Sevak

ԵՐԳ ԵՐԳՈՑ

ԳԼՈՒԽ Գ

Մուծէք ինձ ի տուն գինւոյ...
Վասնզի խանդակաթ եմ սիրով...
«ԵՐԳ ԵՐԳՈՑ»
 
1.
Երուսաղեմում երբևէ չեղած աղջիկնե՛ր խարտյաշ,
         Դուստրե՜ր Հյուսիսի.
Ի՛նձ էլ սնուցեք կազդուրիչ գինով,
Քանի որ սիրուց ես նվաղում եմ
2.
Ես նվաղում եմ, իսկ կրծքիս ներքո
Կախված է նաև ծանրաքար մի բեռ՝
         Սեփական սի՜րտըս:
         Նա ծա՜նր է դարձել,
         Եվ... ծանըր այնքա՛ն,
Որ հազիվ մի ցուլ իր մեջքին տանի:
Իսկ մինչև անգամ եթե ցուլ եմ ես,
Այդ բեռը գոնե մեջքի՛ս չեմ կրում,
         Որ դյուրին լիներ.
Այդ ծանրությունը ներսումս է կախված:
Երուսաղեմում երբևէ չեղած խարտյա՛շ աղջիկներ,
Ինձ էլ սնուցեք կազդուրիչ գինով,
Քանի որ - տեսե՜ք - ճկվում եմ արդեն
Սեփական սրտիս ծանրության ներքո:
3.
Երուսաղեմում երբևէ չեղած խարտյա՛շ աղջիկներ,
         Դուստրե՜ր Հյուսիսի.
Երուսաղեմում երբևէ չեղած
Երուսաղեմի դուստրը սևահեր
         Ւ՛նձ չի պատկանում:
Նա կա և չկա՝ ինչպես երկինքը,
Իմն է - իմը չէ՝ ինչպես որ ինքը...
4.
Ողջ գիշերն ի լույս իմ մահճակալին
Փնտրում եմ նրան, չեմ գտնում սակայն:
Ողջ ցերեկն ի բուն իմ նեղ սենյակում
Կանչում եմ նրան, և ձայն չի տալիս:
         Եվ դուրս եմ գալիս,
Որ փողոցներու՛մ որոնեմ նրան:
5.
Երուսաղեմում երբևէ չեղած աղջիկնե՛ր խարտյաշ,
         Դուստրե՜ր Հյուսիսի.
Երուսաղեմում երբևէ չեղած
Երուսաղեմի դստերն եմ փնտրում,
Փնտրում եմ նրան ես փողոցներում,
Փնտրում եմ նրան նաև ձեր դեմքին,
Գտնում եմ մի մա՛ս, մի նշու՛յլ, մի շո՛ղ,
         Իսկ իրեն՝ բնա՜վ:
6.
Երուսաղեմում երբևէ չեղած խարտյա՛շ աղջիկներ.
Թե պատահաբար հանդիպեք նրան՝
Երուսաղեմի թխահեր դստեր,
         Ի՞նչ պիտի ասեք:
Երդվեցնում եմ ձեզ. ասացեք նրան,
Որ ես հիվանդ եմ կարեվեր սիրով:
7.
Ասացեք նրան, որ սիրում եմ ես
Նրա անծանոթ մորը սիրելի,
Նրա դարավոր արյունն եմ հարգում,
Ինչպես հարգում են հղիությունը:
8.
Երդվեցնում եմ ձեզ. ասացեք նրան,
Որ սերն իմ հին է ու վաղընջական՝
Իր բազմադարյան
         Հրեական արյան
Եվ նոր՝
         Նոր զարթնած իր սրտի՛ նման,-
Հին ու նոր՝
         Ինչպես առավոտն ինքը:
9.
Դուք լսո՞ւմ եք ինձ, խարտյա՛շ աղջիկներ:
Դուք գիտե՞ք արդյոք, թե ի՞նչ եմ ուզում,
Որ ասեք նրան՝ այդ սևահերին:
Երդվեցնում եմ ձեզ, ասացե՛ք նրան.
Ուզում եմ լինի նա սերն իմ վերջի՛ն,
Իսկ ես էլ՝ նրա առաջի՜ն սերը:
10.
Երուսաղեմում երբևէ չեղած աղջիկնե՛ր խարտյաշ.
Թե իմ փոխարեն դուք պատահաբար հանդիպեք նրան՝
Երուսաղեմի մրահոն դստեր,
Ասացեք, որ նա մի փակ այգի է,
Այգու մեջտեղում՝ դռնփակ հնձան,
Բուրող հնձանում՝ եռացող գինի,
Իսկ դուք, բարիներ, սնուցում եք ինձ
         Ուրի՜շ մի գինով,
Որպեսզի սիրո անհագ ծարավից
         Ես չնվաղեմ:
11.
Երդվեցնում եմ ձեզ. ասացեք նաև,
Որ եթե հանկարծ նա ինձ որոնի,
Եթե իմ դուռը նա բախի հետո,
         Եվ նույնիսկ կանչի՜,
         Ինձ ձա՛յն տա սիրով՝
         Կլսի միայն
Իր խզվող ձայնի արձագանքը թույլ.
Կյանքի և սիրո եզերքին ընկած
         Խեցին կա՛, 
         Սակայն... 
Անփոփոխ խեցու խեղճ բնակիչը 
Հափշտակված է օտար գազանից 
Եվ կամ թաղված է իր քարե բնում...
12.
Երուսաղեմում երբևէ չեղած աղջիկնե՛ր խարտյաշ.
Թե հանկարծ տեսնեք Երուսաղեմի սևակըն դստեր,
         Ավելացըրեք,
Որ առայժըմ ես ննջում եմ անուժ,
Բայց դեռ արթուն է սիրտըս նվաղուն:
         Թող նա շտապի՛,
         Թե չէ՝ կուշանա՜,
         Թե չէ՝ կլսի
         Ոչ թե իմ կանչը,
         Այլ վերջին ճի՜չը...
Lilas