Sevak

ԵՎ ԱՅՐ ՄԻ ՄԱՇՏՈՑ ԱՆՈՒՆ

ԺԱ

Չունեինք արդեն պետ ու պետություն,
Ծաղրանկար էր եղածը արդեն՝
Գծված ձեռքերով երկու նկարչի,
Որ ատում էին իրար ոչ պակաս,
Քան թե մենք իրենց:
 
Հետո մենք պիտի գաղութ դառնայինք՝
Գաղութի մարզպան-կառավարիչով:
Հետո մեզ պիտի դարեր շարունակ
Տանեին անվերջ անկումից անկում,
Մեր մեջքի վրա երկանք աղային
Եվ ստիպեին, որ ժպտանք նաև:
 
Հետո մենք պիտի մեր շենից զրկված՝
Քաղաք շինեինք ավերն ուրիշի:
Հետո մենք պիտի մեր հերկից զրկված՝
Հերկեինք օտար կորդ ու առապար:
Հետո մենք պիտի մեր ոտնահետքի
Դրոշմը դարձրած յուրովի դրոշ՝
Մխեինք բոլոր լայնքերի վրա
Երկիր կոչեցյալ այն կլոր գնդի,
Որտեղ պիտի որ ամեն ճանապարհ
Վերստին բերի իր տեղը նախկին,
Բայց մեզ... հայրենիք չբերե՜ց երբեք...
 
Չունեինք արդեն պետ ու պետություն.
Հայրենյաց գահը փլվածք էր տվել:
 
Եվ նա չծնվեց ինչ-որ մի մորից.
Նա այդ փլվածքից բուսնեց սխրանքով,
Որ այդ փլվածքը ողջանա նորից:
Եվ այդ փլվածքը իրոք ողջացավ:
Այն, ինչ որ անել չկարողացան
Արշակ-Վաղարշակ,
Մուշեղ ու Մուշե,
Սա՛ արեց միայն՝ անզեն ու անզորք.
Մեզանից խլված մեր պետության տեղ
Ստեղծեց մի նոր՝
Չեղյա՜լ պետություն,
Թագավորություն մի հզորազոր՝
Ո՛չ թե մեզանից խլված հողերի,
Մեր բաժան-բաժան հայրենու վրա, 
Այլ մեր անբաժա՛ն,
Մեր անկիսելի՛,
Երբե՜ք չխլվող հոգիների մեջ:
 
Եվ այնուհետև անվախճան եղավ
Թագավորական Նրա տունը մեծ,
Եվ մեր հոգևոր թագավորության
Գահին բարձրացող ամե՜ն թագավոր
Ծնվեց նո՛ւյն տնից,
Նո՛ւյն ցեղից սերեց
Եվ պատվով-փառքով-վեհությամբ կրեց
Նո՛ւյն տոհմանունը՝
                            Մեսրոպ-Մաշտոցյա՜նք...
Lilas