Այսքանից հետո ի՞նչ կոչես Նրան.
Մեր կեռմանաշատ երթուղու վրա
Մի նշանացի՞ց,
Մի սյո՞ւն,
Կամ թե ձո՞ղ,
Ինչ-որ գրերի ինչ-որ ստեղծո՞ղ:
Ու եթե պիտի գիր ու տառ հիշվի,
Ապա Նա ինքն է այն մեծատառը,
Որով հասարակ ու պարզուկ բառը
Աճում է-հասնում խորհըրդանիշի,
Եվ... մարդը ձգվում ու դառնում է Մարդ,
Անցողիկ մարտը՝ հավերժական Մարտ,
Խեղճ տքնությունը՝ զորեղ Տքնություն,
Ինքնությունն անուժ՝ հուժկու Ինքնություն,
Պաշտողը՝ Պաշտող,
Իսկ հայը՝... Մաշտոց:
Մաշտո՜ց...
Այսինքըն՝ Ա՛յր մի, որ եկավ ապացուցելու,
Թե մի տեղ վերջը դառնում է Սկիզբ:
Այսինքըն՝ Ա՛յր մի, որ ապացուցեց,
Թե հրաշք չկա՜,
Այլ կա լոկ կարի՛ք:
Այսինքըն՝ Ա՛յր մի, որ ապացուցեց
Եվ կոչ է անում ապացուցելո՜ւ,
Որ այնտեղ է լոկ սխրանքն սկսվում,
Ուր վերջանում է ամե՜ն մի հնար...