըմպի մարդկային արյան և ավշի
Խառնուրդը՝ միլիոն տոննա և ավել...
Ու հետո ցնկնի մի նոր աշխարհ՝
Սիրտը՝ Գերմանիան,
Իտալիան՝ թոքը.
Եվ որովհետև աշխարհն այդ անշուշտ
Պիտի կաղ լինի,
Ռուսիան կլինի այն ոտքը,
Որ պիտի ճըկվի ծանրության ներքո,-
Աշխարհի մյուս, մնացած մասը,
Կդառնա նրա երկրորդ ոտքը...
Այդ անգո երկրի գլուխը, գիտե՞ք,
Կըդառնա մեկը, մի կաղլիկ ըսպա,
Որ իր ոտքերին երկուստեք
Կարող է տանել դեպի սպանդ-
Դեպի կորուստ,
Դեպի մահ...
Նա, այդ գլուխը, կարող է անահ
Այդ աշխարհը քանդել,
Քանդել, ինչպես մանկական խաղալիքի,
Զսպանակները նրա պնդել
Կամ դեն գցել, առանց կարիքի:
Եթե անձրևառատ լինի տարին,
Նա կարող է և այրել այդ աշխարհը
Ու մոխրակույտում ցանել գարի,
Որ վաղը փարթամ ծլի արտը,
Եվ այդ արտի մեջ Նիցշեի Գերմարդը
Մարդկային գանգով խաղա ֆուտբոլ
Ու գլուխը բարբառի հանդարտ.
-Gut wohl,
-Gut wohl...
Հասկանում ես այդ, ընկեր իմ, ընկեր,
Դու հասկանում ես,
Որ այդ ցնորք է, որին սնուցող հսկա ստինքը
Հենց ցանկանում է
Աշխարհը խմել որպես քաղցր թեյ,
Որ հորդի կաթը իր ստինքների...
Իսկ եթե...
...Այդ նրան չի հետաքրքրում...
Բավական է ապագայի պատմագիրը իր ձեռագրում
Խոսի նրա մասին... թեթև...
Բայց ինչ որ է... նա աշխարհը հիմա
Շինել է սպանդ-
Նա, այն կաղլիկ ըսպան,
Ու այնտեղ - փռել կորուստ ու մահ...
Վասն որո գործարանները համայն աշխարհի,
Բազուկները բոլոր,
Պրոլետարները մերկ,
Այսօր-
Կռում են գնդացիր,
Թնդանոթ,
Զենք,
Արճիճ,
Կապար,
Մոտոր...
Այսօր աշխարհի ծխնելույզները
Փնչում են վառոդի հոտով...
Իսկ նստել է բուրժուա տերը
Ու հանգիստ խաղում է լոտո...
Ու հետո,
Մոռացած, որ աշխարհում ամբողջ
Կոտորած կա... թեթև,
Եվ որ մի նեղլիկ ճամփով
Ձգվում են աշխարհում հերթեր
հացի,
շաքարի,
լուցկու,
Մի բարեհամբավ տերտեր
Երգում է. «Փառքըդ շատ, Տե՜ր»,
Երգում է. «Հանուն հոր և որդույն
և սուրբ հոգու»...
Իսկ դրսում արևը թույն է թքում,
Թնդանոթն է թնդում,
Մոտորը հռնդում,
Որպես ամեհի կարոտ
Պայթում է ռումբը.
բո՛ւմ,
բո՛ւմ,
բո՛ւմ,
Մետաղն է զնգում,
Շառաչող արկը վընգվընգում
Որպես շան լակոտ,
Ու հրետանին դունչը երկինք է տնկում,
Հոտոտում է երկինքը իր քթածակով...
Իսկ դրսում ռուսական ձմեռն ամեհի
Մոլեգնում է ինչպես կատաղած հովազ...
Աչքերում կոխած մանրափաթիլ ձյուն,
Ձյունախառն ավազ,
Շրթերին սառող լորձնքոտ թուքը,
Ձեռքները կարկառած դեպի երկինք.
Կարծես խնդրելով ձյուն,
Էլի՛ ու էլի՛,
Մոլեգնում է ձմեռվա բուքը
Ահռելի...
...........................
...........................
...Աշխարհը հիմա եղեռն ու ոճիր,
ոճի՜ր և ուրիշ ոչինչ...
Եվ մոլությունը չի սեպվում ոճիր...
Հապա էլ ինչո՞ւ լռել, ընկեր իմ,
դո՛ւ էլ գործիր...
Տեղա թշնամու վրա սև արճիճ՝
Ոնց անապատում տեղացող ավազ՝
Քո ապականված պատվի դրդումով,
Քո խոլ վրեժի խոլ դղրդումով
Ընդդեմ թշնամու, որը, ի՛նքըդ տես,
Սողում է դեպի քո տունը մոտիկ,
Որ պառավ ու ծեր մայրիկիդ մորթի,
Փոքրիկ աղջկադ սվինի ծայրին
Որպես խորոված կրակում այրի,
Ու ամայացած սենյակի մթնում,
Կրքից աչքերը վառվող զույգ ջահեր՝
Թաթերը պարզի դեպի քո կինը-
սիրուն ու ջահել...
Տե՛ս, հետ չմնաս, ընկեր, գրոհից,
Մահվան աչքերին չնայես ահով...
Թե թշնամու դեմ ելար գրոհի,
Հավատա, ընկեր, որ դու դրանով
Եվ քո մահվան դեմ կելնես գրոհի...
Թե հաղթես նրան, կամ ընկնես անահ,
Այդ մահվան դեմ քո ելած գրոհին
Կտա հաղթանակ...
Եթե հաղթական հետ վերադառնաս,
Քո հայրենիքը, քո մայրը բարի
Անմոռաց փառքով քեզ կզարդարի,
Իսկ եթե գրոհում ընկնես,
Ես՝ բանաստեղծը քո,
Կերգեմ քո փառքը, կերգեմ քեզ,
Քանի շնչում եմ աստղերի ներքո,
Կերգեմ... դրանով անմահ կդառնա
հիշատակը քո,
Ու քեզ երգելով, նվազ առ նվազ
Ես էլ կդառնամ հարատև գոյ,
Ես՝ պոետս նվաստ...